Նա պահանջում է բարձր գնաճ

Nov 01, 2017 Comments Off on Նա պահանջում է բարձր գնաճ

 

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ իրեն զարմնացնում են գնաճի մասին հարցադրումները: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գնաճի խնդիր չկա. արձանագրվել է ընդամնեը 1,7 տոկոս գնաճ, որը նույնիսկ ցածր է. «Գնաճը, դա հնարած ինչ-որ մի երևույթ ա: Այս պահին 1,7 տոկոս գնաճ կա, իսկ երկու ամիս առաջ, երբ գնաճի մասին խոսակցությունները սկսվեցին, մենք անգամ դեֆլացիա ունեինք, գնաճ ընդհանրապես չկար»,- հայտարարել է Ջավադյանը: Լրագրողները հարցրել են, թե նա ժամանակ առ ժամանակ խանութ գնո՞ւմ է, ինչպես դա անում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Պարզվում է, որ Արթուր Ջավադյանը խանութների անցուդարձից տեղյակ է և հաստատում է, որ օրինակ միսն ու կարագը թանկացել են. « Կարագն ու միսը թանկացել են, բայց քանի-քանի ապրանքատեսակ է էժանացել:ԿԲ-ն իր գործիքներով երբևիցէ չի կարող ազդել կարագի կամ մսի գների վրա: Մեր գործիքներով կարող ենք ազդել ընդհանուր գների կայնության վրա»,- հայտարարել է ԿԲ նախագահն ու նշել, որ իրենց ունեցած գործիքների կիրառման կարիքն առայժմ չկա, քանի որ շուկայում մտահոգիչ գնաճ չկա: «Խնդրում եմ Ձեզ բոլորիդ անդրադառնալ նախորդ տարիների գներին և դրանք համեմատել այս տարվա գների հետ»,- կոչ է արել Ջավադյանը: ԿԲ ղեկավարը նաև համոզված է, որ 4 տոկոս գնաճը նորմալ ցուցանիշ է, իսկ օրինակ 2 տոկոսը ցածր է մեր երկրի համար, որովհետև ցածր գնաճը հարվածում է տնտեսական աճին. «Մենք անսպառ կարող ենք կրճատել տոկոսադրույքներն ու ունենալ դեֆլյացիա, բայց այդ ժամանակ չենք ունենա տնտեսական աճ, այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ներդրումներ ՀՀ-ում չեն լինի»,- ասել է նա: ԿԲ-ն, ըստ Ջավադյանի 2017-ին վարել է ընդլայնողական կուրս,  իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի նվազեն վարկերի տոկոսները, ինչը դրական է: Բայցի այդ՝ Ջավադյանը ինքն իրենից  գոհ՝ հայտարարել է, որ Հայաստանում վճարվող նվազագույն աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է: «Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է», – ասել է Ջավադյանը։

Նա ընդգծել է, որ 2018-ին նախատեսվող 4 տոկոս գնաճը նորմալ է. «2 տոկոսը ես նույնիսկ համարում եմ, որ ցածր է, որովհետև մենք որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ։»։

Հիշեցնենք, որ հունիսին ընդունված կառավարության 2017-2022 թթ.ծրագրով նախատեսվում է անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Սա ապագայի խնդիր է, իսկ առայժմ արձանագրենք, որ ներկայումս ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, որը վերջին 3 տարում չի վերանավել և վստահաբար, չի համապատասխանում  իրական սպառողական զամբյուղին:

Տարածաշրջանաի երկներից մեր հարևան Վրաստանում 2016 թվականին նվազագույն աշխատավարձը  մոտ 100 դոլար է կազմում: Միջին աշխատավարձը սակայն Վրաստանում 350-400  լարի  է կազմում՝ մոտ 200 դոլար:  Համաձայն ԱՎԾ- տվյալների՝ ՀՀ-ում և միջին և նվազագույն աշխատավարձերը ավելի բարձր են, համապատասխանաբար 55 հազար և 187 հազար ՀՀ դրամ, սակայն ցածր է գնողունակությունը՝ ապրանքների և ծառայությունների բարձր  գների պատճառով:

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: