Սերժ Սարգսյանի անճար սիրաշահելը

Nov 06, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի անճար սիրաշահելը

Սերժ Սարգսյանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովից 3 շաբաթ առաջ, որտեղ նախատեսվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, որոշել է Մոսկվային սիրաշահելու լուրջ և հետևողական քաղաքականություն վարել:

Ահա, վերջին օրերին Սերժ Սարգսյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հարցազրույցներ է տալիս՝ Ռուսաստանի հետ քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության վերաբերյալ ծավալուն դիտարկումներով հանդես գալով: Ուշագրավ էր, օրինակ, նրա ակնարկ-արձանագրումը, թե՝ «ԵԱՏՄ-ից սպասելիքները մեծ էին»…

Խոսել այն մասին, թե որքանով էր ճիշտ Հայաստանի ընտրությունը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը պետք չէ, քանզի այդ մասին խոսում են արդյունքները, Business FM-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը. «Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, առաջին արդյունքները տեսանելի են: Նախ, 2016-ից սկսած Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունացել է, թեև փոքր, բայց աճ ենք արձանագրել: Այս տարվա ութ ամիսների կտրվածքով մենք ունենք ՀՆԱ շուրջ 5% աճ: Անցած տարի արձանագրել ենք արտահանման աճ ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ և նախորդ տարվա յոթ ամիսների ցուցանիշի համեմատ այս տարի արդեն աճը ավելի քան 34% է կազմել: Երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 25%»:

Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներն են ակտիվ զարգանում ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, նախագահը, նախ, նշել է գյուղատնտեսությունը: Սերժ Սարգսյանը մատնացույց է արել նաև արդյունաբերական կոոպերացիան: «Մենք վստահ ենք, որ մեքենաշինության ռադիոէլեկտրոնիկայի, սարքավորումների արտադրության մեջ մենք կարող ենք համատեղ արտադրել մրցունակ արտադրանք: Կա նման հնարավորություն: Եվ մենք արդեն ասում ենք, որ զբաղվում ենք այդ հարցով մեր ռուս գործընկերների հետ միասին… Մեր պետության տարածքում ստեղծում ենք համատեղ ձեռնարկություններ, հետագայում, հնարավոր է, այդ ձեռնարկությունների կոոպերացիան ռուսական ընկերությունների հետ: Այստեղ մեծ ներուժ կա, օգտագործելու ենք այդ հսկայական պոտենցիալը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Ամփոփելով ԵԱՏՄ-ում երկու տարիները, Սերժ Սարգսյանը նշել է, որ սպասելիքները մեծ էին ու թեև այն իրավիճակը, որ ձևավորվեց համաշխարհային տնտեսության մեջ, ռուսաստանյան տնտեսությունում, նվազեցրեց ԵԱՏՄ-ի անդամակցության կանխատեսվող արդյունքը, այդուհանդերձ այն ակնհայտ է: Բացի այդ, ռուսական ռուբլու արժեզրկումը նվազեցրեց Հայաստանի եկամուտները, իսկ ռուբլու կայունությունն ամենակարևոր գործոնն է. «Այն հանդիսանում է մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման երաշխիքը, քանզի պայմանագրերը միշտ չէ, որ ռուբլով են կնքվում, այլ նաև դրամով: Եվ ռուբլին, և դրամը կապված են դոլարի հետ: Մենք փոքր տնտեսություն ունենք և, գուցե, ավելի հեշտ է լուծել այդ խնդիրները: Եթե մենք կարողանանք առաջիկայում մոտեցնել մեր արտահանման և ներկրման ցուցանիշները, ապա դա կբերի որոշակի հավասարակշռության և մեզ մոտ միշտ կայուն կլինի: Բայց դրա համար հարկ է մեծ ջանքեր գործադրել»,- հավելել է նա:

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն Պուտինին չզայրացնելու, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կարևորելու, և Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին հայտնելու քաղաքականություն է տանում, կարծես, ձգտելով, ամեն ինչ անել, որպեսզի Մոսկվան չխոչընդոտի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայի դերը կարևորելու քաղաքականություն է տանում վերջին մի քանի օրերին, իսկ դրան զուգահեռ պաշտոնական Երևանը նաև «հավակնոտ է» որակում ստորագրվելիք ԵՄ – Հայաստան համաձայնագիրը:

Եվրաինտեգրման հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցող փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ նոյեմբերին Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Ինչպես Հանրապետության նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբեր ամսին ստորագրել համաձայնագիրը: Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացը առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ ես չեմ պատկերացնում ինչ կարելի ասել՝ փարատելու համար այն բոլոր մտահոգությունները, որ գոյություն ունեն այսօր այս խնդրի հետ կախված», ասել է Կարեն Նազարյանը՝ ստորագրվելիք փաստաթուղթն որակելով՝ «հավակնոտ»:

Համաձայնագիրը բանակցվում էր 2015-ի վերջից: Հիմքում, փոխարտգործնախարարի խոսքով, ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության հանձնառություններն են: Բայց Հայաստանը նաև տնտեսական ակնկալիքներ ունի․ – «Համաձայնագիրը նաև նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի ավելի սերտ տնտեսական համագործակցությանը՝ բարելավելով բիզնեսը կարգավորող միջավայրը: Այն նոր հնարավորություններ կտա նաև բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Եվ համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու տնտեսական և, մասնավորապես՝ համաշխարհային, եվրոպական տնտեսությունում»:

Բոլորին նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն է հետաքրքրում։ Կարեն Նազարյանն ասել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունն իրենից ներկայացնում է գործողության ծրագիր, որը «պետք է բանակցվի անդամ պետությունների հետ»․ «Այդ բարեփոխումներ պարունակող փաթեթ է լինելու, որի մեջ կարող են ներառվել նաև օրենսդրական որոշ նախաձեռնություններ, որ Հայաստանը պետք է իրականացնի: Այս պահին այսքանը կարող եմ ասել, քանի որ փաստաթուղթը դեռևս չի բանակցվել: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարը անձամբ և մենք բոլորս, այդ թվում նաև մեր պետական այրերը, առաջին հերթին առիթներով հիշեցնում են եվրոպական կողմին, որ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում ունենք ստանձնած համատեղ հանձնառություն, և շատ կարևոր է այդ հանձնառության իրականացումը»: Նախատեսվում է, որ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կմեկնարկի, երբ Եվրոպական հանձնաժողովը ստանա համապատասխան մանդատ: Թեև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցած շաբաթ հանդիպած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մինչդեռ, համոզմունք էին հայտնել, որ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը կարող է մեկնարկել արդեն այս տարեվերջին՝ Հայաստան – ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո:

Հավելենք նաև, որ հաջորդ տարի Եվրամիության երկրները, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանի կառավարությանը դրամաշնորհների ու վարկերի միջոցով կտրամադրեն մոտ 70 միլիոն եվրո։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: