Որքան է պատրաստ զիջել Ալիևը

Nov 01, 2017 Comments Off on Որքան է պատրաստ զիջել Ալիևը

Շաբաթ օրը ադրբեջանցի շուրջ 1000 ընդդիմադիրներ հակակոռուպցիոն բողոքի ցույց են անցկացրել Բաքվի կենտրոնում։ Ցուցարարները նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր են հնչեցրել։

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին՝ քննադատելով կոռուպցիան իշխանության վերին էշելոններում, ընդգծել է, որ դա խանգարում է բնակիչներին օգտվել նավթի արտահանումից ստացված եկամուտներից։ Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիևն իր հերթին հայտարարել է ․ – «Ընդդիմադիր, անկախ կայքերն արգելափակվել են։ Ավելի քան 160 քաղբանտարկյալներից 20-ը լրագրողներ և բլոգերներ են։ Ադրբեջանն իր քաղբանտարկյալների թվով Եվրոպայում առաջատար է»։

Իշխանությունների հետ համաձայնեցված ակցիան կազմակերպվել էր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից, որը միավորում է տարբեր ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները։ Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքի ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել։

Ալիևի «հաշվարկը» պարզ է. Նա փորձում է ԵՄ-ի հետ որոշակի հարաբերությունների խորացման է գնում, իսկ դա նշանակում է, որ պետք ցույց տա, թե երկրում մարդու իրավունքները պաշտպանվում են, իսկ «ընդդիմությունն» ազատորեն հանրահավաք է անցկացնում:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցեց Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Երկրի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադրին ազատ արձակելու համար։ Եթե բանտարկված ընդդիմադիրը, ով 2013 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։

Այս գործընթացին զուգահեռ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում: ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին առնչվող բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Տալինում անցկացվող «Արևելյան գործընկերության» 4-րդ բիզնես ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայում բանակցությունները շարունակվում են, որոշ ժամանակ է պահանջվել՝ պարզելու համար, թե որ ոլորտները կընդգրկի այդ համաձայնագիրը։ Վստահ եմ, որ համաձայնագիրը ձեռք կբերվի առաջիկա ամիսներին»,-ասել է եվրահանձնակատարը։

Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի գործընկերության և համագործակցության մասին 1996 թվականի համաձայնագիրը, ինչը թույլ կտա առավելագույնս հաշվի առնել ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնց բախվում են այսօր ԵՄ-ն ու Ադրբեջանը։

Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն այսօր բախվում են լրջագույն խնդիրների՝ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության մակարդակի անկման հետևանքով: Կախված այն բանից, թե որ հարցերում և որքան է պատրաստ զիջել Ալիևը՝ կորոշվի Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների մակարդակն ու այդ հարաբերությունների լրջությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: