«Եվրանեսթ»-ի ևս մեկ զեկույցում հաշվի են առնվել Արցախի ժողովրդի իրավունքները. Աշոտյան

Nov 05, 2017 Comments Off on «Եվրանեսթ»-ի ևս մեկ զեկույցում հաշվի են առնվել Արցախի ժողովրդի իրավունքները. Աշոտյան

«Արևելյան գործընկերության» «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախօրեին ընդունվել է էներգետիկ ոլորտին վերաբերող զեկույցը, որտեղ հաշվի են առնված Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես գրել է.

«Շարունակում եմ ծանոթացնել ձեզ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի արդյունքներին:
Նիստին ընդունվեց նաև էներգետիկ ոլորտին վերաբերող զեկույցը «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» (Enhancing energy cooperation within the Eastern Partnership, towards the implementation of 2015 Paris Climate Change Agreement’) վերնագրով:

Զեկույցի հոդված 15-ում տեղ է գտել հետևյալ պարբերությունը.

15….ընդգծում ենք, որ հակամարտության գոտիները պետք է պատշաճ ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում, անկախ քաղաքական իրավիճակից, որպեսզի մարդկանց բնապահպանական կարիքները ամբողջովին երաշխավորված լինեն: Ընդգծում ենք, որ ոլորտային քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ներառական լինի:

Փաստացի առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման, ոլորտային միջազգայնացման և ներառման կոչ է արվում: Հիշեցնենք, որ սա կրթության ոլորտից հետո երկրորդ ոլորտն է, որտեղ ի հեճուկս Ադրբեջանի կողմից Արցախի միջազգային մեկուսացման ջանքերի, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման հիման վրա նման մոտեցում է ցուցաբերվում: Կարծում եմ, սա արդյունավետ ուղղություն է Արցախի հետևողական միջազգայնացումը այս և այլ ոլորտներում ապահովելու համար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: