Սերժ Սարգսյանը գտել է «փրկվելու» բանալին

Oct 30, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը գտել է «փրկվելու» բանալին

Գրեթե երկու շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի  Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակումը լուրջ ազդակ էր այն մասին, որ կողմերն, իսկապես, լրջորեն մտադիր են նոյեմբերի 24-ի Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովում ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը:

Նախօրեին էլ մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակցի ձեռքի տակ է հայտնվել համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության նոր համաձայնագիրը:

Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից:

Հայտարարության նախագծով Բրյուսելը վերստին աջակցություն է հայտնում նախկին Խորհրդային Միության վեց պետությունների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը՝ փաստելով. – «Հետագա համագործակցության շրջանակը և խորությունը որոշելիս հաշվի են առնվելու ոչ միայն երկկողմ կարիքները և հավակնությունները, այլև՝ իրականացվող բարեփոխումների ընթացքն ու որակը»:

Պատրաստակամություն հայտնելով շարունակել ֆինանսական աջակցությունը գործընկեր երկրներին, նախագիծը շեշտում է՝ օգնության չափը կախված է լինելու հստակ բարեփոխումներից․ ավելի շատ կստանան այն երկրները, որոնք ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկեն ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն ու ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Առանց որևէ պետություն մատնանշելու՝ փաստաթղթի նախագիծը նաև շեշտում է, որ Արևելյան գործընկերությունը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ, ինչպես նաև վերահաստատում, որ ցանկացած երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինչպես է ցանկանում շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ:

Ի տարբերություն երկու տարի առաջ Ռիգայում ընդունված համատեղ հայտարարության, այս տարվա նախագծում բավական ընդհանուր են ձևակերպումները տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: Հասցեական չառանձնացնելով որևէ տարածքային վեճ՝ նախագիծը կոչ է անում ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», – ասված է փաստաթղթում:

Նախագծի տեքստն արդեն համաձայնեցվել է Եվրամիության անդամների միջև և այժմ ուղարկվել է Արևելյան գործընկերության երկրներ: «Փաստաթուղթը մինչև նոյեմբերյան գագաթնաժողովը կարող է և խմբագրվել, սակայն լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում», – հաղորդում է «Ազատության» Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ փաստելով․ – «Եվրամիության անդամ 28 երկրները հազիվ թե ետ կանգնեն ձևակերպումներից, որոնց շուրջ համաձայնության գալու համար նրանցից ավելի քան երեք ամիս ժամանակ է պահանջվել»:

Փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը լավ բանակցված, Հայաստանի զարգացման հնարավորությունների առումով՝ դրական սկիզբ է, որի շարունակականության ապահովումը կախված է բացառապես նրանից, թե մեր իշխանությունները որքանով են պատրաստ իրական բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչ տնտեսական:

Մնացածն, ինչպես ասում են, կարող է մնալ թղթի վրա ընդամենը:

Իսկ առայժմ, Հայաստանի իշխանությունը կարողանում է հրապարակայնացնել ու համոզիչ դարձնել այն վարկածը, որ Հայաստանի կողմից որևէ խնդիր ու խոչընդոտ չկա, և պաշտոնական Երևանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը:

Ի դեպ, հոկտեմբերի 26-ին Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։ Յոհանես Հանը չի մատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: