Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (տեսանյութ)

Nov 04, 2017 Comments Off on Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (տեսանյութ)

«CNN Greece»-ն Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։ Այն հայերեն թարգմանությամբ ներկայացնում է aysor.am կայքը։

«Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», – այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:

 

 

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմն առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։

«1991թ-ին՝ Արեգայի ծնվելու ժամանակ, Լեռնային Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանին, որի կազմի մեջ այն ընդգրկվել էր քաղաքական նպատակներով Ստալինի կողմից 1923թ-ին՝ իբրև ինքնավար մարզ: Արեգայի ծնողները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կազմող հայերի գերակշիռ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ղարաբաղի անկախության օգտին: Մարզում փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեի արդյունքները: Ռազմական գործողություններն ընդդեմ ադրբեջանցիների սկսվեցին 1988թ-ին և վերածվեցին Երևանի ու Բաքվի միջև լայնամասշտաբ պատերազմի: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները տեղահան եղան: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցավի ու տառապանքի մասին պատմությունների», – պատմում է ֆիլմի հեղինակը, ապա շարունակում. – «1994թ-ին կնքված զինադադարի համաձայնության արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրան հարակից մի շարք շրջանների նկատմամբ: Մինչ այդ, հակամարտությունը մտավ անորոշ շրջափուլ և «սառեցվեց»: Սակայն 2016թ-ի ապրիլին պատերազմի քառօրյա բռնկումը ցույց տվեց, որ հակամարտությունը կրկին տաքանում է՝ դառնալով իրական սպառնալիք Հարավային Կովկասի կայունության համար»:

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք», – նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Մարիա Կարչիլակիին ներկայացնելով ռազմաճակատում տիրող դրությունը:

 

 

Մեկնելով առաջնագիծ և ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, տեսնելով Մարտակերտում ու Թալիշում քառօրյա պատերազմի թողած հետքերը` հեղինակը նշում է. «Զինվորները շատ երիտասարդ են՝ ծնված 90-ականների պատերազմից հետո մի երկրում, որն իրենք անվանում են Արցախ, որն արտահայտում է տարածաշրջանի հայկականության հիմքերը: Սովետական անվանումը, որը նշանակում է «Լեռնային սև այգի», ունի ռուսական, թուրքական և պարսկական ծագում: Այդ երիտասարդները մեծացել են մի երկրում, որն իրեն հռչակել է անկախ, սակայն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել այդ անկախությունը: Նրանք ապրում են պատերազմով, բայց առաջ են շարժվում խաղաղությամբ»:

«Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով», – մարտական հենակետում նկարահանող խմբի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Թալիշում հեղինակը հիշատակում է ադրբեջանցի զինվորականների բարբարոսությունը ծեր ամուսինների նկատմամբ, նշում, որ այդ դեպքերից հետո գյուղը լքվել է: Այցելելով ավերված դպրոց ու Խալափյանների տուն՝ Մարիա Կարչիլակին հիշատակում է հայկական լրատվամիջոցների հրապարակումները ադրբեջանցի զավթիչների վանդալիզմի մասին և անդրադարձել արցախցիների հոգեբանության ու երկրի քաղաքական իրադրության վրա ապրիլյան պատերազմի թողած հետևանքներին.

«2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ», – նշում է Արեգա Հովսեփյանը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: