«Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը». Ալեքսանդր Գեսսել

Oct 26, 2017 Comments Off on «Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը». Ալեքսանդր Գեսսել

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման ուղղությամբ տարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո ընդունված սահմանադրական օրենքներին և դրանց մշակման աշխատանքներում կարևորել Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, որոնք ուղղված են անկախ, թափանցիկ ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձել է էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին առցանց պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարը նշել է, որ Սահմանադրության փոփոխություններից  հետո Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը և շարունակում է առաջընթաց գրանցել հատկապես  դատաիրավական ոլորտում:

Ալեքսանդր Գեսսելը նախարարից հետաքրքրվել է նաև քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ընդգծել է 3 ուղղություններով կատարվող աշխատանքները՝ առողջապահական ծառայությունների բարելավում, քրեակատարողական նոր հիմնարկների կառուցման և Պրոբացիոն ծառայության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում: Հանդիպման ավարտին կողմերն առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: