«Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվել է 1999թ նոյեմբերին».Էդիկ Գրիգորյանի հետ «Ա1+»–ի հարցազրույցը

Nov 04, 2017 Comments Off on «Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվել է 1999թ նոյեմբերին».Էդիկ Գրիգորյանի հետ «Ա1+»–ի հարցազրույցը

Մահացել է  «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչական խմբի անդամ Էդիկ Գրիգորյանը։

Լուրը կարդանալուն պես՝ մտովի տեղափոխվեցի 2006 թվական, երբ հնարավորություն տրվեց հանդիպել նրա հետ։

Հարցազրույցը դժվար էր.մի կողմում «Հոկտեմբերի 27-ի»–ի գործով դատապարտվածներ են , մյուս կողմում ես, որի մեջ պայքարում են օբյեկտիվ մնալ փորձող  լրագրողը եւ քաղաքացին, որի  երկրի առաջին դեմքերին գնդակահարել են նույն մարդիկ, որոնք այդ պահին հարցազրույց են տալիս։ Ինչեւէ, հարցազրույցը կայացավ, կայացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խցում, որտեղ նստած էին  «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալներ Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը:

Էդիկ Գրիգորյանը բավականին գիրացել է, թեեւ բեղերը մնացել են, բայց արտաքինով տարբերվում է այն մեղադրյալից, որը դատարանում սպասում էր իր վճռին: Նա եւ իր խցակիցները իրենց մեղավոր չեն համարում սպանությունների համար, որոնք գրեթե կատարվել են ուղիղ եթերում: Ըստ դատապարտյալի՝ սպանությունները պլանավորված չէին, թեեւ իր բացատրությունը կցկտուր էր:

Հիմնական  խոսողը Էդիկ Գրիգորյանն էր, որի հետ այդ հարցազրույցից որոշ կտորներ այսօր առանձնացրել ենք.

– Այն, ինչ որ տեղի ունեցավ՝ սպանությունները, մենք տեղյակ չէինք, փաստի առաջ կանգնեցինք:

– Իսկ ի՞նչ էր պլանավորված:

– Այն, ինչ պլանավորված էր, փաստաթղթի վրա էր, որը Նաիրիենց տանից էր առգրավվել, եւ չգիտեմ իրենք անուշադրությամբ , թե դիտավորյալ, դա կցել էին քրեական գործին: Իսկ Նաիրիենց տանից առգրավված մոտ կես տոննա փաստաթղթերը այդպես էլ ոչ մի տեղ չերեւացին, որովհետեւ դա պայթեցնում էր այն փուչիկը, որ կոչվում է մեղադրանք: Եթե այդ բոլոր փաստաթղթերը, այդ բոլոր փաստերը հաշվի առնվեին, այն մեղադրանքը, որ իրենք ուզում էին նկարել, չէին կարող: Այդ կցված փաստաթուղթում պլանավորված էր, ինչ պետք է լիներ այդ օրը եւ մտավ քրեական գործ: Դատախազը, իրենց ոճից դուրս չգալով, ասաց՝ դուք դիտավորյալ եք գրել, թողել տանը, որ մենք գտնենք եւ այդ Ձեզ համար ալիբի լինի:

– Ազգային Ժողովում ի՞նչ էիք անելու:

-Ազգային Ժողովը միակ տեղն էր, որտեղ կարելի էր ամբողջ հասարակության ուշադրությունը մի ժամում կենտրոնացնել մի տեղ:

– Ինչո՞ւ փոխվեցին պլանները:

-Ես չեմ կարող ասել. էն ինչ կատարվել է իրականում, ես իմացել եմ դատարանում: Կարենը ուղղակի կառավարումը կորցրել էր, եւ էդ բոլորից հետո հետեւեց աֆեկտը: Ես նկարահանումը նայելով եմ այդ ասում, որովհետեւ այդ պահին մենք այնտեղ չենք եղել: Ես այդ մարդուն՝ Կարենին, ճանաչում եմ: Երբ նայում եմ՝ ինքը ինչ է անում, ինքը իմ համար անճանաչելի է: Երբ որ մենք եկել ենք դահլիճ, անկառավարելիությունը շարունակվում էր, եւ Նաիրին ամենաառաջինը դուրս եկավ այս վիճակից: Վռամը դուրս չեկավ եւ հետո ինքնասպանություն գործեց, Կարենը մինչեւ այսօր դուրս չի եկել եւ նրա հոգեկան վիճակը շատ ծանր է այսօր:

– Դուք կապ ունե՞ք նրա հետ:

-Մենք կապ չունենք, բայց մենք Կարմիր խաչով ենք նրա մասին հետաքրքրվում: Մեր հարազատներն են ասում, որ Կարենը լավ չի՝ իր արածի հետեւանքով: Ինքը էդ մարդը չի, որ տանի: Ոնց որ ես հիմա մի տոննա բեռ դնեմ ուսիս եւ վազեմ ու վիճակից դուրս չգամ:

– Կարենը, ձեր տվյալներով, հիվա՞նդ է:

-Նա շատ ծանր հոգեկան հիվանդությամբ է տառապում: Բայց ում հոգն է: Երկու հատ թուղթ կլրացնեն՝ կամ կասեն ինքնասպան եղավ, կամ մեռավ:

– Կարծում եք, որ Կարենը ինքնասպան կլինի՞:

Չեմ կարող ասել, կարող է ինքնասպանության վրա ֆիքսվի, կարող է` ոչ:

– Դուք չե՞ք զղջում Ձեր արածի համար:

– Իհարկե, վատ է, որ մենք մեր ընտանիքներից հեռու ենք, բայց մի բան մխիթարում է մեզ, այդքանը մենք կարողանում ենք վերլուծել, այսինքն մեզ պահում է այն միտքը, որ մենք հենց այնպես չենք այստեղ, շատ կարեւոր գործով ենք այստեղ:

– Դուք ճի՞շտ եք համարում Ձեր արածը:

– Ճիշտ էր, առանց այդ անցանկալի ողբերգական մանրամասնությունների, իհարկե ճիշտ էր:

– Անցանկալին ո՞րն էր:

– Անցանկալին այն էր, որ սպանվեցին մարդիկ, որոնք իրենց ընտանիքների համար թանկ էին:

– Իսկ երկրի՞ համար:

– Ոչ, երկրի համար վնասակար մարդիկ էին, իհարկե, ոչ բոլորը, օրինակ՝ վիրավորները: Մեր համար զուտ մարդկային տեսակետից անցակալի հետեւանք է, ինչպես լավ դեղը ունենում է անցանկալի հետեւանքներ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ահաբեկչությունն առանց զոհերի:

– Դա ահաբեկչություն չէ. դա մոդայիկ բառ է, որ հիմա ամեն ինչ այդպես են անվանում: Ամուսինը կնոջ ապտակ է տալիս, համարում են ահաբեկչություն: Դա ահաբեկչություն չէր, ազգային ազատագրական շարժումը չի կարա ահաբեկչություն կոչվել:

– Հասարակությանը ինչպե՞ս եք համոզելու, որ 27-ի ահաբեկչությունն ինքնանպատակ չէ՞ր: Հասարակությունը, կարծում եք, Ձեր կո՞ղմն էր…

– Վստահ եմ, այն ժամանակ էլ մեր կողմն էր, հիմա էլ:

– Դուք աջակիցներ չե՞ք ունեցել:

– Ամենաառաջինը, որը հասկացավ, որ 5 հոգուց բացի, որը հետագայում դարձավ յոթ, ուրիշ մարդ չկա, դա դատախազությունն էր, հենց Գագիկ Ջհանգիրյանը: Հենց ինքը դա հասկացավ, սկսեց խաղալ իր առանձին խաղը, այսինքն` փորձեց ժամանակ շահել, ինչ-որ հայտարարություններ անել, թե շուտով բացահայտումներ կանեմ, մինչեւ էսօր էլ երեւի ասում է, որ հենց դառնամ սովորական քաղաքացի, կասեմ: Ես ձեզ հավատացնում եմ, որ եթե ինքը ունենար ասելու բան եւ դա իր շանսն էր երկրում իշխանությունը վերցնելու, ինքը եւ ոչ թե մեկ ուրիշը, ինքը դա կաներ:

– Կազմակերպիչներ չե՞ն եղել:

– Կազմակերպիչներ եղել են, դա Նաիրի Հունանյանն էր:

– Միա՞յն…

– Այո, գիտե՞ք ինչ կա, երբ որ ինչ-որ բան է պատահում, եւ մեկն ասում է, էս ինչ բանն արել եմ, անպայման ուզում են ման գան` ով իրեն կազմակերպեց: Գիտեք ինչի՞ց է… Որովհետեւ մեր քաղաքական դաշտում մեծ ու փոքր գործիչների հետեւում, իրոք, կանգնած են կազմակերպիչներ: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ հոկտեմբերի 27-ին կատարված դեպքը բացահայտվեց 1999թ նոյեմբերին: Դեպքից մի ամիս հետո ամեն ինչ պարզ է եղել բոլորի համար, այսինքն` նրանց համար, ովքեր անմիջականորեն շփվել են քրեական գործի հետ:

– Նաիրին այդքան ուժե՞ղ էր ինքնուրույն կազմակերպելու, իրագործելու համար:

– Ի՞նչ կա այդտեղ ուժեղի: ԱԺ-ը պաշտպանված չի եղել, մենք այդ ապացուցեցինք: Քրեական գործում կան այդ բոլոր նյութերը, որ մենք փորձի համար մտել ենք, ոչ ոք չի հարցրել՝ ո՞ւր: Ես գնացել եմ ԱԺ՝ առանց գործ ունենալու, մտել եմ առանց անձնագրի, չեմ հիշում կամ որսորդական գրքույկով, կամ զիվորական գրքույկով:

– Այդ դեպքում խցում, ձեր կողքին չպետք է լինեին նրանք, ովքեր պատասխանատու էին կանխել, որ չլիներ հոկտեմբերի 27-ը:

– Նախ իմանանք ի՞նչ կար հոկտեմբերի 27-ում:

– Սպանությունները…

– Պետք է քննություն տարվի՝ երկրի առաջին դեմքին խանդի հողի վրա չեն սպանել: Ես նորից եմ ասում, եթե հիմք ընդունենք մեղադրանքը, ուրեմն ես առավոտ վեր եմ կացել, որոշել եմ գնալ սպանել, գնացել սպանել եմ, ոնց որ իրենք են ասում: Ուրեմն ինչի՞ համար: Եթե անձամբ չես ճանաչում այդ մարդուն, մոտիկից ոչ մի անգամ չես տեսել:

– Դուք ատո՞ւմ էիք Վազգեն Սարգսյանին:

-Վազգեն Սարգսյանին վերաբերվում եմ նույն կերպ, որպես, իմ կարծիքով, մի մարդու, որը շատ հնարավորություններ ուներ երկրի վիճակը լավացնելու համար եւ հակառակ ուղղությամբ էր օգտագործում: Ես Վազգեն Սարգսյանին չեմ ճանաչել, որ ատեմ կամ չատեմ, եւ երկրորդն էլ՝ ես ուրիշ օբյեկտներ ունեմ ատելու կամ չատելու:

– Համարում եք, որ ի՞նչ որ մեկի ջրաղացին ջուր եք լցրել:

– Այո:

– Ո՞ւմ օրինակ…Ո՞ր ուժերի …

– Օինակ… ի՞նչ էր լինելու եթե Ղարաբաղի հարցը լուծվեր, ոնց որ ես ասացի Մեղրիի հաշվին: Ռոբերտ Քոչարյանն էր վերջի վերջո տանում բանակցությունները: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը որպես դավաճաններ վերցնում, հեռանում են Հայաստանից, Կարենը Դեմիրճյանը 67 տարեկան է՝ գնում է թոշակի, Հայաստանում մնում է միապետ Վազգեն Սարգսյանը:

– Իսկ հիմա՞, ավելի կոնկրե՞տ…

– Եթե կոնկրետ մարդ նկատի ունեք: Հիմա ոչ ոքի:

– Մեղքի զգացողություն չունե՞ք, օրինակ, որ թույլ եք տվել հասարակությանը կասկածել որոշ մարդկանց, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին ձեզ աջակցելու մեջ:

– Մենք ծանոթ ենք, եւ գիտենք՝ ինչի համար են այդ կարծիքները, դրանք միայն իշխանության համար պայքարի նպատակով են: Ի՞նչ կապ ունի հոկտեմբերի 27-ը, եթե օրինակ` անհիմն դատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրում է Ռոբերտ Քոչայանին ուրիշների միջոցով: Ռոբերտ Քոչարյանը ոչ թե կապ չունի, այլ եթե ուզենար էլ շատ, չէր կարող կապ ունենալ եւ ոչ էլ նրա շրջապատից որեւէ մեկը:

– Դուք չե՞ք զղջում/ կրկնում եմ հարցը/

– Եթե մարդիկ շատ ավելի ողբերգական գործողություններ են կատարել, շատ ավելի մարդկանց են սպանել, սպանել տվել, հետո շատ հանգիստ ոչ միայն ապրել են, երկրի կառավարմանը մասնակցել են, ինչո՞ւ նրանք կարող են ապրել, իսկ մենք ոչ:

– Հույս ունե՞ք, որ վաղաժամկետ կազատվեք:

– Չենք մտածում, չենք էլ խոսում, որովհետեւ վաղաժամկետ ազատումը դա իրավական ակտ է: Թող սկզբից մեզ իրավական ակտով դատեն, հետո իրավակական ակտով ազատեն, մեզ քաղաքական որոշումով դատել են, քաղաքական որոշումով էլ ազատելու են:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կարինե Ասատրյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: