Շուտով կունենանք Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ որոշում՝ ապօրինի կալանավորման հիմքով

Nov 04, 2017 Comments Off on Շուտով կունենանք Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ որոշում՝ ապօրինի կալանավորման հիմքով

Արտակ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն: Նա առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել այդ հոդվածով ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը համաձայն չէ դատավճռի հետ: Ըստ նրա, թե՛ վկաների ցուցմունքներով և թե՛ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ միջադեպի ժամանակ իր պաշտպանյալը ստացել է մարմնական վնասվածքներ, այսինքն՝ գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակում, ուստի նա պետք է մեղավոր ճանաչվեր վատագույն դեպքում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման համար, սակայն դատարանը հաշվի չի առել կողմի փաստարկները և գործի փաստական հանգամանքները:

Պաշտպանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Արտակ Հովհաննիսյանի վերաբերյալ 21.08.2017թ. դատավճիռը, նրան ճանաչել և հռչակել անմեղ և ազատ արձակել դատական նիստերի դահլիճից կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել նվազագույնից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրոուղի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը, Վերաքննիչ դատարանը խախտումով է գործը վարույթ ընդունել, Արտակ Հովհաննիսյանի խափանման միջոցի հարցին դատարանն անդրադարձել է մեկ նախադասությամբ՝ դատարանը թողնում է անփոփոխ կալանավորումը, սակայն որևէ կերպ չի հիմնավորել ու չի պատճառաբանել կալանավորումը թողնելու իր դիրքորոշումը:

Պաշտպանական կողմը դատական կարգով բողոքարկել է նաև Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանի դիմումն իր պաշտպանյալի կալանավորումը վերացնելու կամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին: Վերաքննիչ քրեական դատարանն էլ՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Ինչպես հայտնեց Արա Ղարագյոզյանը, թե՛ առաջին ատյանի դատարանը և թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը չեն հիմնավորել իրենց որոշումները: Դատարանները միայն նշել են, որ անձը կատարել է ծանր հանցագործություն և պետք է մնա կալանքի տակ, ինչն ինքնին, ըստ Արա Ղարագյոզյանի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է և չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:

Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը չի ընդունվել վարույթ, այսինքն՝ պաշտպանը սպառել է ներպետական դատական մարմինները և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, խախտման հիմքով:

«ՄԻԵԴ-ն արդեն իսկ գրանցել է իմ գանգատը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցեր ուղղել: Այսինքն՝ շուտով կունենանք Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ որոշում ապօրինի կալանավորման հիմքով»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ ընդգծելով, որ Բաբլոյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս արձանագրել է, որ Հայաստանում պրակտիկա է դարձել. միայն շաբլոնային ձևակերպումներով անձանց կալանավորում են:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: