Ժիրայր Սեֆիլյանը՝ Ազգային դիմադրության ճակատի ու ընդվզման տարբերակների մասին. ԳԱԼԱ

Nov 05, 2017 Comments Off on Ժիրայր Սեֆիլյանը՝ Ազգային դիմադրության ճակատի ու ընդվզման տարբերակների մասին. ԳԱԼԱ

Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին, որը ներկայացնում ենք ստորև

Մաս 1. Ազգային դիմադրության ճակատ, ընդվզում, Սասնա Ծռերի գործողություն

Պարոն Սեֆիլյան, Դուք հասցեական դիմում էիք հղել հասարակական և քաղաքական գործիչներին, որով կոչ էիք անում «Վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ»։ Այս դիմումից հետո արձագանքները տարբեր էին։ Շատերը քննադատեցին Ձեր ցուցակը։ Ի՞նչ սկզբունքով էին ընտրվել ցուցակում նշված անձինք։

-Որքան էլ անձինք կարևոր են, հիմնականը և գլխավորը նպատակն է։ Իսկ նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։ Քանի որ մեր երկիրը գաղութացված է և պետությունը դարձել է պետականությանը և հայրենաբնակ հայության գոյությանը սպառնացող մեքենա։

Ապագաղութացման այս նպատակին հասնելու համար նախ հարկավոր է կազմակերպված ուժ ստեղծել և այն գործադրել հանուն նշված նպատակի։ Դրա համար պետք է համախմբել ժողովրդին և սկսել համազգային դիմադրության՝ ազգային-ազատագրական պայքար։ Ներկայիս իրականության պայմաններում ժողովրդին ոտքի հանելու և նրա մոբիլիզացիան ապահովելու լիցք, շարժիչ ուժ և միջոց կարող է դառնալ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը։ Այնուհետև, երբ դիմադրությունը թափ կհավաքի, գլխավոր խնդիրը պետք է դառնա գաղութային վարչակազմին և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանին հեռացնելը, ինչից հետո արդեն հարկ կլինի ստեղծել Ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։ Ճակատը պետք է դառնա նշված գործի կազմակերպական կառույցը։ Ճակատը պետք է ձևավորի ու ներկայացնի նկարագրված ազգային օրակարգով այլընտրանքը և դրա վրա հիմնված քաղաքական բևեռը։ Մինչ օրս ժողովուրդը, որպես կանոն, անմասն է քաղաքական կյանքից կամ էլ «ընտրություն» կոչվող միջոցառումների ժամանակ ներգրավվում է գաղութային համակարգի հակաազգային օրակարգը սպասարկելու և այն վերարտադրելու նպատակով։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Սասնա Ծռերի և քաղբանտարկյալների ազատության և գաղութային վարչակազմին ու Սերժ Սարգսյանին հեռացնելու խնդիրները կարող են լուծվել ինչպես հաջորդաբար, այնպես էլ զուգահեռաբար։ Պարտադիր չէ, որ Սասնա Ծռերն ու քաղբանտարկյալներն ազատության մեջ լինեն, նոր միայն ձեռնամուխ լինենք երկրորդ խնդրի լուծմանը։

Սակայն Ժողովրդի վստահության կառավարությունը կարող է գործել միայն գաղութային վարչակազմին հեռացնելուց հետո։ Միևնույն ժամանակ՝ այն կարող է ստեղծվել և գործառել նախապես՝ ստվերային, զուգահեռ-այլընտրանքային սկզբունքով։ Տարբերակները շատ են։ Իրավիճակը կհուշի, իսկ քաղաքական ստեղծագործականությունը կծնի համապատասխան լուծումներ։

Այս նախաբանը և դրա դիտանկյունից երևույթին վերաբերվելու մոտեցումը գերակա և առաջնային եմ համարում ցուցակի և անձանց մասին խոսելիս։ Նաև այն, որ վիճակի օրհասականության զգացողությունը ստիպում է մեզ միավորվելու, համախմբվելու և որոնելու արդյունավետ միջոցներ։

Ինչ վերաբերում է ցուցակին, ապա նախ ուզում եմ հիշեցնել, որ դիմումի մեջ առաջարկել եմ այն ինքնաառաջադրմամբ և/կամ երաշխավորությամբ համալրելու մեխանիզմ։ Դա նշանակում է, որ իմ կազմած ցուցակով ցանկացել եմ մեկնարկ տալ գործին, սակայն համալրումն արդեն պատկերացնում եմ հանրային լայն մասնակցությամբ։

Ցուցակում նշված անձինք ընտրվել են բազմաթիվ հանգամանքների հաշվառմամբ։ Բնականաբար, առաջնային է եղել այն հանգամանքը, որ նրանք հանրությանը հայտնի, ազատախոս, ինքնուրույն կարծիք ունեցող ու այն բարձրաձայնող մարդիկ են, ովքեր իրենց պատկերացրած ձևերով ու մեթոդներով պայքարել ու պայքարում են հանուն արդար և ինքնիշխան Հայաստանի։ Իմ համոզմամբ, նրանց միավորող ընդհանրությունն այն է, որ նրանք խորապես ցավում են ստեղծված վիճակի համար և հոգու խորքում ունեն դրանից դուրս գալու իղձ ու ցանկություն։

Ձեր ցուցակում ընդգրկվածներից շատերն արդեն հայտնել են իրենցվերաբերմունքը. ոմանք հրաժարվել ենոմանք պատրաստ ենքննարկումներիոմանք էլ վերապահումներ ունեն ցուցակի կազմիվերաբերյալ։ Դուք արդյոք վերանայե՞լ եք ցուցակը։

-Նորից պետք է կրկնեմ, որ անձինք կարևոր են, սակայն ավելի կարևոր են դիմումում նշված նպատակն ու գաղափարները, ուստի շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ, որ քննադատությունն ուղղված լիներ դրանց, ապա նոր՝ ցուցակին։

Ուրախ եմ, որ ցուցակում նշված անձանց մեծամասնությունը, անակնկալի գալով հանդերձ, չզարմացավ իմ արարքից՝ ճանաչելով ինձ կամ հասկանալով, որ բանտից ևս հնարավոր է շարունակել պայքարը։

Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունը և շնորհակալությունն եմ հայտնում դրականորեն արձագանքողներին։ Իսկ բոլոր արժանավոր, հատկապես երիտասարդ գործիչները, որ չեն նշվել ցուցակում, թող ներողամիտ լինեն և իրենց նախաձեռնությամբ համալրեն այն։

Հարկավ, շատ ավելի լավ կլիներ, եթե ցուցակում ընդգրկվածներից որևէ մեկը չհրաժարվեր դիմումում նշված նպատակի ու գաղափարների քննարկմանն առնվազն մասնակցելուց։

Անձամբ ես քննարկումը հենց մեկնարկի պահից պատկերացնում էի բաց ու հրապարակային՝ ուղիղ եթերով, ինչպես առաջարկում էին Արմինե Առաքելյանը և Լևոն Բարսեղյանը, որոնց բոլոր փաստարկումներին համամիտ եմ։

Ի սկզբանե հասկանալի էր, որ կլինեն գործիչներ, ովքեր պետք է հրաժարվեին իմ առաջարկած ծանր բեռի տակ մտնելուց՝ հարգելի և օբյեկտիվ պատճառներով, ինչին հարկավոր է հարգանքով և ըմբռնումով վերաբերվել, մանավանդ, եթե տվյալ անձնավորությունը մինչ օրս գործել է ոչ թե քաղաքական, այլ հասարակական կամ քաղաքացիական ասպարեզում։ Սակայն բոլորովին անհասկանալի է, երբ մերժողն իր քաղաքական ընդդիմադիր ակտիվությամբ հայտնի գործիչ է, ինչպիսին, օրինակ, Զարուհի Փոստանջյանն է։

Դառնալով ցուցակին՝ հարկ եմ համարում ասել, որ այսուհետև ձեռնպահ կմնամ դրա վերաբերյալ առաջարկություն ներկայացնելուց։ Անձանց մասով իմ առաքելությունն ավարտված եմ համարում։ Ցուցակում առաջարկված անձանց մեծ մասը ոչ միայն դրական է արձագանքել, այլև հանդիպումների ու քննարկումների որոշակի մեխանիզմ է ձևավորել՝ խնդիր ունենալով ձևավորել Ճակատը և նախաձեռնել ազգային դիմադրության նպատակով ժողովրդին համախմբելու ու ազատագրական պայքարը մեկնարկելու գործը։ Ուստի ցուցակի հետագա համալրումը կամ վերանայումը բացառապես նրանց որոշելիքն է։ Նրանք այլևս աշխատանքային վիճակում են և անհարկի միջամտությունը միայն կխանգարի նրանց։

Իսկ ովքեր անձնական կամ այլ երկրորդական շարժառիթներով են հրաժարվում համախմբվել և ճակատ կազմել, կամ չեն պատկերացնում, որ աղետի շեմին ենք և բացառապես միասնաբար կարող ենք դուրս գալ այս վիճակից, կամ էլ պարզապես չեն կարողանում հաղթահարել եսակենտրոնությունը։ Հնարավոր է նաև՝ երկուսը միասին։

Հայտնի էոր Դուք մեր երկրում իրավիճակի փոփոխությունըտեսնում եք ոչ թե ընտրություններիայլ ընդվզման ճանապարհով։Բայց արդյոք Հայաստանում այս փորձը ձախողված չէ արդեն։Որքանո՞վ է այս մեթոդը գործուներբ իշխանությունը շատարհեստավարժորեն գտնում և մեկուսացնում է նման փորձերիկազմակերպիչներին։ Ի դեպմինչ օրս առիթ չեք ունեցել Ձեր կարծիքըհայտնելու Սասնա Ծռերի գործողության վերաբերյալ։

-Առհասարակ՝ Հայաստանի թե որևէ այլ երկրի պարագայում, եթե հնարավոր չէ փոփոխության հասնել ընդվզման միջոցով, ապա ընտրությունների միջոցով փոփոխություն կատարելու մասին ընդհանրապես իմաստ չունի մտածել։ Եթե համեմատենք, թե որ տարբերակն է ձախողվել, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ ձախողվել է վարչակազմի վերարտադրության մեխանիզմի վերածված «ընտրության» տարբերակը։ Մինչդեռ համաժողովրդական ընդվզում դեռևս չի եղել։ Ընդվզումը, ի տարբերություն «ընտրության», ուղիղ ժողովրդավարության ձև է, դրա պարագայում անմիջականորեն որոշող սուբյեկտն ապստամբ ժողովուրդն է, որին միայն Աստված կարող է հաղթել։

Այսօր արդեն ոչ միայն մենք, այլև մեր ժողովրդի մեծամասնությունը գիտակցում է այս իրողությունը։

Ընդվզման փորձի որևէ ձախողում չի կարող դառնալ պայքարը դադարեցնելու պատճառ։ Ընդհակառակը՝ պետք է դասեր քաղել և անցնել առաջ։ Հուսահատվել չի կարելի, պետք է ընդգծված լավատես լինել։

Ամեն ժամանակ ունի պայքարի համապատասխան մեթոդ և մարտավարություն։ Պայքարը կազմակերպող խումբը պարտավոր է նկատի ունենալ նախորդ փորձն ու սխալները և որդեգրել տվյալ ժամանակին համահունչ մեթոդ և մարտավարություն։

Իսկ ընդվզումը ոչ արդյունավետ համարելու մտայնության տարածումը վարչակազմի քարոզչության գլխավոր նպատակն է։ Չկա բռնապետություն, որ չխորտակվի ժողովրդի ուժից։

Սասնա Ծռերի ապստամբության փորձը կոնկրետ մեր երկրում, մեր իրականության պայմաններում առաջիկա համաժողովրդական ապստամբության նախակարապետն էր։ Բոլորի համար ակնհայտ է, որ երկու-երեք անգամ մեծ մասշտաբի դեպքում հաղթանակ էր լինելու։

Ժողովուրդն արդեն ազատվել է կարծրատիպերից և պատրաստ է ապստամբության։ Հարկավոր է կազմակերպել նրան և վերջ։ Բռնություն գործադրելու, բանտարկելու իշխանության ռեսուրսը մեծ չէ և հետզհետե նվազում է։ Հատկապես՝ ապակենտրոն, ցանցային պայքարի պարագայում։

Դառնալով Սասնա Ծռերի գործողությանը՝ պետք է նկատի առնել, որ այն համակողմանի դրական ազդեցություն ունեցավ մեր ներկայի և, ամենակարևորը, ապագայի համար։

Մասնավորապես, կուզեի ընդգծել, թե այն ինչպիսի հոգեբանական, քաղաքական և գործնական նշանակություն ունեցավ։

Հոգեբանական

-Ժողովրդին նոր հույս և ոգեղենություն ներշնչեց։

-Պայքարի նոր շունչ տվեց:

-Հերթական անգամ ցույց տվեց, որ հայն արի է, ոչ ստրուկ։

-Խորացրեց վրեժխնդրությունը վարչախմբի նկատմամբ, քանի որ առավել խորությամբ ու առարկայորեն բացահայտեց նրա հակահայ և հակամարդ էությունը։ Իսկ դա պայքարի շարժառիթներից ու էներգիայի աղբյուրներից մեկն է։

-Ցնցեց արտերկրի հայությանը՝ հօգուտ ճշմարիտ իրականության։ Հայությունը տեսավ ու հասկացավ, որ Հայաստանը լինել-չլինելու սպառնալիքի առաջ է կանգնած։

Քաղաքական

-Նոր թափ տվեց ինքնիշխան Հայաստանի գաղափարին և մեկնարկեց պայքարի նոր փուլ, իսկական անկախ Հայաստան ստեղծելու փուլ՝ հստակ ձևակերպելով ու ցույց տալով դրա բովանդակությունը՝ ապագաղութացում։

-Մեր երկրի ներսում իրապես քաղաքականացրեց ժողովրդին, խթանեց և արագացրեց քաղաքական գործընթացները՝ դրանք համահունչ և համապատասխան դարձնելով տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին։

-Դրական ազդեցություն ունեցավ արտաքին աշխարհում։ Միջազգային հանրությունը տեսավ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կենդանության նշաններ են ցույց տալիս, ապրելու, սուբյեկտ դառնալու ձգտում ունեն։ Աշխարհը տեսավ հայ մարդկանց արիությունը և հարգանքով լցվեց հայության հանդեպ։ Իսկ մեր թշնամիները, ընդհակառակը, վախով։

Գործնական

-Ապացուցեց, որ այս իշխանությունների դեմ խաղ կա։

-Ժողովուրդը ներքուստ որոշում կայացրեց և հակվեց ընդվզման մեթոդին՝ որպես միակ արդյունավետ մեթոդ։

-Վիժեցրեց տարածքների հանձնումը և մեկընդմիշտ ամրագրեց «Ոչ մի թիզ հող»-ը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: