Օտարերկրյա բուհերը դուրս են ընդունելության միասնական համակարգից, ինչո՞ւ են բուհերին պարտադրում՝ սեփական միջոցները տալ «Երիտասարդական հիմնադրամին». քննարկում

Nov 04, 2017 Comments Off on Օտարերկրյա բուհերը դուրս են ընդունելության միասնական համակարգից, ինչո՞ւ են բուհերին պարտադրում՝ սեփական միջոցները տալ «Երիտասարդական հիմնադրամին». քննարկում

Ի՞նչ նորարարություններ են նախատեսվում հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով՝ բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների շրջանակում: Գեղարվեստի ակադեմիայում ՀՀ ԿԳՆ-ի և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում կազմակերպված մասնագիտական քննարկումը նվիրված էր այս խնդրին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նույն վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, ԵՊՀ գիտական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Միքայել Այվազյանը, կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանը և Սամվել Կարաբեկյանը:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նախ հակիրճ ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում առաջարկվող բուհերի կառավարման մոդելը, որտեղ կատարված փոփոխություններից ամենաէականը թերևս կառավարման խորհուրդների կազմի ապաքաղաքականացումն է: Նշենք, որ ներկայացված նախագիծը բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող թվով երրորդ օերնսդրական փաստաթուղթն է՝ Հայաստանի անկախության շրջանում: Գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունն այսօր կյանքի պահանջ է դիտվում:

Նախագծի հիմքում դրվել է բուհերի աստիճանական ազատականացման և ակադեմիական ազատությունների մեծացման սկզբունքը: Բուհերի ազատականացման 4 հիմնական սկզբունք է ամրագրված նախագծում՝ ակադեմիական,  կադրային, կազմակերպչական և ֆինանսական ինքնավարություն:

 Բուհի կառավարման մարմինները և դրանցում կատարված փոփոխությունը

Ըստ առաջարկվող նախագծի՝ պետական և հանրային բուհերի կառավարման մարմիններն են` կառավարման խորհուրդը, գիտական խորհուրդը /կոլեգիալ կառավարման մարմիններ/ և ռեկտորը՝ /գործադիր կառավարման մարմին/:

Կառավարման խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է առնվազն 10 անդամից, սակայն չի կարող գերազանցել 20-ը (խորհրդի անդամների թիվը սահմանվում է հաստատության կանոնադրությամբ):

Հատկանշական փոփոխություններ են առաջարկվում կառավարման խորհրդի ձևավորման համար սահմանված համամասնություններում: Առաջարկվող նախագծով՝ կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝  բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 30 տոկոս, ուսանողության ներկայացուցիչներից՝ 10 տոկոս, բուհի հետ համագործակցող գործատուներից՝ 30 տոկոս,  հիմնադրի՝ 20 տոկոս, պետական կառավարման լիազորված մարմնի (ԿԳՆ) կողմից 10 տոկոսԳործող մոդելի համեմատությամբ՝ հիմնական փոփոխությունը գործատուների ներգրվաման պահանջն է, ինչը նախկինում չի եղել: Այս պահին գործող օրենքով կառավարման խորհուրդները ձևավորվում էին պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: Օրինագծով նվազել են  հիմնադիրիների, որը պետական բուհերի դեպքում պետությունն է, պետական կառավարման լիազորված մարմնի, որը ՀՀ ԿԳՆ-ն է, ուսանողական կառույցների ներգրավվածության ցուցանիշը: Գործատուներին տրվել է առավելագույն 30 տոկոս ներգրավվածության հնարավորություն, 5 տոկոսով աճել է նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացվածությունը:

Ուսանողության ներկայացուցիչներին առաջադրում է ուսանողական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներին՝ բուհի գիտական խորհուրդը, գործատուների ներկայացուցիչներին՝ բուհը: Նախկինում գործատուները բուհերի կառավարման խորհրդում ներգրավվում էին պետության քվոտաների հաշվին:

Նախագծում նշվում է, որ խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք  և մարզպետները: Այս դրույթով ապահովվում է կառավարման խորհուրդների ապաքաղաքականացումը, որը որպես հիմնական պահանջ առաջադրվում էր նաև միջազգային կառույցների կողմից:

Ինչպես է ընտրվում ռեկտորը

Բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ ռեկտորը: Բուհի ռեկտորի համար սահմանվում են հետևյալ պահանջները՝

Պետական և հանրային բուհի ռեկտորի պաշտոնում, համաձայն առաջարկվող նախագծի, կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

Պետական և հանրային բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ բուհի կառավարման  խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում: Բուհերում վարչական պաշտոնների, այդ թվում նաև ռեկտորի համար առավելագույն տարիք է սահմանվում 70 տարեկանը: Գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորին ներկայացվող պահանջները սահմանվում են բուհի կանոնադրությամբ: Մնացած պահանջներն ըստ էության չեն փոխվել: Նորություն է նաև վարչական պաշտոնների համար սահմանված տարիքային շեմը, որը ևս գործող օրենքում չի եղել:

Բուհերն ազատ չեն ընդունելության գործընթացում

Քննարկման մասնակիցներից ԵՊՀ գիտության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող նախագծում տարբերակվում է միայն պետական, մասնավոր և հանրային բուհեր տարբերակումները. «Ինքնավարության 4 հիմնական սկզբունքները նախագծում ներառվել են համատեղ քննարկումների արդյունքում: Միջազգային գնահատումների արդյունքում այդ չորս ուղղություններից երկուսում՝ կադրային և ֆինանսական բավականին բարձր միավորների ենք արժանացել, մյուս երկուսով՝ կազմակերպական և ակադեմիական, մեր միավորները ցածր են: Եթե փորձենք հասկանալ պատճառները, ապա կտեսնենք, որ կազմակերպական և ակադեմիական ինդեքսով մեր ցածր միավորները պայմանավորված էին այն հանգամանքով, որ բուհերն ունեին ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Հետագայում բուհերի մեծ մասը դարձան հիմնադրամներ, և դրանով այդ խնդիրը լուծվեց: Հիմա մենք սահմանում ենք, որ ունենք մաքուր պետական բուհեր /դրանք ռազմական և ուժային ուղղվածության բուհերն են, որոնք միայն պետական պատվերով են աշխատում և վճարովի ուսուցում չեն առաջարկում/ հանրային բուհեր և մասնավոր: Մասնավոր բուհերի հիմնադիրը, պարզ է, պետությունն է, սակայն այստեղ հստակեցման խնդիր ունի հանրային բուհերի կարգավիճակը»,- նշել է նա:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ մի կողմից խոսվում է բուհերի ակադեմիական ազատությունների մասին, մյուս կողմից բուհերի համար պետության կողմից օրենքի ուժով սահմանվում են պարտադիր առարկաներ /հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կառավարության որոշմամբ նաև քաղպաշտպանություն և այլն/: Բացի այդ՝ բուհերն ազատ չեն  ընդունելության գործընթացում, պետական և մասնավոր բուհերը ստիպված են առաջնորդվել ընդունելության միասնական կարգով: Կան նաև իրավական ակտեր, որոնք սահմանում են ուսանողների  հեռացման և վերականգնման նորմերը, որը ևս չի նպաստում բուհերի ակադեմիական ազատություններին: Եթե ընդունելության համակարգը չի փոխվում, ապա որևէ ակադեմիական ազատություն, աճ չենք ունենալու: Իհարկե, օրենքի նախագիծը գործող օրենքից քայլ առաջ է, սակայն բոլոր հարցերի պատասխանը չի տալիս»,- նշել է ԵՊՀ պրոռեկտորը: Բացի այդ, նրա խոսքով, այսօր մենք ունենք օտարերկրյա բուհեր, որոնք կարծես ընդհանուր դաշտից դուրս են մնում և նոր օրինագծով ևս նրանց կարգավորման ընդհանուր դաշտ չի բերվում: «Միջպետական համաձայնագրով ստեղծված բուհերի դեպքում, հասկանալի է, որ գործում է ոչ թե օրենքը, այլ համաձայնագիրը: Սակայն եթե չկա համաձայնագիր, ապա օտարերկրյա բուհերը մնում են դաշտից դուրս՝ անհասկանալի վիճակում»,- նշել է նա : ԵՊՀ պրոռեկտորը նաև հարցրել է՝ ինչո՞ւ օտարերկրյա բուհերի վրա ընդունելության միասնական կարգը չի տարածվում, այն դեպքում ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերից միայն Հայ-ռուսական սլավոնական համալսարանն է գործում միջպետական համաձայնագրի շրջանակում:

Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Միքայել Այվազյանը հարց է բարձրացրել՝ բուհերի կողմից կատարվող գնումները կենտրոնացված կարգով կատարելու պարտադիր պահանջին. «Բուհերի միջոցները պետական հատկացումներ չեն, հետևաբար անհասկանալի է, թե ինչու պիտի բոլոր գնումները գնումների կենտրոնացված ընթացակարգով կատարվեն: Շատ դեպքերում դա բարդացնում է կատարվող աշխատանքների արդյունավետությունը»,- նշել է նա:

Բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին տրամադրվող հատկացումները՝ «անընդունելի պարտադրանք»

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նախագծի քննարկված դրույթներից ուշադրություն է հրավիրել բարձրագույն կրթության աստիճանների ճանաչման վրա. «Ես կարծում եմ, պետք չէր նախագծում ամրագրել առաջին և երկրորդ մակարդակների ճանաչման հարցը՝ առանձնացնելով երրորդ աստիճանը: Եթե առաջին և երկրորդ աստիճանը համալսարանը շնորհում է, ինչո՞ւ չի կարող երրորդ աստիճանը շնորհել: Կամ ի՞նչ է նշանակում՝ մասնագիտական խորհուրդը որոշում է այս կամ այն աշխատանքի հեղինակին թեկնածուի կոչում շնորհել, սակայն դա դեռ պետք է հաստատվի նաև ԲՈՀ-ի կողմից»,- նշել է նա:

Քննարկման մասնակիցներից փորձագետ Սերոբ Խաչատրյանը  բուհերի ֆինանսական ինքնավարության  համատեքստում «անընդունելի պարտադրանք» է դիտարկել բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին տրադրվող հատկացումները. «Մի կողմից խոսում ենք բուհի ինքնավարության մասին, մյուս կողմից պարտադրում ենք բուհի  բյուջեի 2 տոկոսը հատկացնել  Երիտասարդական հիմնադրամին: Եթե դա բուհի գումարն է, թող ինքն էլ որոշի՝ որ ուսանողի համար զեղչ կիրառի: Գտնում եմ, որ բուհերը պետք է նման ճնշումներից զերծ մնան»,- նշել է նա: Ս. Խաչատրյանի կարծիքով՝ լավ կլինի, որ բուհերն իրենց մոտ դասախոսական աշխատանքի վերցնեն պրակտիկ մասնագետների, ովքեր տվյալ գործն արդեն անում են որևէ գործատուի մոտ. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ արդյունավետ չէ, երբ կառավարման դասախոսություն է կարդում մի մարդ, ով 4-հոգիանոց կոլեկտիվ չի կարողանում ղեկավարել»,- ասել է Ս. Խաչատրյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշել է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի նպատակն առաջիկա 10-15 տարիների համար ճկուն զարգացում ապահովող մեխանիզմներ ստանալն է. «Փորձել ենք հասկանալ, որտեղ եք գտնվում, ուր ենք ուզում գնալ և ամենակարևորը՝ ինչպիսի համակարգ ենք ուզում ստանալ՝ սկսած բուհի և պետության հարաբերությունների կարգավորումից, մինչև բուհի ներքին կառավարում:

Մենք պետք է նաև հաշվի առնենք, թե որքանով են բուհերը պատրաստ իրենց առաջարկվող ազատություններին: Այդ պատճառով փորձել ենք զգուշավորություն ցուցաբերել որոշ հարցերում: Նույն՝ երրորդ աստիճանի ճանաչման հարցը կարող է լուծում ստանալ աստիճանաբար. գուցե այդ իրավունքը փորձնական տրվի ԵՊՀ-ին, հետագայում այն տարածվի նաև ողջ համակարգի վրա»,- նշել է վարչության պետը: Հարցերը վերաբերել են նաև գիտական խորհուրդ-ռեկտոր հարաբերությունների առաջարկվող մոդելին, որով ենթադրվում է, որ ի տարբերություն այժմյան մոդելի՝ ռեկտորը կարող է և չլինել բուհի գիտխորհրդի նախագահ: Նշենք, որ քննարկումները լինելու են շարունակական:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: