6,7 մլրդ դոլար պարտք, ծախսերի կրճատում

Nov 05, 2017 Comments Off on 6,7 մլրդ դոլար պարտք, ծախսերի կրճատում

ԱԺ -ում մեկնարկել է 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, նշել է, որ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5-տոկոսանոց տնտեսական աճ։

Ըստ վարչապետի, հաշվի առնելով կառավարության 2017-2022 թվականների ծրագրի նպատակադրումները, 2018 թվականի բյուջեի հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ են կատարվել: Միջնաժամկետ հորիզոնում, ըստ վարչապետի, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունացման ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում: «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017-ի հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018-ի բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5-տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի»։

Ըստ Կարեն Կարապետյանի՝ պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: 2018-ի բյուջեի ծախսային գլխավոր առանձնահատկությունը որոշ ուղղություններով ծախսերի կտրուկ նվազումն է: Մասնավորապես էականորեն կրճատվել են կրթության և առողջապահության ոլորտների հատկացումները, որոնք ուղղակիորեն առնչվում են բնակչության կենսամակարդակի և հանրային կյանքի որակի բարելավման ցուցանիշների հետ: Ու չնայած այս հանգամանքին՝ վարչապետը համոզված է, որ նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:

Որպես գլխավոր ձեռքբերում՝ 2018-ի բյուջեի համար նշվում է մեկ հիմնական փաստարկ՝ 2018 թվականին Հայաստանի պետական պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցվելու է 1տոկոսային կետով: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Իսկ 50%-ը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ﬕջին ցուցանիշի 3%-ը: Հայաստանի պետական պարտքը այս պահին կազմում է ավելի քան 6.2 մլրդ ԱՄՆ դոլար։

Ըստ կառավարության կանխատեսումների՝ 2017-ի վերջին այն կկազմի 6.7 մլրդ դոլար, որից  շուրջ 5.4 մլրդ դոլարը կլինի արտաքին պարտքը, իսկ շուրջ 1.26 մլրդ դոլարը՝ ներքինը։ Ըսը էության որոշ ուղղություններով ծախսերի կրճատումը պայմանավորված է առաջին հերթին պետական պարտքի սպասարկման ծավալի մեծացմամբ:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: