Ով է հաջորդը Ռուզաննա Խաչատրյանի ցուցակում

Nov 01, 2017 Comments Off on Ով է հաջորդը Ռուզաննա Խաչատրյանի ցուցակում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, օրերս արած ֆեյսբուքյան գրառումով բում է բարձրացրել համացանցային տիրույթում: Խոսքը նրա այն ռոմանտիկ գրառման մասին է, որի տակ թաքնված էր բանակից ազատված մի պաշտոնյայի պատմություն: Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ այդ պատմությունը ծավալվել է իր աչքի առաջ, մինչդեռ բանակից ազատված այդ պաշտոնյան ներկայում ճառ է ասում հայրենասիրության եւ ծառայելու անհրաժեշտության մասին, նույնիսկ մատ թափ տալիս։
Թե ով է այդ պաշտոնյան, նա չի նշում: Այդուհանդերձ, հանրային մի մեծ շերտ, այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Խաչատրյանի գրառման տողատակում նկատել են պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին: Ելք խմբակցության ղեկավար Փաշինյանի համոզմամբ Խաչատրյանի գրառումն անուն չի պարունակում, բայց տպավորությունն այն է, որ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է: «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Անկախ ամեն ինչից այս իրավիճակում պաշտպանության նախարարը պետք է հստակ պարզաբանումներ տա 1992 թ. իր բանակ չզորակոչվելու մասին, և լավ կլինի, որ դրանք լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Թեեւ միայն Վիգեն Սարգսյանը չէ, որ զինապարտության մասին օրենսդրական նոր նախաձեռնության քննարկումների ընթացքում ամբիոնից խոսում էր հայրենասիրության եւ ծառայության անհրաժեշտության մասին, սակայն նա էր ամենաշատը մատ թափ տալիս ընդդիմադիր լսարանի վրա։ Ի դեպ, խնդրահարույց նախագիծը դարձավ չարիք նախեւառաջ նախարարի համար, ով լիովին պատռեց իր դիմակը, երեւաց, որ որ երբեմնի մեղմ, հավասարկշիռ ու ցիվիլ ներկայացող պաշտոնյայի մորթու տակ ագրեսիվ, պոռոտախոս, լրագրողներին դասեր տվող, վերեւից նայող ու ընդդիմադիրների հետ պոպուլիստական լեզվով հակամարտող նախարար է թաքնված։ Երեւաց, որ բանակի սովորական դասալիքը կարող է առանց ավելորդ կոմպլեքսների առանձնակի վճռականությամբ պնդել պարտադիր ծառայության մասին, երբ նույնիսկ Վազգեն Սարգսյանը ժամանակին նահանջեց կրթական ոլորտի ներկայացուցիչների ու մտավորականների նախատինքներից հետո։
«Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին» , գրել էր տիկին Խաչատրյանը։

Պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ հուժկու հարվածը մեծ աշխուժություն է առաջ բերել քաղաքական կյանքում։ Ուշագրավ է, որ մինչ Սեյրան Օհանյանն ու իր թիմակից քաղաքական այրերը լռում են խնդրո առարկա նախագծի հետ կապված, տիկին Ռուզաննան սովորույթի համաձայն նախանձելի նախաձեռնողականությամբ գործի է անցնում։ Նրան ճանաչելով կարելի է կանխատեսել, որ առաջիկայում մեծ բում կարող է սպասվել, տիկին Ռուզաննան կարող է մի ամբողջ դոսիե հրապարակել՝ չծառայած պաշտոնյաների ու նրանց զավակների մասին։ Չէ՞ որ ժամանակին նա չլռեց, երբ այդ լռությունն այնգամ կարող է ամուսնու պաշտոնն ու դիրքն արժենալ, իսկ ինչու պիտի հիմա լռի։«Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է. «Ոչնչից ոչինչ է սերում», հատկապես այս վերջաբանը թույլ է տալիս սպասելու, որ տիկին Ռուզաննան շարունակելու է սկսած գործը․եթե նույնիսկ իշխանությունը վերջ չդնի այդ «ամբարտավանությունը, ինքը ձեռքերը ծալած չի նստելու»։

Հաջորդիվ սպասենք նոր անունների։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: