«Հաջորդը Նաիրի Հունանյանն է». Գուգեն Եղիազարյանը ներկայացնում է Հոկտեմբերի 27-ից նոր մանրամասներ

Nov 06, 2017 Comments Off on «Հաջորդը Նաիրի Հունանյանն է». Գուգեն Եղիազարյանը ներկայացնում է Հոկտեմբերի 27-ից նոր մանրամասներ

Այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ Վերջերս նա տարել է սրտամկանի վիրահատություն ՝ պետպատվերի շրջանակներում։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նման թանկ վիրահատությունն իրականացվել է Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով, գնդակահարել կառավարության եւ խորհրդարանի ութը բարձրաստիճան պաշտոնյաների։ Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Ուշագրավ է, որ այս գործով անցնող մի շարք անձնավորություններ են մահացել կասկածելի հանգամանքներում եւ պայմաններում։Կալանավայրում մահացավ գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը՝ էլեկտրիկը,պաշտոնական վարկածի համաձայն նա անփութորեն էլեկտրահարվել էր։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ցմահ չէին դատապարտել։

Պաշտոնական վարկածն այս դեպքում սրտի կաթվածն էր։ Սակայն անսպասելի եւ խորհրդավոր կերպով մահացան նաեւ վկաներ։ Տիգրան Նաղդալյանը սպանվեց իր տան մոտ։ Շմայսի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին եւ հարցաքննել,  մահացավ ավտովթարից։ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը տարօրինակ պայմաններում ընկավ ԱԺ շենքի երրորդ հարկից։ Վկա, նախկին բուժաշխատող Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում, որտեղ անցյալ տարի քաղցկեղից մահացավ նաեւ հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության թղթակից Տիգրան Նազարյանը։ 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը։ Հարկ է նշել, որ շաբաթներ առաջ՝ Հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ  Էդուարդ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել, փաստեր հրապարակել, որոնց մասին մինչ այս ոչ ոք չի խոսել։ «Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։

«Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր իր էջում դատապարտյալը։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուգեն Եղիազարյանը չի բացառում, որ մոտ ապագայում Նաիրի Հունայնանն է նույնկերպ «ինֆարկտից» կմահանա։ Եղիազարյանն անկեղծացավ, որ ԱԱԾ նախկին պետ, 1999-ին ԱԱԾ պետի օպերգծով տեղակալ, Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկա Գորիկ Գուրգենիչի մահվանից հետո էր սպասում Նաիրիի մահվան բոթին։ Զրուցեցինք պարոն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, ինչ կասեք մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանի մահվան կապակցությամբ։

-Ճիշտն ասած ես սպասում էի, որ հաջորդը կլինի Նաիրի Հունանյանը, բայց արի ու տես, որ Էդիկ Գրիգորյանը մահացավ, այն անձը, որը շաբաթներ առաջ խոստացել էր ցուցմունք տալ եւ ասել Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների անունները եւ այլ մանրամասներ։ Առաջինը մահացավ Նարիի քեռին, որի մասին ասում են՝ երկրորդ մարդն էր Նաիրից հետո տեղեկացվածության առումով։ Տեսք, թե քանիսը մահացան, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին գործին։ Հիմա Էդիկի ոչ վիրահատությունը, ոչ մահը պատահական համարել չեմ կարող, դա սպասելի էր, որ չի ապրի։ Հաջորդը կլինի Նաիրի Հունանյանը՝ ամենակարեւոր վկան այս գործով։ Իմ տեղեկություններով 1999-ից մինչ օրս նա մենախցում է պահվում, հայտնի է որ տասը տարի հետո, ում միայնակ են խցում պահում, որպես կանոն հոգեկան շեղումներ է ունենում։ Եթե նույնիսկ նա հասնի այն բաղձալի օրվան, որ ասի, թե իրականում ինչ է եղել եւ ովքեր են կանգնած եղել նրա թիկունքին, արդեն կիսախելագար Նաիրիի ոչ մի ցուցմունք հավաստի չի լինի։ Ոչ «բարեկամի» ձեռքով իր մահկանացուն կնքեց նաեւ Գորիկ Հակոբյանը, ըստ իս՝ ամենակարեւոր վկան։

-Ինչու եք այդպես կարծում։

-Ժամանակին ես խոսեցի այդ թեմայով, հարցեր բարձրաձայնեցի, ես զգուշացրել էի «Իրավունքի» էջերից ԱՄՆ-ում իբր քաղքկեղից մահացած Տիգրան Նազարյանին, որ ինքը «կհիվանդանա» եւ կմահանա, թող ցուցմունք տա։

-Ինչ է մտածում եք, որ քաղցկեղ էլ կարելի է առաջացնել մարդու մոտ։

-Իհարկե, կարելի է, շատ հասարակ, ռադիոակտիվ էլեմենտի տեղադրում մեքենայի մեջ, օրինակ նստատեղի տակին, որից մի քանի ամիս հետո քաղցկեղի առաջացումը պատրաստ է։ Ինչեւիցե։

-Ինչի մասին էր տեղյակ Գորիկ Հակոբյանը։

-Գորիկ Հակոբյանին որքան էլ փնովեինք ու համարեինք, որ օպերատիվ աշխատող չէ, բայց նա երեսուն տարվա փորձ ուներ եւ լավ գիտեր՝ ինչ բան են գաղտնի գրություններն ու զեկուցագրերը, նա դրանց տիրապետում էր։ Նման գրությունները/լավ ճանաչելով Գորիկին/, նա անմիջապես նույն օրը դրանք կհասցներ իր պատրոնին՝ այն ժամանակ ԱԱԾ պետ Սերժ Սարգսյանին։

-Ինչ է կարծում եք՝ նա մեղքի սլաքներն ուղղում էր Սերժ Սարգսյանի վրա՞։

-Միանշանակ, եւ դա ինքն ապացուցեց։ Երկու տարի առաջ, երբ մամուլում թեման կրկին սրվեց, Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ մենք ապշած էինք, թե Սերժ Սարգսյանը ինչպես երեք ամիս հետո ավելի շատ բան գիտեր անվտանգությունից, քան մենք բոլորս միասին վերցրած։ Սա բնութագրվեց որպես Գորիկի հերթական ոչ տեղին գովաբանություն իր պատրոնին հասցեագրված։ Իրականում Գորիկը դա ասելու շատ լուրջ հիմքեր ուներ։ Տեղեկությունները, որոնք նա տեղափոխել էր Սերժ Սարգսյանի դաշտ, որպեսզի վաղը մյուս օրը ոչ մեկ նրան չասի՝ լավ, այս մարդն եկել է, անվտանգությունից պարզ է, որ ոչ մի բան էլ չէր իմանա։ Նա այդպես էր ասում, որ եթե պետք է մի բան ձեռնարկվեր, ապա պետք է ձեռնարկեր Սերժ Սարգսյանը։ Իսկ ես հարց էի բարձրացրել, թե այդ ինչպես եղավ, որ Գորիկ Հակոբյանը մեկ ժամվա ընթացքում կարողացավ պարզել ով է Նաիրի Հունանյանը, որտեղ են ապրում ծնողները եւ մեկ ժամը չլրացած նա Բանգլադեշից Նաիրիի հորը տեղափոխեց անվտանգություն, որտեղ հետը խոսալուց հետո հասկացավ, որ հայրը ազդեցություն չունի որդու վրա, ստիպված ինքը վերցրեց Տիգրան Նազարյանին, որպեսզի նա խոսի իր ուսանողական ընկերոջ՝ Նաիրիի հետ։ Ես հարցրեցի բարձրացրել նաեւ՝ ինչ գործ ունի անվտանգության գնդապետ Մանուկյանը Նազարյանի հետ, որը վերջինիս ԱՄՆ էր ճանապարհել։

Լրագրողի նույն հարցին, ի դեպ, Նազարյանը այնտեղ պատասխանել էր, որ ցանկացած լրագրող շփվում է անվտանգության աշխատակիցների հետ։ Իսկ իրականում Տիգրան Նազարյանը ռադիոընդունիչով լսում է Աժ-ում կրակոցների մասին, նստում է տաքսի, իջնում է իր էլի ուսանողական ընկերոջ, էլի հանգուցյալ Տիգրան Նաղդալյանի աշխատասենյակ, այնտեղից տաքսի է նստում ու իջնում անվտանգություն։ Իսկ ցուցմունքում գրում է, որ քանի որ Գորիկ Հակոբյանն ու մյուսները շտապում էին, իրեն էլ հետը վերցրեցին-բերեցին ԱԺ։ Փաստորեն, Գորիկ Հակոբյանը մեկ ժամվա ընթացքում պարզել էր, որ սա էլ է Նաիրիի կուրսեցին եւ անմիջապես նստացրել ու տարել ԱԺ, որպեսզի Տիգրան Նազարյանը մտնի ու խոսի ընկերոջ հետ։ Չար լեզուներն ասում են նա ձեռնունայն դուրս չի գալիս Հունանյանի մոտից, իր հետ հանում է նրա բլոկնոտը՝ ծայրից ծայր գրառումներով, նշված անուններ, որոնք այսօր պետք է Հունանյանի կողքին բանտախցում լինեին։ Ես հիմա չգիտեմ՝ ով կերավ այդ բլոկնոտը, ով չկերավ, միգուցե քննական մարմինների մոտ է, բայց դժվար, եթե լիներ, կիմանայինք։

-Եւ ի՞նչ։

-Էդիկ Գրիգորյանը ուղիղ հայտարարել էր, որ շուտով այնպիսի բաներ կհրապարակի, իսկ հիմիկվա նախագահը այն ժամանակ ԱԱԾ պետ էր եւ ինչպես Գորիկ Գուրգենիչն էր ասում՝ երեք ամիս հետո բոլորից շատ բան գիտեր։ Ես ասել էի, որ հերթը Նաիրի Հունանյաննին է, սխալվեցի։ Եթե մաս են առանձնացրել Հոկտեմբերի 27-ի գործից, որպեսզի իբր բոլորիս հանգստացնեն, ես առաջարկում եմ շտապ լսել Նաիրի Հունանյանին, որը խելագարման շեմին է։ Եթե նախաքննական մարմինը/եթե այդպիսին Հայաստանում կա/ գործով անցնող մահացածների ցանկը դնի Նաիրիի առջեւ, նա կասի ճշմարտությունը, ինչ-ինչ նրա գլուխը աշխատում է։ Ի դեպ, այս մասին ես վեպ եմ գրել, ճիշտ է այն գեղարվեստական ստեղծագործություն է, բայց որոշ փաստեր ներառված են։ Այն կոչվում է «Գայլի հանգույց գործողությունը»։

-Իսկ չեք վախենում այս ամենի մասին բարձրաձայն խոսում եք, չեք վախենում թիրախ դառնալուց։

-Ես թքած ունեմ դրանց վրա։ Իմ աշխատանքային ընկերների, Հոկտեմբերի 27-ին զոհվածների, ինձ համար հատկապես Կարեն Դեմիրճյանի կերպարը այս ամենում իր ուրույն տեղն ունի եւ ես նման պարագայում վարանել չեմ կարող, Հոկտեմբերի 27-ը այսպես, թե այնպես պետք է բացահայտվի։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: