3 ավագ դպրոցներից կսկսվի  կրեդիտների ներդրման փորձարարական ծրագիրը

Oct 30, 2017 Comments Off on 3 ավագ դպրոցներից կսկսվի  կրեդիտների ներդրման փորձարարական ծրագիրը

 

 

Ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որի մասին վաղուց էր խոսվում, կարող է գործնականում մեկնարկել 2018 թվականի սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին: Կրթության և գիտության նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը» , որը հաջորդիվ պետք է ներկայացվի կառավարություն: Կառավարության կողմից հաստատվելուց հետո կրեդիտային համակարգի ներդնման առայժմ փորձնական ծրագիրը 3 ավագ դպրոցներում գալիք ուստարվանից կսկսի գործել:

Ի՞նչ ասել է՝ կրեդիտային համակարգի ներդնում ավագ դպրոցներում

  1. Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդնումը նպատակ ունի հեշտացնել ավագ դպրոց-համալսարան անցումը: Այդ փորձը կա ինչպես ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այնպես էլ Եվրոպական շատ երկրներում: Եվրոպայում որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը՝ European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը չափանիշ է ` համեմատելու բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները, ու հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Նախկին խորհրդային հանրապետություններից Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS) 2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափում են ECTS կրեդիտով , որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության (credit) վրա, որպեսզի  հասնի անհրաժեշտ ակնկալվող ուսումնառության արդյունքներին (grade, վարկանիշ): Հայաստանի համար ԿԳՆ-ն առաջարկում է հետևյալ մոդելը. առաջարկվող մոդելը

միջնակարգ կրթության երրորդ աստիճանում՝ 10-12-րդ դասարաններում,  կրեդիտային (չափանիշային) համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել որպես ուսումնական գործընթացի կազմա­կերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ: Դա նշանակում է, որ ավագ դպրցից հետո բուհ ընդունվելու դեպքում որոշ առարկներ, որոնք սովորողը ուսումնասիրել է ավագ դպրոցում, բուհում կարող է չանցնել՝ ներկայացնելով դպրոցից տարած կրեդիտները:

Ավագ դպրոցի կեդիտային համակարգի ներդրման փուլերը

Առաջին՝ (փորձնական) փուլ – 3 տարի` 2018-2019 ուսումնական տարվանից սկսած: Փորձնական փուլում կընդգրկվեն Ճարտարապեության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը, Երևանի պետական բժշկական համալսարանի <<Հերացի>> ավագ դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը: Եթե ավագ դպրոցի սովորողն ընդունվի տվյալ բուհը՝ հնարավորություն կունենա իր հայեցողությամբ և գործող մոդելին համապատասխան՝ ազատվելու որոշ հանրակրթական առարկաների ուսումնասիրությունից:

Երկրորդ փուլ – 2021-2022 ուստարուց սկսած: Երկրորդ փուլը կներառի ՀՀ պետական մյուս բուհերի կազմում գործող ավագ դպրոցները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության առանձին գործող բոլոր ավագ դպրոցները:

Երրորդ փուլ` 2022-2023 ուստարուց սկսած: Երրորդ փուլը կներառի ՀՀ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները:

Ըստ ԿԳՆ ծրագրի՝ երկրորդ և երրորդ փուլերը կիրականացվեն առաջին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակված ծրագրով:

Նշվում է, որ (մեկ) կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի, ինչը հավասար է 30 աստղաբաշխական ժամի: Մեկ կրեդիտը իր մեջ ներառում է ուսումնական պարապ­մունք­ներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրակա­նացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխա­տանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը:

Դպրոցը յուրաքանչյուր սովորողի համար՝ նրա ավագ դպրոց ընդունման պահից սկսած վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրա­քան­չյուր կիսամյակի (ուսումնական տարվա) ավարտից հետո գրանցվում են սովո­րողի ձեռք բերած կրեդիտները և գնահատականներն ըստ դասըն­թացների, կրթական մոդուլների և ուսումնական տարվա կիսամյակների:

Սովորողի ակադեմիական տեղեկագրում գրանցված կրեդիտները ուժի մեջ են նրա ուսում­նառության ողջ շրջանում` անկախ ուսումնական ծրագրի և ուսումնական հաստատության հետագա հնարավոր փոփոխություններից:

Այս կրեդիտները հետագայում համադրվելու են բուհական կրթական ծրագրերի հետ. դիցուք՝ ավագ դպոցի տված ակադեմիական տեղեկագրում նշված է, որ հայերենից կամ պատմությունից սովորողն ունի, օրինակ, 8 կրեդիտ, իսկ բուհի ծրագրով նույն առարկայից ուսանողին պետք է ստանալ դարձյալ 8 կրեդիտ, ապա նա այդ առարկան կարող է բուհում  պարզապես չուսումնասիրել, բուհ տեղափոխելով ավագ դպրոցի կրեդիտը: Կրթության և գիտության նախարարությունը, կոնկրետ նախարար Լևոն Մկրտչյանը թերևս ակնկալիքներ ունի, որ այս քայլը կնպաստի ավագ դպրոցի կայացմանը:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: