Տերովին տերը կտանի, անտերնին՝ …. վարչապետը կօպտիմալացնի

Nov 05, 2017 Comments Off on Տերովին տերը կտանի, անտերնին՝ …. վարչապետը կօպտիմալացնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով պետական համակարգում սպասվող կրճատումներին, չի համաձայնվել, թե դրանով սոցիալական լարվածություն կառաջանա: Համաձայն 2018թ.-ի պետական բյուջեի նախագածի՝ նախատեսվում է շուրջ 5560 պետական աշխատողների կրճատում: Գործընթացն իրականացվելու է «օպտիմալացման» անվան տակ:

«Դուք մեզանից պահանջում եք արդյունավետ աշխատանք, պահանջում եք, որ աշխատողն իր տեղում իր գործառույթը կատարի: 5500-ին որ կրճատում ենք՝ չենք կրճատում լավագույններին: Մարդ կա, որոնց կրճատելու ենք, իր աշխատատեղի համար անհանգիստ ենք, բայց այդ խնդիրը չի կարեւորը: Կառավարությանը հաճախ են ասում, որ քաղաքացիները հարկերը վճարում են, իսկ կառավարությունը վատ է կառավարում, շատ է ծախսում, իսկ երբ սկսվում են օպտիմալացնել, առաջ է քաշվում սոցիալական լարվածության հեռանկարը: Դե եկեք բոլորին ընդունենք պետական ապարատ, կլինի՞»,- զայրացել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հակադարձել է ուսուցիչների եւ բժիշկների կրճատման դեպքերի վերաբերյալ իր անձին ուղղված քննադատությանը. «Ասում են՝ ուսուցչին ո՞նց եք կրճատում: Դուք քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչը ուսուցիչ չի ու ավելի լավ է, որ ինքը ուսուցիչ չլինի, կամ բժիշկը բժիշկ չի ու լավ է բժիշկ չլինի: Հենց կրճատում ենք, դուրս է գալիս, կիրթ, ինտիլիգենտ մարդուն կրճատում ենք: Մի քիչ ավելի ռացիոնալ է պետք ամեն ինչին նայել, հասկանում եք, պետական ապարատն ավելի մեծ է, քան պետք է լինի»,- նշել է Կարեն Կարապետյանը: Նա նաև շեշտել է, որ ամեն դեպքում, միանգամից չեն կարող կրճատումներ անել, քանի որ լավ մասնագետների խնդիր կա:

Կրճատումների և օպտիմալացումների սպառնալիքը Կարեն Կարապետյանի կառավարման գլխավոր ոճային առանձնահատկությունն է՝ գեղեցիկ կոստյումներից հետո: Պետք է հանուն անկեղծության խոստովանել, որ պետական  համակարգի ուռճացված և անիմաստ հաստիքները կրճատելու անհրաժեշտություն իսկապես կա, և այս հարցը բարձրաձայնելը, իսկապես ժամանակի հրամայական է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տրամաբանություն է դրվելու այդ կրճատումների հիմքում, և ովքեր են դառնալու պոտենցյալ զոհերը:

Պետական ապարատը իսկապես ավելի մեծ է, քան պետք է լիներ: Ընդ որում, Կարեն Կարապետյանն առաջին վարչապետը չէ, որ այս մասին խոսել է. այս խնդիրը ժամանակին դրվել է և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Տիգրան Սարգսյանի կողմից:Պետական ապարատի ուռճացվածության մասին շատ հստակ արտահայտվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելին՝ ժամանակ առ ժամանակ կատարվել է պետական համակարգի օպտիմալացում: Եվ եթե յուրաքանչյուր օպտիմալացում իսկապես կատարվեր այն տրամաբանությամբ, որ իսկապես կրճատվեին անպետք աշխատողները, ապա վստահաբար այսօր Կարեն Կարապետյանը առիթ չէր ունենա ասելու, թե որակյալ կադրերի խնդիր ունեն: Անհրաժեշտության ռացիոնալության մասին տեսական մակարդակում խոսելը այլ բան է, սակայն կյանքն ու փորձը բոլորովին այլ բան են ապացուցել: Պետակամն ապարատում ավելի պաշտպանված են այն կադրերը, ովքեր ունեն հզոր հովանավորներ և իրենց համար այդ պաշտոնն ապահոված միջնորդներ: Շնորհիվ իրենց հզոր թիկունքի՝ պետական համակարգում կան անձեռնմեխելի և առավել պաշտպանված մարդիկ, և որևէ կրճատում նրանց չի կարող սպառնալ: Իսկ մարդիկ, ովքեր անկախ իրենց ունեցած ազդեցիկ հովանավորներից, կարողանում են ավելի լավ աշխատանք գտնել, քան պետական աշխատանքը, այսպես թե այնպես մաղվում և հեռանում են: Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի մշակել կադրերի ընտրության և կրճատման մրցունակ մոդել: Կյանքը ցույց է տվել, որ ամենամրցունակը խնամի-ծանոթ-բարեկամ մոդելը, որն այսօր գործածվում է և՛ վարչական ապարատում, և՛ դպրոցների, քոլեջների ու ուսումնարանների, և՛ հիվանդանոցների ու բժիշկների օպտիմալացման ժամանակ: Ի դեպ, Կարեն Կարապետյանը ժամանակին, երբ դարձավ Երևանի քաղաքապետ, օպտիմալացման անվան տակ կրճատումներ կատարեց՝ հայտարարելով, թե քաղաքային իշխանությունն անհարկի ուռճացված է: Մոտ երկու տարի անց, երբ նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմի մոտ 20 տոկոսվ ավելի մեծ էր, քան Կարապետյանի գալուց առաջ:

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: