Կլանի բարդ «խաղերը»

Oct 31, 2017 Comments Off on Կլանի բարդ «խաղերը»

Երեկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են խմբավորում, որը ծրագրել էր ահաբեկչական գործողություն իրականացնել հոկտեմբերի 28-ին Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ: «Պարզվել է, որ մի խումբ անձիք, ովքեր ենթարկվում են կրոնական-ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանը, որը գործում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ահաբեկչությունների իրականացման նպատակով պատրաստել են պայթուցիկ սարքեր և փորձարկել դրանք Լոկբատան բնակավայրի տարածքում (Բաքվից ոչ հեռու)»,-ասվում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։ Գրոհայինները սպանվել են ձերբակալության ժամանակ, քանի որ ուժայիններին դիմակայություն են ցուցաբերել և կրակ բացել նրանց վրա։

Մինչ Բաքվում խառը ժամանակներ են՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն նախատեսում է մեկնել Ադրբեջան: Ծրագրված է, որ նրա այցը տեղի կունենա՝ հոկտեմբերի 30-ին: Նազարբաևը կմասնակցի Բաքվում հոկտեմբերի 30-ին կայանալիք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հանդիսավոր բացման արարողությանը:

Բաքվում օրերս անցկացվեց ռազմական համագործակցության հարցով ադբեջանա-իրանական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Ըստ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պատվիրակության հետ, որը գլխավորել է Իրանի պաշտպանության փոխնախարար, աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-մայոր Հոջաթոլլահ Ղորեյշին։

Գոհունակություն արտահայտելով ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակի վերաբերյալ՝ Ղորեյշին նշել է այդ հարաբերությունների զարգացման մեջ ռազմական մասնագետների փոխադարձ այցերի նշանակությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակին, այդ թվում ԼՂ խնդրին, հյուրն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տեղեկացնելով, որ Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Հանդիպմանը կայացել է նաև կարծիքների փոխանակություն ռազմական ոլորտում, Կասպից ծովի ավազանում անվտանգությանն առնչվող հարցերում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում համագործակցության ընթացիկ վիճակի շուրջ։

Իսկ Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու վերաբերյալ, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը։

«Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի, իսկ այնուհետև Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ միավորելու հարցը, քանի որ դա Ադրբեջանի համար հասանելիություն կապահովի դեպի Չինաստան»,-ասել է դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ այն բանից հետո, երբ պատրաստ լինի Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս, Ադրբեջանն ուղիղ երկաթուղային միացում կստանա Պակիստանի հետ, քանի որ ինքն ու Իրանն արդեն կապված են երկաթուղիով։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միավորելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ։ Առաջին փուլում միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ավելի քան 10 մլն տոննա։

Իսկ դեկտեմբերին Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Բաքվում եռակողմ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։ «Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Բաքվում կկայանա մոտավորապես դեկտեմբերի երկրորդ կեսին։ Այժմ եռակողմ հանդիպման ժամկետը հստակեցվում է»,-հայտնում են ադրբեջանական գործակալությունները՝ հղում անելով Բաքվում իրանական դեսպանատան ներկայացուցչին։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: