Պուտինի հերթական խոստովանությունը՝ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների մասին

Nov 05, 2017 Comments Off on Պուտինի հերթական խոստովանությունը՝ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների մասին

Պուտինը, Ալիևն ու Ռոհանին մտադիր են կյանքի կոչել Բալթիկան Հնդկաստանի հետ կապող «Հյուսիս-Հարավ» ծրագիրը

Երեկ Թեհրանում կարևոր իրադարձություն էր. կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը եռակողմ ձևաչափով հանդիպել էին նաև 2016թ. ապրիլին՝ Ադրբեջանում։

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի վերջին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ հանդիպմանը «կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր»:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, երեկ վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝զարգացնելով «լավ բարեկամի, հարևանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»:

Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահն Իրանի իր պաշտոնակցի՝ Հասան Ռոհանիի հետ քննարկել էր ղարաբաղյան խնդիրն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հասան Ռոհանին արդեն առանձին հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի և ռուսաստանցի պաշտոնակիցների հետ: Ալիևի հետ հանդիպմանը, ինչպես նշված է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը Ալիևը զրուցակցին տեղեկացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անցյալ տարի Բաքվում ստեղծված համագործակցության այս եռակողմ ձևաչափի շրջանակներում երեք երկրների ղեկավարները Թեհրանում քննարկեցին նաև տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, սիրիական հակամարտությունը, որում Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին և երկուսն էլ կողմ են, որպեսզի արդեն վեցերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայում նոր ընտրություններ անցկացվեն, սակայն Ասադի մասնակցությամբ:

Թեհրանում Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Փորձագետները նշում են, որ Պուտինը Թեհրանից հստակ ազդակներ կուղարկի Վաշինգտոնին, հասկացնելու, որ Կրեմլը շարունակելու է աջակցել Թեհրանին՝ մնալով նրա միակ դաշնակիցը Սիրիայում, և որ մտադիր է ամեն կերպ հակազդել Թրամփի վարչակազմի՝ իրանական միջուկային համաձայնագիրը չեղարկելու փորձերին: Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Իրանի հետ միջուկային գործարքի հարցում ԱՄՆ-ի «անկանխատեսելի գործողություններով»:

Եռուզեռ՝ Հայաստանի քթի տակ

Ինչևէ, Թեհրանի գագաթնաժողովի օրակարգում էին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցության հրատապ հարցեր, նշված էր Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունում: Օրակարգի հիմնական թեմաներից է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թեհրանի բանակցությունների նախօրեին հայտնեց, որ ապրանքաշրջանառությունն այս «եռանկյունու» շրջանակում աճել է։ Ըստ Պեսկովի՝ Իրանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է 70 տոկոսով, իսկ Ադրբեջանի հետ՝ 62 տոկոսով։ Օրակարգում էր համագործակցությունը տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում։ Պեսկովի խոսքով, երեք երկրների նախագահները քննարկելու են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներն, այսպիսով` քննարկում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը: Հենց սա է Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական թեման՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը:

Միջանցքը ենթադրում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթծգերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Մինչ այդ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի արևելյան և հյուսիսային երկրների հետ։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Բաքուն պատրաստ է Իրանին վարկ տրամադրել երկաթուղու իր մասի շինարարության համար: Մամեդյարովը նաև հավելել է, որ այդ վարկի հնարավոր տրամադրման հարցը քննարկվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման ժամանակ՝ Բաքվում երկկողմ գործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: Այն, փաստորեն, կքննարկվի նաև պետությունների ղեկավարների մակարդակով:

Մամեդյարովը նշել է, որ այս նախագծով հետաքրքրված են նաև այնպիսի արտահանող երկրներ, ինչպիսիք են՝ Վիետնամն ու Հնդկաստանը: «Ես հավատում եմ, որ այս երկաթուղու ներուժը, որը ձգվելու է Բանդար-Աբասից մինչև Սանկտ Պետերբուրգ, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև Վիետնամի և Հնդկաստանի համար»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով որ 204 մլրդ դոլար արտահանման ներուժ ունեցող Վիետնամի արտահանման 42 մլրդ դոլարը բաժին է ընկնում Եվրոպային:

Ահա, տարածաշրջանային ծրագրերի եռուզեռ է Հայաստանի շուրջը: Իսկ մենք առիթ-անառիթ մեր հերքական անվերապահ երդումն ենք տալիս Հայաստանի Եվրասիական ապագային, Հայաստանի զարգացումը բացառապես կապելով Ռուսաստանի հետ՝ բոլոր հնարավոր թելերով:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: