ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման շահարկումները իրակա՞ն, թե մտացածին

Nov 05, 2017 Comments Off on ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման շահարկումները իրակա՞ն, թե մտացածին

Այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ ինչու՞ են Հայաստանում թերահավատ, որ փաստաթուղթը կստորագրվի։

«Չնայած և՛ եվրոպական, և՛ հայկական կողմի տված հստակ հավաստիացումներին՝ ինձ համար խիստ անհասկանալի պատճառներով հայաստանյան քաղաքական վերլուծական շրջանակները շարունակում են իրենց թեական շեշտադրումները», – հայտարարեց Զոհրաբյանը և ուղիղ հարցրեց, թե նոյեմբերին արդյոք ստորագրվելու է համաձայնագիրը։

Կարեն Նազարյանն ասաց, որ թե՛ Հայաստանը, թե՛ եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են գալիք գագաթնաժողովի ընթացքում ստորագրել համաձայնագիրը։ Անդրադառնալով Յոհաննես Հանի հայտարարությանը՝ Նազարյանն ասաց, որ նա իր հարցազրույցում ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի գագաթնաժողովին կամ դրա շրջանակներում։ «Այսինքն՝ խոսքը գնում է գագաթնաժողովի ընթացքում համաձայնագրի ստորագրման մասին։ Ինչպես ՀՀ նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը։ Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի։ Ավելի հստակ չգիտեմ`ինչ կարելի է ասել՝ փարատելու մտահոգությունները; Ինչ վերաբերվում է այդ հարցազրույցին, ապա ասեմ, որ նա իր խոսքում ասում է, որ այդ համաձայնագիրը կստորագրվի գագաթաժողովին կամ դրա շրջանակներում: Այլ բան է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ այլ կերպ են մեկնաբանվել»,- պատգամավորներին ի պատասխան ասաց փոխնախարար Կարեն Նազարյանը:

Նա Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է համարում Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և նախաստորագրումը: «Այս օրերին ավարտին է հասցվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության առաջնայնությունների մշակումը, որը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ մեկտեղ ուղղորդելու է հատկապես տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Ընթացքի մեջ են քննարկումները ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթղթի շուրջ, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետի կողմից: Ավարտվել են նաև Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցությունները: Բյուջեի քննարկումներին, ի դեպ, հայտնի դարձավ, որ Հայաստանը 2018թ. Եվրոպական Միությունից և եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների և վարկային միջոցների տեսքով։

Նա հավելեց, որ այդ 58.5 միլիոն եվրոյից 25 միլիոն եվրոն դրամաշնորհային աջակցություն է, մնացածը վարկային միջոցներ են, որոնք ուղղվելու են տարբեր ծրագրերի իրականացմանը: Ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային և 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին ԲՀԿ ներկայացել էր ողջ ծանր հրետանիով, մոտ մեկ տասնյակ պատգամավորներ էին եկել-նստել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: