Սերժ Սարգսյանը մեզ ասաց՝ դիմում եմ ձեզ, «հոպարնե՛ր». ես այդ հոպարներից մեկն եմ

Nov 05, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը մեզ ասաց՝ դիմում եմ ձեզ, «հոպարնե՛ր». ես այդ հոպարներից մեկն եմ

Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վայոց ձորի մարզում ընտրապայքարը բավականին թեժ է լինելու:
Այստեղ 24 համայնքների միավորումից 3 խոշորացված համայնքներ կամ, ինչպես ընդունված է ասել, փնջեր են ստեղծվում: Վայոց ձորի ամենամեծ խոշորացված համայանքը Եղեգիսն է, որտեղ միավորվել են 12 համայնքներ: Ձևավորվող փնջում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 5043 է, բնակչության թիվը՝ 6531:

Այստեղ առաջադրվել է 4 թեկնածու, որոնք բոլորն էլ գործող կամ նախկին գյուղապետեր են: Երկու թեկնածուներ առաջադրվել են Շատինից՝ գործող գյուղապետ Մամիկոն Սմբատյանը և Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը: Ընտրապայքարի մեջ են նաև  Արտաբույնք համայնքի գյուղապետ Արմեն Սեդրակյանը և Քարագլուխ համայնքի գյուղապետ Արթուր Ստեփանյանը: Մնացած գյուղերից թեկնածուներ չեն առաջադրվել: Առաջադրված թեկնածուները, բացի Արտաբույնք համայնքի գյուղապետ Արմեն Սեդրակյանից, ՀՀԿ-ականներ են:

Hayeli.am-ը կապ հաստատեց Արտաբույնք համայնքի գյուղապետ Արմեն Սեդրակյանի հետ: Վերջինս ԵԿՄ անդամ է: Վերջինիս գնահատմամբ՝ նախընտրական պայքարը ընթացել է բնականոն, և ինքը իր ուժերը գնահատում է բավականին բարձր: «Չգիտեմ՝ ուրիշները ոնց, բայց ես ու իմ մարտական ընկերը՝ Քարագլուխ համայնքի գյուղապետ Արթուր Ստեփանյանը, որոշել ենք մեր ուժերը միավորել»,- հայտարարեց Արմեն Սեդրակյանը: Ճշտող հարցին, թե ինչպես են ուժերը միավորելու, նրանցից որևէ մեկը հանելու է թեկնածությունը հօգուտ մյուսի, Սեդրակյանը պատասխանեց. «Մենք գիտենք՝ ոնց ենք միավորելու: Չէ, թեկնածությունս չեմ հանելու, գնալու եմ մինչև վերջ»: Արմեն Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ անցած խորհրդարանական, իսկ դրանից առաջ նաև նախագահական ընտրությունների ժամանակ ում օգտին է աշխատել. «ՀՀԿ-ի՝ էլ ու՞մ»,- պատասխանեց վերջինս և հպարտությամբ շարունակեց, թե ՀՀԿ-ն էլ այս ընտրություններում իր թեկնածությունն է պաշտպանում: Մեր տարակույսին, թե ինչպես է ՀՀԿ-ն իրեն պաշտպանում, երբ ինքը կուսակցական չէ, մյուս 3 թեկնածուներն ՀՀԿ-ից են. «Ինչի որ ՀՀԿ-ից չեմ, կարող ա՞ չինացի եմ: Ես էս ժողովրդի զինվորն եմ: Եթե ուզում եք իմանալ, միշտ մենք ենք ՀՀԿ-ին պաշտպանել: Իսկ Դուք չգտիտե՞ք՝ ՀՀԿ-ն ինչ հիմքի վրա է ստեղծվել. Երկրապահի: Դուք չլսեցի՞ք, թե նախագահ Սերժ Սարգսյանը մեր վերջին համագումարի ժամանակ ինչպես դիմեց մեզ՝ ասաց, դիմում եմ ձեզ՝ հոպարնե՛ր: Ես այդ հոպարներից մեկն եմ: Համակարգիչը բա՛ց, մեջը գրի՝ Տու Արմեն, իմ մասին ամեն ինչ կիմանաս»,- խոսքը եզրափակեց Արմեն Սեդրակյանը, նույն ինքը՝ Տու Արմենը:

Արմեն Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատահել, որ չլինելով ՀՀԿ-ական՝ գյուղապետ է ընտրվել. «ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի, ես երկրապահ եմ»,- պատասխանեց նա: Մենք փորձեցինք կապ հաստատել նաև մյուս թեկնածու՝ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի հետ, սակայն վերջինս զբաղված էր, ասաց, որ չի կարող խոսել՝ ավելի ուշ զանգենք: Իսկ ավելի ուշ արդեն անհասանելի էր:
Նշենք, որ խոշորացված Եղեգիս փնջի մեջ համախմբված համայնքները, ըստ բնակչության և ընտրողների թվաքանակի, հետևյալ պատկերն ունեն:
Շատին (բնակիչ՝ 1833, ընտրող՝ 1383), Աղնջաձոր (բնակիչ՝ 430, ընտրող՝ 346), Արտաբույնք (բնակիչ՝ 1073, ընտրող՝ 806), Գողթանիկ (բնակիչ՝ 202, ընտրող՝ 153), Եղեգիս (բնակիչ՝ 425, ընտրող՝ 338), Թառաթումբ (բնակիչ՝ 484, ընտրող՝ 398), Հերմոն (բնակիչ՝ 215, ընտրող՝ 157), Հորբատեղ (բնակիչ՝ 271, ընտրող՝ 205), Հորս (բնակիչ՝ 261, ընտրող՝ 229), Սալլի (բնակիչ՝ 260, ընտրող՝ 190), Վարդահովիտ (բնակիչ՝ 250, ընտրող՝ 201), Քարագլուխ (բնակիչ՝ 827, ընտրող՝ 637):

 

Անի  Սահակյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: