Ղարաբաղի և Հայաստանի սահմանին տեղադրվելու են Մաքսային միության անցակետե՞ր

Oct 29, 2017 Comments Off on Ղարաբաղի և Հայաստանի սահմանին տեղադրվելու են Մաքսային միության անցակետե՞ր

 

Կառավարության վերջին նիստում որոշվել է հավանություն տալ 2017 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Փաստաթղթում ներկայացված են մաքսային միության ընթացակարգերը, սահմանված է այդ միության տարածքը: Նշվում է նաև, որ Մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին են ներկայացվում մաքսային փաստաթղթերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

«Մաքսային գործառնություններ իրականացնելիս մեկ անդամ պետության տարածքում լրացվող և մեկ այլ անդամ պետության մաքսային մարմիններին ներկայացնելու ենթակա մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերենով»:

Լեզվի մասին կա մեկ այլ դրույթ ևս. «Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով, իսկ եթե ռուսերենը պետական լեզու չէ այն անդամ պետությունում, որի մաքսային մարմին է ներկայացվում նախնական տեղեկատվությունը, ապա անձի ընտրությամբ՝ նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով կամ այդ անդամ պետության պետական լեզվով»: Սա նշանակում է, որ հայերենը ևս կարող է օգտագործվել տեղեկատվության փոխանակման և փաստաթղթավորման նպատակով:

Նախատեսվում է, որ Միության մաքսային սահմանին տեղակայվում են  անդամ պետությունների պետական սահմանների անցակետեր: Միության պաշտոնական կայքում տեղադրում է այդպիսի անցակետերի տեղեկատվական ցանկն ու այդպիսի անցակետերի անձնագրերի ընդհանուր ռեեստրը: Մաքսային միության պայմանագրի այս կետը Հայաստանի համար բավականին նուրբ և խոցելի է, քանի որ Հայաստանը, դառնալով այս միության անդամ, ընդգրկվում է մի այնպիսի տնտեսական տարածքում, որի մեջ Ղարաբաղը ներառված չէ:

Ըստ պայմանագրի՝ Միության մաքսային տարածքը կազմում են անդամ պետությունների տարածքները, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները և մյուս օբյեկտները, որոնց նկատմամբ անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն: Արդյո՞ք Ղարաբաղը կարող է օգտվել Միության ընդհանուր մաքսային ռեժիմից, օրինակ, որպես Հայաաստանի բացառիկ իրավազորության ներքո գտնվող տարածք: Նման հարց ԵԱՏՄ շրջանակում չի քննարկվել, բայց եթե հաշվի առնենք, որ այդ միության անդամ պետություններից առանվազն երկուսը՝ Ղազախստանն ու Բելառուսը, ընդգծված բացասական դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում, ապա հազիվ թե համաձայնվեն նման մոտեցմանը: Հաջորդ խնդիրը սահմաններին դրվող անցակետերն են. արդյոք Հայաստանի և Ղարաբաղի սահմանին դրվելո՞ւ են Մաքսայաին միության անցակատեր: Մաքսային միության պայմանագիրը ենթադրում է, որ ամբողջ միության տարածքում տեղի է ունենալու ապրանքների տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և ապրանքաշրջանառության ծավալների վերահսկում: Եթե Ղարաբաղը չի համարվում Մաքսային միության տարածք, ապա ստացվում է, որ Միության անդամները կա՛մ պետք է չտեսնելու տան ու անտեսեն  Արցախի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, կա՛մ էլ անխուսափելի է դառնալու անցակետերի տեղադրումը հայկական երկու պետությունների միջև:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: