Պուտինի ու ՀՀ երկու հակառակորդների պրեսինգն ընդդեմ Հայաստանի

Nov 05, 2017 Comments Off on Պուտինի ու ՀՀ երկու հակառակորդների պրեսինգն ընդդեմ Հայաստանի

Շարունակվում են օրերս Թեհրանում կայացած բանակցությունների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ ստացվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ադրբեջանական խողովակաշարով դեպի Իրանի հյուսիս գազամատակարարման պլանները։ Այս մասին նա նշել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքներում. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանին, որ չնայած մեր երկրներից յուրաքանչյուրում այդ ածխաջրածինների մեծ արտադրությանը, որքան էլ տարօրինակ հնչի, կա հետաքրքրություն այդ հումքը միմյանց մատակարարելու մեջ՝ նկատի ունենալով ներքին լոգիստիկան։ Օրինակ, մենք հաստատում ենք Ադրբեջանի խողովակաշարային տրանսպորտային համակարգերով դեպի Իրանի հյուսիս գազ մատակարարելու մեր պատրաստակամությունը, ինչը կարող է մեր գործընկերների համար տնտեսական նպատակահարմարություն ներկայացնել»։

Պուտինը հարկ է համարել նաև ընդգծել , որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը հանդիսանում են ածխաջրածինների խոշոր արտադրողներ։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է մրցակցենք։ Դա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը»,-ընդգծել է նա: Նա առաջարկել է նաև ուժեղացնել երեք պետությունների հատուկ ծառայությունների միջև համակարգումը՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Այսպիսով, Պուտինը, փաստացի, հաստատել է Ռուսաստանի ծրագրերը Իրանի հյուսիս Ադրբեջանով անցնող խողովակաշարով գազ մատակարարելու մասին՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում: Սա այն դեպքում, երբ Հայաստանն Իրանի հետ չի կարողանում երկաթուղի վերագործարկել, իսկ հայ-իրանական գազային բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս, և ՀՀ քաղաքացիները ստիպված են բացառապես օգտվել ռուսական գազային ծառայություններից: Եվ այս ամենում՝ Հայաստանը բախվում է ռուսական մենաշնորհային դիրքի «պտուղներին»:

Բացի այդ, Պուտինը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկել. «Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը և, իհարկե, Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ»: Արդեն իսկ հայտնի է, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին:

Բայցև հետաքրքրական էր, որ թե Ռուսաստանը որ ձևաչափում է կարևորում անվտանգության հարցերը… Ահա, Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ընդգծել են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման կարևորությունը: Դրա վերաբերյալ հիշատակվել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Կողմերն ընդունում են, որ չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և դրա հետ կապված՝ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի և դրանց համապատասխան ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա բանակցությունների ճանապարհով դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Կողմերը նաև վճռականություն են արտահայտել հակազդելու ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անդրազգային կազմակերպված հանցավորությանը: Նրանք համաշխարհային հանրությանը կոչ են արել, ջանքերը միավորել այդ մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարի համար, նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը կարևորվել է նաև Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի մակարդակով: Այս մասին իր հերթին էլ վերահաստատել է Հասան Ռուհանին: Աստանայում միջսիրիական բանակցությունների ընթացքում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան վերահաստատել են տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նաև ասել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ երեք երկրները վերահաստատել են նաև ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն, այսպիսով, թե՛ տարածաշրջանային ծրագրերի, թե՛ տարածաշրջանային անվտանգության հարցերում անկաշկանդ Հայաստանի երկու հակառակորդ հարևան երկրների հետ համագործակցության նոր կամուրջներ է գցում, ինչը, ուշագրավ փաստ է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: