Պաշտպանության նախարարը «պատերազմ» հայտարարեց

Oct 27, 2017 Comments Off on Պաշտպանության նախարարը «պատերազմ» հայտարարեց

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նյարդերն այսօր տեղի տվեցին, նա պատերազմ հայտարարեց Ելք խբակցության պատգամավորներին, որոնք երկու օր շարունակ քննադատում են նախարարին օրենքում նախատեսվող փոփոխությունների, իր եւ կուսակիցների՝ բանակում չծառայելու եւ այդուհանդերձ բոլորին բանակ զորակոչելու գաղափարի համար:
Վիգեն Սարգսյանը նախ խոսեց Ելքի պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին: «Պարոն Մարուքյանն անընդհատ հարցնում էր իմ կոմֆորտից, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից, ես էլ իրեն կուզեի հարցեր ուղղեի իր գործընկերների մասին, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից: Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ անգամ մեկ օր զորամասում չծառայելուց հետո: Ձեր որ արածի համար էր դա, որ հիմա էլ այս ամբիոնից մեղադրում եք կոմֆորտի ու դիսկոմֆորտի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա անդրադարձավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի քննադատություններին:
«Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց ա եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարող է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարն օգտագործելով, ուզում եմ հարցնեմ՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունն ստացել: Իսկ եթե դա ֆորմալ է արել, ինչո՞ւ է կարծում, որ այսօրվա երիտասարդը չի կարող անել, վերին արտի ցորե՞ն է»,- հարցադրում արեց նախարարը: Նա նշեց, որ ինքը միշտ փորձել է կոռեկտություն պահել, բայց կոչ է անում կոռեկտությունը չշփոթել միամտության հետ: Եթե փորձելու են ոմանք դրանով դիվիդենտներ շահել, ապա պատասխանը լինելու է համարժեք:
«Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորդարանում»,- Ելք-ի պատգամավորներին դիմեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը բացահայտեց, որ Ելք-ի պատգամավորները իր հետ առանձին քննարկումների ժամանակ ոչ մի դժգոհություն ու առաջարկ չեն արել: Բայց պարզվում է՝ դժգոհ են, թաքուն են պահել, որպեսզի, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա:
Նա հարցադրում արեց՝ ո՞ւր է տրամաբանությունը, երբ պաշտոնյաների «ոսկե» զավակների դեմ պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչո՞ւ է Պաշտպանության նախարարը դեմ փողով ու օրենքի խախտմամբ չծառայողներին լեգիտիմացնելուն:
«Պարոն Փաշինյան, երեկ ձեր նշած հետախուզվողների զգալի մասն այն անձինք են, որոնց 27 տարին առաջակայում լրանալու է: Նրանք սպասում են, որ տարիքը լրանա և մեր կողմից ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենք իրենց սահմանադրական պարտքը դրանով կատարել են այնպես, ինչպես առաջնագծում ծառայած երիտասարդները: Ընկել եք հոգևոր ճեմարանում ծառայող 18 հոգու հետևից, կարծես էս երկրում Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության համար», ասաց Վիգեն Սարգսյանը:

Պատասխան հարվածը չուշացավ:Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ երբ ինքը պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էր պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր.«Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ և այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր և ամենաշատ հարցերը ինքը տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտապնելիս», – ասաց պատգամավորը։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին նախարարի հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել, իսկ պատվոգիր ստացել է, որովհետեւ ապրիլյան պատերազմի օրերին կամավորության սկզբունքով մեկնել է առաջնագիծ եւ խրամատ է փորել.ՙԻրենց մեջ կա՞ նման գիտնական, որ խրամատ է փորել՚ հարցադրում արեց Մարուքյանը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: