«Ո՞ւր, արա, հլը հետ արի». Ուշագրավ միջադեպ Վովա Գասպարյանի մասնակցությամբ

Nov 02, 2017 Comments Off on «Ո՞ւր, արա, հլը հետ արի». Ուշագրավ միջադեպ Վովա Գասպարյանի մասնակցությամբ

Երևանի Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկին այսօր երեկոյան ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:
Մի երիտասարդ, չսպասելով հետիոտների համար լուսացույցի կանաչ ազդանշանի միացմանը, փորձել է կարմիր լույսի տակ հատել փողոցը: Նրան հետևել է զինվորական համազգեստով ևս մեկ երիտասարդ:
Լուսացույցի տակ կանաչ ազդանշանին սպասում էր նաև Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազորի հետ: Նա նկատողություն է արել երիտասարդներին: «Ո՞ւր, ո՞ւր, արա, հլը հետ արի», գոռացել է ոստիկանապետը:
Շփոթված երիտասարդը հետ է եկել, նրան հետևել է նաև զինվորական համազգեստով երիտասարդը: «Արա, ո՞ր գեղից ես»,- քաղաքացիական հագուստով երիտասարդին հարցրել է ոստիկանապետը:
Երիտասարդը պատասխանել է, որ Երևանից է: «Բա ինչի՞ ես կարմիր լույսի տակով անցնում, կարող ա՞ դալտոնիկ ես», հարցրել է ոստիկանապետը: Հետո նա շարունակել է. «Հերիք չի դու անցնում ես, զինվորին էլ հետդ ես տանում»:
Դիմելով զինվորին՝ Վլադիմիր Գասպարյանը հետաքրքրվել է, թե որտեղ է ծառայում, հետո երիտասարդներին ասել է, որ չի կարելի կարմիր լույսի տակով անցնել:
Lragir.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մարդիկ գուցե իրեն չեն ճանաչում կամ չէին սպասում իրեն քայլելիս տեսնել Երևանի փողոցներում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ինչի՞ էր անսպասելի, ես միշտ էլ քայլում եմ»:
Հետո նա դիմել է երիտասարդներին. «Ինձ ճանաչո՞ւմ եք»: Տեսնելով, որ նրանք կմկմում են, ոստիկանապետը նկատել է. «Ընենց բան ասեցի՝ շշկռվեցիք», ապա ծիծաղելով հեռացել է:
Ներկաները զարմացած հետևել են տեսարանին:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: