Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ

Nov 01, 2017 Comments Off on Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի և քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին և կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ և կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից և պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։ Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի և քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: