Ո՞ւմ է ուղղված Պուտինի կոչը, ո՞վ է հրթիռ կիրառել Արցախում

Oct 30, 2017 Comments Off on Ո՞ւմ է ուղղված Պուտինի կոչը, ո՞վ է հրթիռ կիրառել Արցախում

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Աջակցում ենք նաև ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք այժմ մշակում են հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման շուրջ՝ քննարկելու համար կարգավորման հարցերը և միջոցներ ձեռնարկելու իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- հավելել է Զախարովան: Միաժամանակ Զախարովան ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը հակամարտության գոտում շարունակում է մնալ «ոչ պարզ»: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ չլուծված հարցերի կարգավորման ուղիներ որոնելու համար»,- ընդգծել է Զախարովան:

Կողմերին կառուցողական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ հարյուրավոր, հազարավոր հայտարարություններ են հնչել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու տասնամյակից ավելի: Բայց, ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի չհիմնավորված ու չարդարացված «չեզոքությունն» արդեն անտանելի է դառնում: Դա կարելի է ուղղակի հանցավոր լռություն համարել:

Միթե Մոսկվան չգիտի, թե որ կողմն է ապակառուցողական դիրք բռնել, այն էլ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում հայ զինվոր զոհվեց, և Ադրբեջանն «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ կիրառեց:

Ո՞ւմ է ուղղված Մոսկվայի լղոզված հայտարարությունը… Հայկական կողմի՞ն…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները», – ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», – հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

Հիշեցնենք, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

Նկատենք, որ ի տարբերություն Մոսկվայի, Վաշինգտոնը բարձրաձայնում է կարգավորման բոլոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ուժի չկիրառման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով, մի բան, որը Մոսկվան խուսափում է շեշտել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: