Անարգանք՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին

Oct 29, 2017 Comments Off on Անարգանք՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին

Այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին: Ոճրագործությունից 18 տարի է անցել եւ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ ու սենսացիոն հայտարարություն արեց։
Նա ասաց, որ այդ դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ, ավելին հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։
«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիքմեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցենք», -ասաց նա: Արա Բաբլոյանի խոսքով՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի. «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»։
Դիտարկմանը, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա, թե կլինեին այլ զարգացումներ, Արա Բաբլոյանն ասաց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատնումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։

«Ես միշտ կարծել եմ, որ ուժեր կան, որոնք դրդել են դրան, ու այդ մարդիկ դրսում են»,- մեկ տարի առաջ նույն տեղում նման հայտարարություն արած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր էլ նույն պնդումն արեց։ Նա մեկ տարի առաջ անգամ հայտարարում էր․«Ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»:
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ը մեր պետության ոչ թե ամոթալի, այլ ցավալի էջերից մեկն է, որը եղել է բացառապես թշնամու գաղափարը:

«Նա այսօր էլ փորձում է մեզ վնասել՝ սահմանում ստեղծելով լարվածություն: Ով էլ որ այդ ոճրագործությունը կատարել է, նա հայ ազգի թշնամին է՝ լինի հայը, թե թուրքը, թե որևէ մեկ ուրիշը: Այո՛, սա դրսի ուժերի ձեռքի գործն էր, որովհետև Նաիրին իր եղբայրների հետ դրսերում էր եղել ու դրսերում էր պարտրաստվել»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը։

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ համաձա՞յն եք Արա Բաբլոյանի այն կարծիքի հետ, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, ՀՀ զարգացման կյանքում ոչինչ չէր փոխվի՝ Նիկոլ Փաշինյանը զարմացավ. «Դա ծիծաղելի միտք է, կներեք: Ո՞նց: Ես չգիտեմ ով ինչ է ասել, բայց եթե նման միտք է հնչում, դա ուղղակի վիրավորանք, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: