Մարմնի որ ուղղությամբ կշարունակվի Ռուզաննա Խաչատրյանի «դիվերսիան»

Nov 05, 2017 Comments Off on Մարմնի որ ուղղությամբ կշարունակվի Ռուզաննա Խաչատրյանի «դիվերսիան»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառումները հայաստանյան  դասալիք  պաշտոնյաներից մեկի վերաբերյալ զվարճանքի նոր թեմա են օրակարգ բերել: Մինչ բոլորը տիկնոջ առաջին գրառումից հետո փորձում էին գուշակել, թե ով է այն պաշտոնյան` նրա մեջ հիմնականում փնտրելով պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին, Պաշտպանության նախարաի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր <<շեֆի>> պաշտպանությանն անցավ՝  արձակված գնդակի թիրախում տեսնելով նախեւառաջ  Վիգեն Սարգսյանին: Մամլո խոսնակը ծավալուն պարզաբանումով լրջացրեց իրավիճակը, որից հետո տիկին Ռուզաննան  այլ բան չէր մնում, քան թուլանալ եւ հաճույք ստանալ: Արդեն երեկ երեկոյան նոր գրառմամբ է հանդես եկել, որը եզրափակել է պետական և քաղաքական համակարգերին ուղղված ակնհայտ ծաղրով և հեգնանքով: «Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին: Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»,-գրել է տիկին Ռուզաննան:

Կարելի է պատկերացնել, թե տիկնոջ նոր խայծից հետո ինչ աժիոտաժ է առաջացել թիրախային պաշտոնյաների շրջանում,եւ հատկապես նրանց, որոնք  ամենայն լրջությամբ են ընդունել նախկին նախարարի տիկնոջ անանուն, անհասցե գրառումը,  հավանաբար նրանք այսօր իրենց զրկել են ոչ միայն հացից, այլեւ ջրից, որպեսզի խափս տան դոկտորի ախտորոշումից, նրա նկարագրած ֆեյք կերպարից, կամ էլ երեւի լուրջ դիետոլոգներ են վարձել,որպեսզի ներկայացվելիք նոր պարզաբանումները լինեն առավել հիմնավոր, առավել փաստարկված…

Իսկ իրականում, այո, մեր պետական և քաղաքական համակարգերն իսկապես արժանի են հեգնանքի, որովհետև այնքան են կորցրել ադեկվատությունն ու իմունիտետը, որ խարխլվում են ֆեյսբուքյան մի գրառումից եւ այն էլ մի տիկնոջ, որի հռչակն ու համբավը գիտեն բոլորը, որի անդրդվելի բնավորությանը զոհ գնաց անգամ սեփական ամուսնու հզոր կարիերան:

Ռուզաննա Խաչատրյանն իր գրառումով ստվերում է թողել երկրում մնացյալ բոլոր հարցերը, բոլորի քննարկումների թեման,  գուշակություններն այն պաշտոնյայի մասին են, որի անունը նա այդպես էլ չի նշել: Նա հիմա զվարճանում է, վրեժխնդիր լինում այն իշխանությունների հարցում, որոնք իր կարծիքով ժամանակին  նրանց   ընտանեկան դրաման էին  դարձել քննարկումների թեմա, այդ հարցում տիկին Խաչատրյանը կասկածներ ուներ, որ պատվիրատուներ կան ու իշխանության բարձր օղակներում են թաքնված, վերջին գրառման մեջ էլ նա հիշեցնում է այդ մասին, որ իր նկարագրած անձը չի բացառվում մասնակցություն է ունեցել իր ընտանիքի դեմ կազմակերպված դիվերսիային: Հիմա ինքը հայտնի է, չի թաքնվում որեւէ տեղ,առավել ազնիվ է, բայց զվարճանում է իշխանությունների վրա, առանց կոնկրետ անուններ նշելու, առանց իր համար լուրջ գլխացավանք ստեղծելու:

Ի վերջո, ամբարտավանությանը հարկավոր է պատասխանել նույնկերպ: Եթե երկրիդ պաշտպանության ուսյալ նախարարը կարող է ինչ-որ պահի, շահի  ու հանգամանքների թելադրմամբ ստորադասել կրթության առաջնահերթությունը, որի հենքի վրա ինքը մնացել է ասպարեզում եւ ապահովել կարիերայում վագրային ցատկեր, ի վերջո, նրան տրվել է այդ հնարավորությունը, ապա այլ բան չի մնում, քան նման պաշտոնյային դարձնել զվարճանքի օբյեկտ: Չի բացառվում, որ վաղն էլ դոկտոր Ռուզաննան հանդես գա պաշտոնյաների մարմնի այլ հատվածների նկարագրությամբ՝ առավել որոշակի դարձնելու փնտրվող պաշտոնյայի նկարագիրը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: