Ատոմայինի համարժեքը ատոմայինն է

Oct 30, 2017 Comments Off on Ատոմայինի համարժեքը ատոմայինն է

 

 

Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական խնդրահարույց կետերեից մեկն  ատոմակայանի հետագա գործարկմանն է վերաբերվում: Համաձայնագրում ատոմակայնի փակման պահանաջ է դրվում և այս կետը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում այդ կառույցի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է համաձայնագրում խոսք է գնում ոչ թե Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկի շահագործումից դուրս բերելու մասին:  Խոսքը վերաբերում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 1976 թվականին շահագործված առաջին բլոկին, որն այլևս չի շահագործվելու և չի վերակենդանացվելու: «Տարվում են աշխատանքներ, որ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը երկարացվի»,-նշել է Վահրամ Պետրոսյանը: Ըստ նրա`  երկրորդ բլոկը շահագործվել է 1980 թվականին: Ուստի նախագծային ժամկետը լրացել է, սակայն գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործումն երկարացման ուղղությամբ:

Ենթադրվում է, որ  երկորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն առայժմ տասը տարով կերկարացվի: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում`օրինակ  Ռուաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է եղել:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ ատոմակայանի կյանքի տևողությունը երկարացնում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ այլընտրանքային աղբյուր չունենք: Տասը տարով երկարացնում ենք, բայց չենք մոռանում նոր միջուկային էներգաբլոկի մասին: Նոր էներգաբլոկ ունենալը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կշահագործվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկն ու ինչ ֆինանսավորում կլինի»,-նշել է Վահրամ Պետրոսյանը և ավելացրել, որ Հայաստանը մտադիր է է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասին: Այդ նպատակով առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը մի քանի երկրում առաջարկվող տարբերակներից ընտրություն կկատարի ու կունենա նոր էներգաբլոկ:

Առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս բերման  և երկրորդի շահագործման ժամկետը երկարացնելու համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է տրվել Հայաստանին:

Ինչ վերաբերում է արևային և այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրների զարգացմանը, ապա, ըստ Վահրամ Պետրոսյանի, դրանք անհրաժեշտ են Հայաստանին, բայց ներկայումս ատոմակայանը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրը:

Սա, իսկապես շատ լուրջ ռազմավարական խնդիր է և Հայաստանը չի  կարող ատոմակայանը զոհաբերել աշխարհաքաղաքական որևէ կենտրենի: Իրականում ատոմակայնը ՀՀ-ի համար ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է լուծում, այլ նաև Հայաստանի ռազմական անվտանգության յուրօրինակ երաշխիք է: Այն իր տեսակի մեջ խաղաղ նպատակով օգտագործվող ատոմային զենք է, որը մենք չենք գործադրում ընդդեմ որևէ մեկի, սակայն այն մեզ պաշտպանում է հնարավոր հարձակումներից: Բացի այս Հայաստանում այս տարիներին ստեղծվել է ատոմային էներգետիկայի դպրոց, որի պահպանումը գիտական մի ողջ ուղղության զարգացման համար շոգոքարշի նշանակություն ունի: Ուստի ատոմային էներգիային համարժեք կարող է լինել միայն ատոմային էներգիան և ոչ երբեք արևայինը կամ հողմայինը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: