Ցա՞րն է կանչում

Nov 01, 2017 Comments Off on Ցա՞րն է կանչում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Երեկ այս մասին հայտնեց ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։

«Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», – ասել է Տողանյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։

Թվում է, թե «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացումն այն միջոցառումն է, որին մասնակցելու համար ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունը լիովին սպասելի է: Բայց, երբ հիշում ենք, որ այս այցը կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից ուղիղ մեկ շաբաթ առաջ, անմիջապես մտաբերում ենք 4 տարի առաջ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի՝ մեկ գիշերվա փոփոխության տխուր պատմությունը:

Կարո՞ղ է կրկնվել 2013-ը… Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը կրկին ենթարկվել Ռուսաստանի ճնշմանն ու հետ կանգնել ԵՄ-ի հետ արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրումից…

Այս հարցի պատասխանը վերջին ամիսներին ու շաբաթներին ամենաշատն է քննարկվում: Հայաստանի իշխանությունների ինքնավստահությունից կարելի է ենթադրել, որ նրանք հանգիստ են: Այսինքն, տպավորություն է, որ Մոսկվայի հետ հարցերը «լուծված» են և Մոսկվան չի խոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը:

Ռուսաստանցի տարբեր փորձագետներ էլ այս ընթացքում վստահեցնում են, թե Մոսկվան ամենևին էլ չի «խանդում» Հայաստանին, և Երևանն ազատ է ստորագրել ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիրը:

Հասկանալու համար Ռուսաստանից կողմից հնարավոր ճնշումների հավանականությունը՝ պետք է դիտարկել Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ԵՄ փոխհարաբերությունները: Իսկ այդ հարաբերությունները ոչ միայն չեն հարթվել, այլև մեղմացման չեն գնում, ինչը Ռուսաստանի իշխանությունների համար խնդիր է: Եթե կուզեք՝ ԵՄ-ից վրեժի լուծելու ցանկացած առիթ Մոսկվան կարող է օգտագործել, և դրա սահմաններում կարող է տեղավորվել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման վիժեցումը:

Սակայն, մյուս կողմից, Ռուսաստան-ԵՄ փոխհարաբերություններն էլ ավելի բարդացնելու Մոսկվան կարող է չդիմել: Երկրորդ անգամ Հայաստան-ԵՄ համաձայնագրի տապալումն ուղղակի կնշանակի առճակատման նոր փուլ Ռուսաստան-ԵՄ հարթությունում՝ արդեն հետխորհրդային տարածքի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: