Ձեր առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու. Տարոն Մարգարյանը

Nov 04, 2017 Comments Off on Ձեր առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու. Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետի ուղերձում ասվում է. 

«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու:

Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները, այնպես էլ ծնողազուրկները, բազմազավակ ընտանիքներն ու հայրենիք վերադարձած սիրիահայերը։

Ձեր ոչ դյուրին աշխատանքում հաճախ հաղթահարում եք նաև բազմաթիվ դժվարություններ, որ կարողանաք լիարժեք օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ում իսկապես կարևոր և անհրաժեշտ է մասնագիտական ձեր աջակցությունը: Եվ վստահ եմ, որ դուք նույն նվիրումով և պատրաստակամությամբ, բարեխիղճ և հոգատար աշխատանքով շարունակելու եք իրականացնել ձեր պատվաբեր առաքելությունը, ինչը, համոզվա՛ծ եղեք, որ միշտ բարձր է գնահատվելու բոլորիս կողմից:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: