Ռուս-իրանական տանդեմն ու «դեսանտ» Շոյգուն՝ Իսրայելում

Nov 05, 2017 Comments Off on Ռուս-իրանական տանդեմն ու «դեսանտ» Շոյգուն՝ Իսրայելում

Խամենեին ԱՄՆ-ն անվանեց իրանական ժողովրդի գլխավոր թշնամի

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում 2018 թ, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Թեհրանում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նախագահների համատեղ հայտարարությունում նշվեց, որ Մոսկվան, Թեհրանը և Բաքուն կամրապնդեն էներգետիկ և նավթագազային համագործակցությունը:

Բայց սա՝ եռակողմ հանդիպման արդյունավետության շարունակականության ապահովման միակ արդյունքը չէր: Խիստ հատկանշական էր, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են նաև Սիրիայի հարցով դիրքորոշումները:

Ընդ որում, այս համաձայնության մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ն անվանեց իրանական ժողովրդի գլխավոր թշնամի: «Ամերիկան գլխավոր թշնամին է՝ այդ բառի ուղիղ իմաստով: ԱՄՆ-ի առջև դիրքերի զիջումը նրանց ուժ կտա և նրանց կդարձնի հանդուգն, այդ առնչությամբ միակ ելքը մնում է դիմադրությունը»,- ընդգծել է նա: Խամենեին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Թեհրանի նկատմամբ թշնամական դիրքորոշում է որդեգրել, իսկ այժմ ձգտում է վնասել միջուկային համաձայնագրին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն արձանագրեց, թե ինչպես կարելի է մեկուսացնել ԱՄՆ-ին։ «Մենք կարող ենք անդրադարձնել ամերիկյան պատժամիջոցներն ու մեկուսացնել Ամերիկային այնպիսի միջոցներով, ինչպիսիք են դոլարից հրաժարվելը և երկկողմ ու բազմակողմ գործարքներում այն ազգային արժույթներով փոխարինելը»,-ասել է Խամենեին։

Նկատենք, որ Իրանի հարցով ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, որը հրապարակվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կիսել է միջազգային հանրությանը 2 ճամբարի։ ԵՄ-ն Ռուասաստանի հետ շարունակում է ջանքեր ներդնել 2015թ. միջուկային գործարքի պահպանման համար, մինչդեռ գործարքին դեմ հանդես եկող Թրամփը ստացել է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և արաբական պետությունների աջակցությունը, որոնք խնդրահարույց հարաբերությունների մեջ են Իրանի հետ։

Ահա, նախօրեին Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը մանրամասն քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, սիրիական հակամարտությունը և համաձայնեցրել իրենց դիրքորոշումները, վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Թեհրանում տեղի ունեցած բանակցությունները: Պուտինն ընդգծել է, որ երեք պետությունների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորված: «Մենք մանրամասն գնահատեցինք, թե անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում ինչպիսի իրադրություն է տիրում, անդրադարձանք հարցերին, որոնք վերաբերում են իրանական միջուկային խնդրին և, իհարկե, նաև մանրամասն խոսեցինք Սիրիայում տիրող իրադրության մասին: Մեզ հաջողվում է համաձայնեցնել մեր դիրքորոշումները սիրիական խնդրի մասով: Շնորհիվ մեր համատեղ ջանքերի, ինչպես նաև Թուրքիայի ներդրած ջանքերի, ինչպես գիտեք, շատ դրական կերպով զարգանում է իրադրությունը ահաբեկչության դեմ պայքարի բուն տարածքում», հավելել է Պուտինը:

Ինչու Պուտինը մեկնեց Թեհրան

Իրան-Ռուսաստան՝ շատ կարևոր շփումներին զուգահեռ վերջերս տեղի է ունեցել ևս մի հետաքրքիր քայլ՝ դա ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի երկօրյա այցն էր Իսրայել…

«Ալ Մոնիթոր» պարբերականը նկատում էր, որ Սերգեյ Շոյգուի երկօրյա այցը Իսրայել նաև այդ երկիր նրա առաջին այցն էր իբրև ռազմական գերատեսչության ղեկավար, եթե չասենք՝ ռուս որևէ բարձրաստիճան զինվորականի առաջին այցն այդ երկիր առհասարակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Շոյգուն հանդիպումներ է ունեցել իսրայելցի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև Իսրայելի ԶՈՒ շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահի հետ: Արդեն հաջորդ օրը Շոյգուին ընդունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Իրանական Entekhab Daily-ն այդ օրերին գրեց, որ Շոյգուի՝ Իսրայել այցից հաշված ժամեր անց արդեն իսրայելական զինուժի ռազմական ինքնաթիռները հարվածեցին Սիրիային՝ իբրև թե պատասխանելով սիրիական ռազմական ավիացիայի՝ ավելի վաղ Իսրայելի տարածքի ռմբակոծման: Թել Ավիվն էլ շրջահայացորեն հայտարարեց, որ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի մասին ժամանակին իրազեկվել է ռուսական կողմին և անձամբ Սերգեյ Շոյգուին: Եվ այս ամբողջը հանուն այն բանի, որ այդ հարվածը չստվերեր ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարի այցը, իսկ Մոսկվան էլ կտրուկ և բացասական արձագանքով հանդես չգար:

Շոյգուի՝ դեռևս սեպտեմբերին Դամասկոս այցելության համեմատ, որն, ի դեպ, այդպես էլ մնաց խորհրդավորության քողով ծածկված և առեղծվածային, Իսրայել այցելությունը կոնկրետ խնդիրներ ուներ, ինչի մասին հայտարարել էր Շոյգուն Լիբերմանի հետ հանդիպման ժամանակ՝ մասնավորապես ասելով. «Չնայած ռազմատեխնոլոգիական ոլորտում մեր երկրները գործակցում են, սակայն հիմնական խնդիրը մնում է ահաբեկչության դեմ պայքարը և ռեգիոնալ խնդիրների լուծումը: Մենք երկուսս էլ (նկատի ունենալով Իսրայելի ՊՆ-ին) հակված ենք քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Սիրիային»:

Պաշտպանական ոլորտում ռուս-իսրայելական սենսացիոն գործակցություն

Շոյգուն ասել էր, որ ռուսական ռազմական օպերացիաները Սիրիայում մոտենում են իրենց վերջնագծին, և կան մի շարք հարցեր, որոնք նորովի լուծման կարիք ունեն և պետք է քննարկվեն նաև մոտ ապագայում: Հաշվի առնելով Ավիգդոր Լիբերմանի դրական արձագանքը և այն հանգամանքը, որ վերջինս իր խոսքը նախ սկսել է ռուսերենով, ապա արդեն նույն միտքը, եբրայերեն կրկնելով, շարունակել արդեն եբրայերենով՝ կարելի է ասել, որ Իսրայելի կողմից Շոյգուի ասածը ընդունվել է:

Շոյգուի ակնարկը պաշտպանական ոլորտում ռուս-իսրայելական գործակցության առնչությամբ կարելի է մեկնաբանել նաև որպես ապացույց այն բանի, որ իսրայելական կողմը հետաքրքրված է ռուսական БТР և БМП, ինչպես նաև հայտնի «Տերմինատոր» БМПТ մեքենաների ձեռք բերմամբ: Մոսկվան արդեն հայտարարել էր, որ այս վերջին մեքենան ուղարկվել է Սիրիա հատուկ այն բանի համար, որպեսզի ԻՊ գրոհայինների դեմ օպերացիաների ընթացքում անմիջական մարտական պայմաններում անցնի փորձարկում, և այդ փորձարկման արդյունքները եղել են գոհացուցիչ: Ռուսական կողմը արձանագրել է, որ այս մեքենան իրեն լավ է դրսևորել նաև փողոցային մարտերի ժամանակ:

Ուշագրավ է այն, որ Իսրայելը դեռևս երբեք ռուսական սպառազինություններ չի գնել և միայն բավարարվել է փոքրամասշտաբ համատեղ նախագծերի իրականացմամբ, որոնք էլ վերաբերել են միայն խորհրդային ժամանակների սպառազինությունների արդիականացմանը երրորդ երկրներում, մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, Իսրայելից անմիջականորեն սպառազինություններ գնել է: Ուստի այս համատեքստում կարևոր են ապագա գործարքների և ռազմական և ֆինանսական բաղադրիչները

Ռազմական գործակցությունից և Սիրիայի խնդրի արծարծումից բացի՝ Շոյգու-Լիբերման քննարկումներում տեղ են ունեցել նաև Իրանին առնչվող հարցերը և Իրանի հանդեպ ունեցած մոտեցումները ևս՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայի համար, խոսվել են երկու բարձրաստիճան զինվորականների կողմից:

Այն, որ Շոյգուն հայտարարել է, թե ռուսական ներկայությունը Սիրիայում մոտենում է իր վերջնագծին, բավական լուրջ մտորումների առիթ է տալիս՝ հասկանալու համար, թե ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնելու Դամասկոսի հանդեպ Մոսկվայի վարելիք քաղաքականությունը արդեն հաջորդ փուլում: Զուտ Շոյգուի խոսքին հետևելով՝ դժվար է որևէ կոնկրետություն տեսնել, և հստակ կանխատեսում անելու համար ավելի լայն ինֆորմացիա է պետք թեկուզ և այն մասով, թե որոնք էին ի վերջո ռազմական օպերացիաների նպատակները:

Այս տարվա փետրվարից սկսած Շոյգուն և Պուտինը փոխնեփոխ հայտարարել են այն մասին, որ Սիրիայում ռուսական զորակազմն իր առջև դրված խնդիրներն իրականացրել է, ռուսական զինվորականները վերադառնալու են տուն, և նույնիսկ հիմնական զորակազմի տունդարձի հրաման էլ արձակվեց Կրեմլից: Սակայն ռուսական ներկայությունն այդպես էլ չավարտվեց: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ արդեն Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նույնը՝ հավելելով, որ Սիրիայում բոլոր պայմանները ստեղծվում են խաղաղ կյանքի վերականգնման համար:

Պատահական չէ, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Լիբերմանը Իրանի թեմայով գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ Իսրայելը երբեք թույլ չի տա, որ Իրանը դիրքերն ամրացնի Սիրիայում: Коммерсантъ-ն էլ իր հոդվածներից մեկում մանրամասնում է, որ Շոյգու-Լիբերման հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի ներգրավվածության հարցը: Բացի այդ, Մոսկվան պարզաբանել է ապաէսկալացիոն չորս գոտիների ստեղծման հարցը, որտեղ Իսրայելը ևս ուներ վերապահումներ, քանի որ դեմ էր, որ այդ գործընթացում Իրանը մասնակցություն ունենա:

Այս պահին և՛ Թել Ավիվը, և՛ Մոսկվան վճռականությամբ լի են մի դեպքում՝ Իրանին իր սահմանների մոտ ամրապնդելու քաղաքականությունը ի դերև հանելու հարցում, մյուս դեպքում՝ դիրքերը ռեգիոնում ամրացնելու հարցում, և այստեղ Մոսկվան իր չեզոք և բոլորի հետ գործակցելու պատրաստակամ կեցվածքը օգտագործելու է: Ահա, թե որն է եղել Պուտինի՝ Թեհրան կատարած այցի նպատակներից մեկը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: