Ոստիկանությունը դարձել է անհրապույր

Oct 29, 2017 Comments Off on Ոստիկանությունը դարձել է անհրապույր

Հայաստանի ուժային կառույցները կադրային լուրջ խնդիրներ ունեն: Այս օրերին խորհրդարանում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որի ընդունումը նպատակ ունի լուծել ոչ միայն սովորական ժամկետային զինծառայության, այլ նաև սպայական անձնակազմի համալրման հարցը: Կադրային խնդիր ունի նաև ոստիկանությունը: Ըստ էության համակարգը չի կարողանում անհրաժեշտ որակավորում ունեցող կադրեր գտնել: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ոստիկանության ուսումնական հաստատությունում կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորություն տալ: Համապատասխան կառավարության որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում:

Ըստ այդմ՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացված վերապատրաստումների հիման վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության մարզային վարչությունների փորձագետներին, ոստիկանության պետի ներքին ակտով սահմանված կարգով, կարող է տրվել կոնկրետ ոլորտում հետազոտություններ և փորձաքննություններ կատարելու, ինչպես նաև հանցագործության դեպքի վայրի զննությանը մասնակցելու իրավունք: Այդպիսի իրավունքի թույլտվության համար նախատեսվում են 90-օրյա վերապատրաստման դասընթացներ:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության մարզային վարչության փորձագետներին փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու իրավունքի շնորհման գործընթացում առաջացող խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Ներկայումս ստաժավորման ժամկետները բավարար չեն փորձագետների համար կոնկրետ ոլորտում փորձաքննություններ իրականացնելու գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման համար: Բացի այդ ուսումնական հաստատությունում անցկացվող դասընթացներից զատ, անհրաժեշտ է փորձագետների վերապատրաստման գործնական պարապմունքները անցկացնել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝ առավել ամբողջական և խորը գիտելիքներ փոխանցելու համար»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ նախագծով կլուծվի ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում փորձագետների համալրման խնդիրը և փորձաքննություններ ու հետազոտություններ կատարելու իրավունք չունեցող բոլոր ծառայողներին փորձաքննություն իրականացնելու իրավունք կշնորհվի՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա պարտադիր վերապատրաստման դեպքում:

Ժամանակին ոստիկանությունը եղել է այն համակարգը, որտեղ աշխատելը միշտ մագնիսական ձգողականություն է ունեցել: Ոստիկանությունը միշտ կադրերի ընտրության շատ լայն հնարավորություններ է ունեցել, քանի որ այնտեղ աշխատելու ցանկություն ունացողնեի պակաս երբեք չի եղել: Բայց այսօր համակարգը դեպքի վայրի զննությամբ զբաղվող փորձագետների պակաս ունի, իսկ դա նշանակում է մի պարզ բան՝ բարձրակարգ փորձագետները չեն մնում համակարգում, այն այլևս հրապուրիչ չէ:

 

Արման  Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: