Ո՞ւմ կտան նախագահականից կրճատված փողերը

Nov 04, 2017 Comments Off on Ո՞ւմ կտան նախագահականից կրճատված փողերը

 

Նախագահի աշխատակազմին տրամադրվող միջոցները 2018 թվականին կկրճատվեն՝ պայմանավորված նախագահի լիազորությունների կրճատմամբ: 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշել է, որ ավելի քան կրկնակի նվազելու է նախագահական ապարատի ծախսերը:

Եթե  2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմին տրամադրվել է 4 միլիարդ 880 միլիոն դրամ, ապա հաջորդ տարվա համար նախատեսվում է 2 միլիարդ 381 միլիոն դրամ գումար:

Արմեն Գևորգյանն ասել է, որ լինելու են նաև փոփոխություններ ծրագրերի իրականացման հարցում, և որոշակի ծրագրեր նախագահականից անցնելու են կառավարության տիրույթ:

Նախագահականի տեղեկատվական ՊՈԱԿ-ը ևս միավորվելու է կառավարության նմանատիպ ՊՈԱԿ-ին: Միաժամանակ Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը ևս անցնելու են կառավարությանը: Շեշտակի կկրճատվի նաև նախագահի աշխատակազմը. «Մասնավորապես՝ այս տարի մենք արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմի աշխատողների թվաքանակի՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով: Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչև 385, hոկտեմբերի 1-ից սահմանվել է 330 աշխատակից: Նախագիծը, որը ներկայացվել է, մշակվել է օգոստոս ամսին, այսինքն՝ հիմք է ընդունվել 385 թիվը՝ մինուս այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն նախագահի աշխատակազմում՝ Վերահսկողական ծառայություն, Հանրային խորհրդի աշխատակազմ, Անվտանգության խորհրդի քարտուղարություն և այլն: Մենք ենթադրում ենք, որ մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի ՀՀ նախագահի աշխատակազմը: Մաքսիմում թիվն աշխատակազմում կարող է լինել 200, որը, գտնում ենք՝ ևս նվազելու տեղ ունի»,- ասել է Արմեն Գևորգյանը և հավելել, որ իրենք փորձում են թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատել, իսկ այն աշխատակիցները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն կգնա կադրերի ռեզերվ:

2018 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն շինարարության և հիմնանորոգման միջոցներ: Ընդհանուր առմամբ, ըստ Ա. Գևորգյանի, 2018 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները մոտավորապես 35-70 տոկոսով 2017 թվականի համեմատ նվազել են՝ պայմանավորված լիազորությունների վերաբաշխմամբ: Ինչ վերաբերում է պետական կառավարման ապարատին ընդհանրապես, ապա ինչպես գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն է նշել, մոտ 770 աշխատատեղի կրճատում է նախատեսված:

«Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության աշատողների աշխատավարձերում մենք 6 տոկոսի աճ ունենք, ու կառավարությունը հայտարարել է, որ 5000 աշխատող պետք է կրճատվի. այդ որտեղի՞ց են կրճատվում, որ այստեղ ավելացում ունենք»,- Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցով դիմել է Ատոմ Ջանջուղազյանին:

Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված. «Առաջինը՝ աշխատավարձերի բնականոն աճն է, որն օրենքով է նախատեսված: Քանի որ դիվանագիտական աշխատանքներ իրականացնողների համար աշխատավարձերը հաշվում են՝ փոխարժեքը հաշվի առնելով, փոխարժեքի փոփոխությամբ է պայմանավորված:

Երրորդ գործոնը՝ Պետեկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների արդյունքում տեղի ունեցած աշխատավարձի աճն է: Աշխատակիցների քանակը կրճատվել է, բայց աշխատավարձերի համար տրվող գումարը բարձրացել է, հարց է առաջնում՝ ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ այն աշխատակիցները, որոնք աշխատել են մինչ այդ, աշխատել են տարածքային հարկային մարմիններում, ունեցել են ցածր դասային աստիճան, հետևաբար, ավելի ցածր գործակիցներով է հաշվարկվել նրանց աշխատավարձը, բայց բարեփոխումներից հետո նրանց դասային աստիճանը բարձրացել է, ավելացել են աշխատավարձի համար պահանջվող միջոցները: Մյուս կողմից՝ նաև պարգևատրման որոշակի միջոցներ են նախատեսված Պետեկամուտների ֆոնդի համար»:

ԱԺ աշխատակազմի համար նախատեսված է հատկացնել 4 միլիարդ 585 միլիոն դրամ, կառավարության աշխատակազմի համար՝ 19.5 միլիարդ դրամ, Սահմանադրական դատարանին 2018 թվականի բյուջեով նախատեսվում է տրամադրել 590 միլիոն դրամ, Դատախազությանը կտրամադրվի 4.4 միլիարդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 5. 9 միլիարդ դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 650 միլիոն դրամ, Վերահսկիչ պալատին՝ 1.1 միլիարդ դրամ, Դատական դեպարտամենտին՝ 8.8 միլիարդ դրամ, Մարդու իրավունքների աշխատակազմին՝ կտրամադրվի 368 միլիոն դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 1.1 միլիարդ դրամ, որից հանձնաժողովի պահապանման համար կօգտագործվի 299 միլիոն դրամ, իսկ ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար 751 միլիոն դրամ:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: