Վարչապետն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է

Nov 09, 2017 Comments Off on Վարչապետն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է

Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ընկերներ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի միջեւ հենց այդ սկզբունքն է գործում։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ակտիվ ծերացում են մտադրվել ապահովել երկրում՝ նկատի ունենալով ծերերի զբաղվածության, աշխատանքի հարցը։ «Ի՞նչ է նշանակում ակտիվ ծերացում, ակտիվ ծերացնում են կոնյակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում անկեծղ զարմացավ նախարար Լևոն Ալթունյանը, ում ղեկավարած կառույցում հրահանգ է իջեցվել՝ թոշակի անցած բժիշկները հաջորդ տարի կրճատվելու են: «Կոնկրետ թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք գնալու են թոշակի, բայց դա կրճատում չի համարվում: Ինչ վերաբերում է ակտիվ ծերանալուն, եթե տարեց բժիշկն աշխատում է մարզում և նա պահանջված է հասարակության ու ադմինիստրացիայի կողմից, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի կա թոշակային հասակի մասին ՀՀ օրենք, և ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կատարվի»,- ասաց Ալթունյանը: Առողջապահության նախարարի վստահեցմամբ իրենք բժիշկների թվի կրճատման խնդիր չեն դնում:

Այսօր Հայաստանում կա 600-700 բժշկի թափուր աշխատատեղ, միեւնույն ժամանակ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում: Պետք է վերադասավորումներ լինեն, այնպես ապահովվի, որ յուրաքանչյուր աշխատողի միավոր մասով 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն լինի: Մնում է հասկանալ՝ ինչ է ուզում Կարեն Կարապետյանը եւ ինչու նրա ցանկությունը միանշանակ չի ընկալվել անգամ ամենամտերիմ ընկերոջ կողմից։ Ի դեպ, բյուջեի քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ Առողջապահության ոլորտին հաջորդ տարվա բյուջեից հատկացվող գումարներն այս տարվա համեմատ կկրճատվեն մոտ 5.8 մլրդ դրամով: Ոլորտին հաջորդ տարվա բյուջեից կհատկացվի 80 մլրդ դրամ: Լևոն Ալթունյանն ասաց, որ համոզված է՝ ֆինանսների կրճատումը բացասաբար չի անդրադառնա ծառայությունների մատուցման որակի վրա:

«Բժիշկը միշտ աշխատում է՝ մաքսիմալ իրեն տրամադրելով իր գործին: Եվ եթե նույնիսկ իրեն ոչինչ չեն վճարում կամ վճարում են ավելի մեծ գումար, նա անում է այնպես, ինչպես կարողանում է՝ ոչ ավելի վատ, ոչ էլ ավելի լավ»,- ասաց նա միանշանակ ստելով։ Հայաստանում չգրված օրենք է դարձել, որ փողն է ծնում առողջությունը։ Բժիշկը հիվանդի կողմը թեքվում է բացառապես, երբ զգում է փողի հոտը։ Անշուշտ կան բացառություններ, սակայն հրատապ վիրահատության կարիք ունեցող հիվանդին մեր հիվանդանոցներում կարող են այնքան անուշադրության մատնել, քանի դեռ չեն համոզվել, որ նա վճարունակ է։ Լևոն Ալթունյանի հաշվարկներով Հայաստանի առողջապահական իդեալական բյուջեն պետք է լինի 280 մլրդ դրամ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ ողջ բնակչությանն անվճար բուժսպասարկմամբ ապահովել:

«Այսօրվա 80 մլրդ դրամը դա կոմպրոմիս է մեր հնարավորությունների ու պահանջարկի միջև: Չեմ կարող ասել, որ իմ նախորդները շռայլում էին»,- ասաց նա: Նա տեղեկացրեց նաեւ, որ Շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա, այդ մասին ինքն ուղղակի իր տեսակետն է հայտնել: «Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչև ինստիտուտի ավարտն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այսօրվա հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ հարցն արդիական է, կան անդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի քիչ էլ չարաշահման հետևանք են: Ալթունյանն ասաց, որ առաջիկա կես կամ մեկ տարում նման փոփոխություն չի նախատեսվում:Մինչդեռ ճիշտ հակառակը, Ալթունյանը վճռական էր տրամադրված այս ծառայությունը վճարովի դարձնել, սակայն հանդիպել է ոլորտի մասնագետների դիմադրությանը, որոնք բացատրել են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ինչն էլ ստիպել է հետողորմեա անել, քանզի առանց դրա էլ Ալթունյանի նորարարությունները պատուհաս են դարձել ոլորտի զարգացման վրա եւ ինչ-որ պահի ակտիվորեն քննարկում էին նրա հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: