Պատժել մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրությունը խախտողներին

Oct 26, 2017 Comments Off on Պատժել մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրությունը խախտողներին

Երեկ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրության 31-րդ հոդվածի գործողությունն ապահովելու, երրորդ անձանց հետ երեխաների մասին տեղեկությունները քննարկելու, այլ անձանց դրանք փոխանցողներին խստագույնս պատժելու համար:

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը վերնագրված է «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը»,  սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Սակայն վերջին շաբաթների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում և դպրոցներում այս դրույթը խստորեն չի պահվում: Առկա են բողոքներ, որ որոշ երեխաների, ծնողների խնդիրները, անձնական կյանքին վերաբերող մանրամասները հրապարակային քննարկվում են երրորդ անձանց հետ:

Դիտարկումներս նաև ցույց են տալիս, որ սա ինչպես գիտելիքի պակասի, այնպես էլ միտումի հետևանք է: Կրթական ոլորտի աշխատակիցները չեն գիտակցում Սահմանադրության այս դրույթի խախտման իրավական հետևանքները խախտողների նկատմամբ: Սահմանադրության վերոնշյալ դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը և հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն երևույթը կանխելու համար:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հանձնարարականներ են տրվել այս կապակցությամբ և ինչ ժամկետներում դրանք կիրականացվեն: Տեղեկացնեմ նաև, որ սույն խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել նաև կրթական ոլորտի քաղաքականության պատասխանատու Կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան դասընթացների միջոցով խնդրի էությունը ևս մեկ անգամ պարզաբանելու մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին, թեպետ վերջիններս՝ ունենալով համապատասխան որակավորում, այս ոլորտում պետք է որ ստացած լինեին համապատասխան գիտելիք: Կից ներկայացնում եմ մանկապարտեզներից մեկում ծնողի բողոքից հետո սոցցանցերում տվյալ մանկապարտեզի աշխատակցի կողմից կազմակերպված տեղեկատվական «արտահոսքը» բողոքող ծնողի և նրա ընտանիքի վերաբերյալ:

Կարծում եմ, որ սույն աշխատակիցը հանգամանքները պարզելուց և մեղավորությունը հաստատվելուց հետո պետք է տեղ չունենա ոլորտում, ինչպես նաև Ձեր միջնորդությամբ սույն փաստի առթիվ իրավապահ մարմինները կանցկացնեն հետաքննություն:

Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: