Տիկինը թուլացել և զվարճանում է

Nov 05, 2017 Comments Off on Տիկինը թուլացել և զվարճանում է

 

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ տեղեկատվական հրթիռակոծումը շարունակվում է: Նախօրեին նա հանդես է եկել ֆեյսբուքյան նոր գրառմամբ, որը ռումբի պես պայթել է համացանցում և ողջ օրը քննարկման թոփ թեման էր:

Թիրախում հայտնված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Ճիշտ է, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս  Ռուզաննա Խաչատրյանը կոնկրետ անուն չի տվել, սակայն չտալով անուն՝ ամբողջությամբ նույնականացրել  է կոնկրետ անձի, այն աստիճանի, որ գրառումները ընթերցելու ընթացքում հստակ տպավորություն է առաջանում, թե Վիգեն Սարգսյանի անունը գրված էր: Պետք է խոստովանել, որ այդ տեսանկյունից  տիկին Ռուզաննային հաջողվել է կիրառել բավականին գրագետ քաղաքական տեխնոլոգիա և, ստեղծելով քաղաքական ճշգրիտ ֆոտոռոբոտ: Ի դեպ, հետաքրքիր է՝ տեքստերը Սեյրան Օհանյանի տիկինը միայնա՞կ է գրում, թե՞ ունի մասնագետ-խորհրդատուների պրոֆեսիոնալ թիմ: Անկախ ամեն ինչից, սակայն, տիկինը ոճական սարկազմով, Քիմ Քարդաշյանի և 5-8 ամսական հղի կնոջ հետ համեմատություններով կարողացավ նպատակային հարված հասցել և թուլացնել Վիգեն Սարգսյանի դիրքերը: Նրան ուղղված անանուն ակնարկներն ու մեղադրանքները պաշտպանության նախարարի դիրքին և պորտֆելին բացարձակ անհարիր են:

Սեյրան Օհանյանի կինը կարծես թե հող է նախապատրաստում, որ առաջիկայում ամուսինը՝ պաշտպանության նախկին նախարարը, կարող է խոսել. «Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մեջ լինելու կամ չլինելու, իր պայքարի հետագա ձևի մասին կբարձրաձայնի ինքն անձամբ:

Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը… և ընդհանրապես, կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել,- ինտրիգ պահելով՝ գրել է տիկինը և շարունակել:- Ամենավերջում գուցե ամենակարևորի մասին. ի վերջո, ով է այն անձը, ում նկատի ունեմ ես… Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»:

Պահո՜, կասեր դասականը: Փաստորեն նախկին նախարարի տիկինը բացում է ներիշխանական հարաբերությունների երկաթյա վարագույրը՝ ակնարկելով, որ իշխանության ներկայցուցիչները միմյանց հետ խոսում են քարոզչական տեռորի և կոմպրամատների լեզվով: Այն, ինչ համապատասխան շրջանակներում հայտնի էր շատերին, դարձավ նաև հանրության սեփականությունը: Կոմպրոմատների լեզվով միմյանց հետ հարաբերվելը քաղաքական բուրգի անբաժան մասն է: Ընդ որում, որքան բարձր դիրքում է գտնվում անձը, այնքան կոմպրոմատները դառնում են ավելի հզոր և համապատասխանաբար նաև պահանջված: Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամները, հատկապես կանայք ներքաղաքական հարաբերություններում գուցե չերևացող, սակայն կարևոր դերակատարներ են: Պետք է խոստովանել, որ այս առումով ևս տիկին Ռուզաննային հաջողվել է նոր նշաձող սահմանել: Ինչ վերաբերում է կոմպրոմատներին, ապա վստահաբար այդպիսիք կան նաև Սեյրան Օհանյանի դեմ, և գուցե տիկնոջ համարձակությունը բումերանգի էֆեկտ ունենա :

 

Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: