Ոստիկանությանը կդիմակազերծեն

Nov 05, 2017 Comments Off on Ոստիկանությանը կդիմակազերծեն

Նոր Սահմանադրությունը բացառում է կառավարությանն առընթեր մարմինները, որպիսին է նաեւ ՀՀ Ոստիկանությունը: Կառավարման խորհրդարանական համակարգի լիազորությունների լիակատար ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2018-ի ապրլից հետո կառուցվածքային փոփոխություններով ներկա համակարգը պետք է համապատասխանեցվի մայր օրենքի պահանջներին: Կայն տեղեկություններ, որ Ոստիկանությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բացահայտել է ոստիկանության այլ նախասիրության մասին, այն է՝ վերակազմավերվել որպես վարչապետին ենթական մարմին:

Իսկ սա ենթադրում է, որ ոստիկանությունը նոր կարգավիճակում հաշվետու չի լինելու հանրությանը, Ազգային ժողովին, ինչը թերեւս ծաղր է խորհրդարանական կառավարման համակարգում: Քանի որ նման խոշոր եւ հանրության անվտանգությանն առնչվող կառույցը նախեւառաջ պետք է հաշվետու լինի շահառուներին, ապա նոր վարչապետին, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի:

Վարդան Եղիազարյանը զեկույցում հպանցիկ նշեց, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ է ստանալու, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզաբանում պահանջեց. «Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում: Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա հետաքրքրվելով. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։

Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից:«Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա:

Նշենք, որ Սահմանադրության «Պետական կառավարման համակարգի մարմինները» հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով: Պարզ ասած՝ ինչ օրենք ուզենան, այն էլ կգրեն ոստիկանության համար: Ավելին, Կառավարությունը ամիսներ առաջ նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջև»: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին:

Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, հիշեցնենք, որ պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուց-վածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Փոխարենը ոստիկանությունը մասնակցություն կունենա զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս: Ոստիկանության գերագույն առաքելությունը ըստ համընդհանուր հռչակագրերի չէ՞ որ հասարակական կարգի պահպանումն ու օրինականության հաստատումն է, իսկ ինչու պետք է հաշվետու լինել ոչ թե հասարակության առջեւ, այլ միայն վարչապետի:

Իհարկե, Հայաստանում վաղուց այդ կառույցը վերածվել է իշխանական գործիքի, որն իր գործուն մասնակցությունն է ունեցել իշխանությունների վերարտադրությանն ու ընդդիմադիրներին ճնշելու գործընթացին, հետեւաբար նոր իշխանությունում հավանաբար որոշել են դիմակազերծել ոստիկանությանը եւ այն փաստացի դարձնել իշխանության ենթակա մարմին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: