Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ. թուրք մտավորական

Nov 06, 2017 Comments Off on Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ. թուրք մտավորական

Թուրքիայում հայտնի այլախոհ մտավորականներից Ռակըփ Զարաքօլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, գրում է Արցախպրեսը:

Ուշադրություն հրավիրելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի գործողություններին՝ Զարաքօլուն շեշտել է, որ այս արարքները 1915-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն են, և ավելացրել է, թե բոլորը պետք է նախ առերեսվեն իրենց պատմության հետ՝ նոր ցեղասպանություններ կանխելու համար:

Զարաքօլուն ընդգծել է Թուրքիա պետության և Թուրքիայի հասարակության համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ:

Միաժամանակ մտավորականը հպարտությամբ նշել է, որ թեև իրենք ծանր գին են վճարում ճշմարտությունը բարձրաձայնելու համար, սակայն այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է մտավորական շրջանակների ներկայացուցիչ լինելու յուրօրինակ չափանիշ:

Զարաքօլուն գրել է. «Ցեղասպանության ժխտումը իրականում նշանակում է ասել՝ «Այո՛, արել ենք, և եթե պետք լինի՝ նորի՛ց կանենք»: Նա ցավ է հայտնել, որ հայերը այսօր հասել են այնպիսի վիճակի, որ «ամբողջ Թուրքիայի տարածքում իրենց ազգային ինքնությամբ կարող են ապրել միա՛յն Պոլսում, և այն էլ՝ միշտ վախով»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: