Ասա ով է ընկերդ, ասեմ որ երկրի դեսպանն ես

Nov 02, 2017 Comments Off on Ասա ով է ընկերդ, ասեմ որ երկրի դեսպանն ես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մամուլում տեւական ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի որպես հիմնական թեկնածու նշվում էր Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի անունը:Շրջանառվող լուրերով, սակայն,վրացական կողմը հրաժարվել էր ագրեման տալ Մինասյանի թեկնածությանը, քանի որ վերջինս ընդգծված ռուսամետ կողմնորոշում ունի, ինչը չի թաքցրել հրապարակային գործունեության ընթացքում։

Եւ ահա, նրա փոխարեն Ռուբեն Սադոյանին է ՀՀ ղեկավարությունը գործուղում Վրաստանում դեսպանին պաշտոնում:Թե որ արժանիքի ու գործունեության համար դժվար է ասել։ Ըստ շրջանառվող լուրերի, նրա թեկնածության հաստատման համար ակտիվ լոբբինգ է կատարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ, նա Վրաստանում բազում բիզնեսներ էլ ունի։ Այդ կապերը հատկապես ամրապնդվել էին Գագիկ Բեգլարյան նախարարի պաշտոնավարման ժամանակ, մասնավորապես Բեգլարյանը Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մտերիմն է։

Գագիկ Բեգլարյանի գործուն քայլերը նորից մամուլի տեղեկություններով հեռահար նպատակ են հետապնդում, նա այդպիսով ռոտացիա է կատարում, որովհետեւ մոտ ապագայում ցանկանում է իր որդուն Կենտրոն համայնքի ղեկավար դարձնել, որն այժմ ղեկավարում է Ռուբեն Սադոյանի եղբայրը՝ Արա Սադոյանը։ Իսկ ով է Ռուբեն Սադոյանը եւ ինչով է հայտնի, նա անընդմեջ երկու անգամ (2007-2017 թթ) ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն այդ տարիներին ոչ ոք նրա ձայնը չի լսել։Իսկ մինչ այդ նա առավել հայտնի էր Գագիկ Բեգլարյանի ընտրական արշավներին կարկառուն դերակատարմամբ, ավելի ճիշտ Բեգլարյանի կամակատարն էր ու ուղղորդվում էր նրա ցուցումներով:

Ի դեպ, 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն, որը գործունեություն է ծավալել քաղաքապետարանի՝ ի դեմս այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցելով՝ զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ են ստացել պատվիրատուից։Ինչ-որ պահի Սադոյանի մասին մամուլը գրեց, որ միլիոնավոր դոլլարներ է պարտք հայաստանյան բանկերին, թե հետո ինչպես փակվեց այդ գումարները, հայտնի չէ: Թե ինչ պետք է անի Սադոյանը Վրաստանում, որտեղ բավականին նուրբ հարցեր կան, որոնք առնչվում են Հայաստանին ու հայ համայնքին, դժվար է պատկերացնել, թեպետ հաշվի առնելով նախորդի՝ Յուրի Վարդանյանի փորձը, կարելի է կարծել, որ Վրաստանում մեզ իրական դեսպաններ, որոնք տիրապետում են դիվանագիտական գործին, պետք չէն։

Պարզապես վրացիները տեղյակ են, որ ի տարբերություն Սերգեյ Մինասյանի, Ռուբեն Սադոյանը մոտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առաջացած խութերը կարգավորելուն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: