«Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը». ինչ շեշտադրումներ է անում մասնագետը

Oct 30, 2017 Comments Off on «Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը». ինչ շեշտադրումներ է անում մասնագետը

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ նշելով, որ այս պահին ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների։ «Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- նման կարծիք հայտնեց Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝  ամեն ինչ կախված է նրանից, թե Կատալոնիայի իրադարձություններն ինչպես կզարգանան։ Միևնույն ժամանակ համոզված է.  «Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը»։

Այնուհետև խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերից, ինչպես նաև Ժնևում նախագահների հանդիպումից, ասաց.«Տարբեր հանդիպումներ կարող են տեղի ունենալ, բայց դրանից Ադրբեջանի ռազմավարությունն Արցախի հարցում չի փոխվում։ Պայմանավորվե՞լ են ինչ-որ բանի մասին Ժնևում։ Եթե ակտիվացում համարենք տարբեր հանդիպումները, ապա դրանք կարող են ամեն պահի տեղի ունենալ, բայց արդյոք դա կնշանակի, որ ադրբեջանական կողմը փոխել է ռազմավարությունը։ Ես Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չեմ տեսնում, եթե դա լինի, մենք կտեսնենք։ Առանց վստահության վերականգնման՝ բանակցային գործընթացում որևէ ակտիվացում տեղի չի ունենա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: