Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային մեղադրյալի մահը չի կարող կասկածներ չհարուցել. ինչ գիտեր էդիկ Գրիգորյանը

Nov 04, 2017 Comments Off on Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային մեղադրյալի մահը չի կարող կասկածներ չհարուցել. ինչ գիտեր էդիկ Գրիգորյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ մահացավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալներից Էդիկ Գրիգորյանը: Կատարվածը տարբեր կասկածների ու ենթադրությունների տեղիք է տվել, առավել եւս, երբ դեռ 2014թ. նա ArmLur.am-ի հետ զրույցում խոստացել էր հոկտեմբերի 27-ի վերաբերյալ բացահայտումներ անել, բայց այդպես էլ նրա կողմից որեւէ հրապարկում չեղավ: Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի հանցախմբի առանցքային դերակատարներից էր, նախկին դաշնակցական: Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել Է.Գրիգորյանի ջանքերով. նա այս հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել: Բացի այդ՝ նա «հավաքագրել» էր նաեւ խմբի անդամներից Դերենիկ Բեջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթը գործի նյութերից պարզեց, որ Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը մինչեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը շատ անգամ են եղել ԱԺ-ում, որտեղ էլ կատարել են ահաբեկչությանը նախորդած նախապատրաստական աշխատանքները՝ գծագրելով դահլիճի հատակագիծը, մասնավորապես ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շարքերն ու տեղերը՝ ըստ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, դահլիճից դուրս՝ ոստիկանական պահակակետերը, թիկնապահների եւ ոստիկանների հիմնական եւ հավանական գտնվելու վայրերը: Ի դեպ, դատաքննության փուլում հանցախմբի անդամներից Հունանյանների քեռին` Վռամ Գալստյանը, մի քանի անգամ հայտարարել էր, թե 27-ի գործով կազմակերպիչներին գիտեն Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը, նույնիսկ հավելել էր. «Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի»: Ու հիմա այս գործով առանցքային մեղադրյալի մահը չի կարող կասկածներ չհարուցել:

Առավել մանրամասը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: