ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

Oct 26, 2017 Comments Off on ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

«Ամերիկայի ձայն»-ի հարցազրույցը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ

-Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, Ձեր կարծիքով, ի՞նչ ձգտումներ ունի հայաստանյան հասարակությունը։ Դեպի Արևմո՞ւտք է արդյոք այդ կողմնորոշումը, և հնարավոր է արդյոք դրա իրականացումը աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում։

-Շնորհակալ եմ այս հարցի համար։ Շատերն են այս նույն հարցն ինձ ուղղում, և ես ուզում եմ, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը լինի հստակ։ Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, և հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարևոր է։

Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական և տնտեսական կապեր կան երկու երկրների միջև։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է և′ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։ Անկեղծորեն ասեմ՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ։ Սկզբում դուք հարցրիք՝ արդյոք Հայաստանը իր ներուժն ամբողջությամբ է իրացրել՝ լինի տնտեսական զարգացման, թե՝ ժողովրդավարության զարգացման ասպարեզներում։ Շատ ու շատ խնդիրներ նաև պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով, կոռուպցիայի խնդիրը կա, ազգային անվտանգության խնդիրը կա։ Եվ ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում։

–Մի առիթով Դուք ասել եք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն ամենալավ պաշտոնն է աշխարհում։ Դա նշանակում է, որ դուք այստեղ Ձեզ լավ եք զգում։ Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում ամերիկյան բիզնեսը։ Դուք հրավիրում եք գործարարներին այստեղ ներդրումներ կատարելու։ Սակայն գալի՞ս են արդյոք նրանք այստեղ։

-Երբ ես մինչ Հայաստան գալը հանդիպեցի ինձ նախորդող դեսպանին՝ պարոն Ջոն Հեֆֆերնին, նա ասաց․ «Դու կսիրես այս գործը, դա աշխարհի ամենալավ գործն է»։ Ու չսխալվեց։ Ինձ համար պատիվ է լինել Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում, ներկայացել Միացյալ Նահանգները՝ այդ մեծ տերությունը, որն ունի նաև մեծ պատասխանատվություններ աշխարհում։ Հայաստանում, այս հնամենի երկրում, մենք շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդի տոկունության, տարբեր մշակույթների հետ առնչության առումներով։ Հայ ժողովուրդը կարողացել է, դարեր շարունակ մաքառելով, կերտել իր պետականությունը։ Իրոք, մեծ պատիվ է, որ ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները այստեղ՝ Հայաստանում։

Ամերիկյան գործարարները, ամերիկյան բիզնեսն այստեղ իրենց լավ են զգում։ Նրանք վստահ են, որ կարող են Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնել։ Կարծում եմ՝ դրա վառ ապացույցը վերջին երկու տարիներին երկու խոշոր ամերիկյան ներդրումների փաստն է՝ մեկը ՝՝Քոնտուր Գլոբալ՛՛ ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումն է։ Այս ընկերությունն այժմ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում Հայաստանում։ Մյուսը ՝՝Լիդիան ինթերնեյշընըլ՛՛ ընկերությունն է՝ Ամուլսարի հանքավայրի հետ կապված ծրագրի ներդրումը, որը կրկին ամերիկյան խոշոր ներդրում է այստեղ։ Նաև ունենք միջին չափի ամերիկյան մեծաթիվ ընկերություններ՝ սկսած ՝՝Թութթի ֆրութթի՛՛ ընկերությունից մինչև ՝՝Բուրգեր քինգ՛՛ ֆրենչայզինգային ցանցի ներկայությունը Հայաստանում։ Ավելին՝ օրերս մենք կհայտարարենք ամերիկյան ևս մեկ ընկերության մուտքը՝ մեկ այլ ոլորտում։ Եվ, իհարկե, պետք է նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ շատ ու շատ ամերիկյան ընկերություններ աշխատում են՝ սկսած ՝՝Սինոփսիս՛՛-ից մինչև ՝՝Այ Բի Էմ՛՛-ը։

Այս բոլոր ընկերությունները հաջողությամբ աշխատում են, իրականացնում են իրենց գործունեությունն այստեղ։ Նրանք խորհրդակցում են դեսպանության հետ, իրենց գործընկերների ընտրության հարցում կշռադատված մոտեցումներ ունենալու համար։ Մենք ամերիկյան բոլոր ընկերություններին, ներդրողներին մշտապես հորդորում ենք՝ եթե որեւէ խնդրի եք բախվում, օրինակ, մրցակցային դաշտում, և կարծում եք, որ ձեր նկատմամբ դրսևորվում է անհավասար վերաբերմունք, մրցակիցը լինի հայաստանյան կամ իրանական, չինական կամ ռուսական ընկերություն, անմիջապես դիմեք դեսպանություն։ Կարևոր է, որ այս ընկերությունները լավ իմանան երկրի իրավական դաշտը և գործեն դրա շրջանակներում։

-Դա նշանակում է, որ դեսպանությունը ամերիկյան գործարարներից չի՞ լսել կոռուպցիայի կամ որևէ այլ խնդրի հետ կապված բողոքներ։

–Ես երևի այսպես ձևակերպեմ․ չի եղել որևէ խնդիր ամերիկյան գործարարների հետ կապված, որի պարագայում հնարավոր չլիներ գտնել կարգավորում՝ այդ հարցի համար ապահովելով հավասար և արդարացի լուծում։ Այս կառավարությունը շահագրգիռ է, որ լինեն ամերիկյան ներդրումներ, որ ամերիկյան ընկերություններն աշխատեն այստեղ, և երբ որևէ խնդրի մասին նրանց մոտ հարց է բարձրացվում, շատ արագ արձագանքում են։

–Ի՞նչն է Ձեզ ամենից շատը զարմացրել Հայաստանում։

-Ինչից եմ զարմացել ամենից շա՞տը։ Դա այն է, թե որքան շատ ընդհանրություններ կան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Այն արժեքները, խնդիրները, որ մտահոգում են մեր հասարակություններին՝ թե՛ այստեղ, թե՛ Միացյալ Նահանգներում, նույնն են․ ընտանիքի կարևորությունը, համայնքի, շրջապատի հետ իրենց սերտ կապերը, ձեռնարկատիրական ջիղը, կրթության նկատմամբ սերը։ Սրանք հայաստանյան արժեքներն են, որոնք նաև Միացյալ Նահանգների հետ նույնական են։ Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ երկու հասարակությունների միջև ամուր կապեր կան։ Այո, ես Հայաստանը համարում եմ արևմտյան հասարակություն, իսկ որպես դիվանագետ՝ միշտ ուրախալի է տեսնել, որ ընդհանուր արժեքները շատ են, և դա միշտ ողջունելի է, թույլ է տալիս մեզ մի փոքր տանը զգալ։

Ասեմ, թե ինչն է տարբեր։ Սնունդը։ Միացյալ Նահանգներում մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում սննդին, ամեն տեղ կալորիաներ են հաշվում։ Իսկ Հայաստանում շատ ուտելիք, համեղ ուտելիք կա, մարդիկ շատ հյուրասեր են, ամեն տեղ առաջարկում են՝ ուր էլ, որ գնաս։ Դա է պատճառը, որ այստեղ գտնվելու ընթացքում, ես մի փոքր քաշ եմ հավաքել։

Այո, շատ են նմանությունները և դրա հետ մեկտեղ շատ են նաև տարբերությունները։ Շատ հետաքրքիր է հայաստանյան եկեղեցական երգչախմբերին լսել, հաց թխելը տեսնել, հայկական ձեռագործ աշխատանքներն են շատ հետաքրքիր, արհեստագործների աշխատանքները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք «Իմ Հայաստան» ծրագիրը նախաձեռնեցինք Սմիթսոնյան հաստատության հետ միասին։ Այդ ծրագիրը նախատեսված է, որ գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավվեն, և Հայաստանը հասանելի դառնա զբոսաշրջային շրջանակների համար։ Աշխարհին ներկայացնելու, պատմելու շատ բաներ ունի Հայաստանը։

Վերջերս ես Արենիի քարանձավում էի։ Մի ծրագիր էր իրականացվել մեր աջակցությամբ, որով ապահովվել էր ցուցանակների տեղադրում, բազրիքների տեղադրում, լուսավորություն, ինչն այդ վայրն առավել գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։ Եվ ես ուրախ եմ, որ կա այդ ծրագիրը, որը կփորձի նպաստել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի պատմությունը շատերին հասանելի կդարձնի։ Ես նաև գինեգործ ընկերներ ունեմ, ովքեր շուտով գալու են Հայաստան՝ գինեգործության ոլորտին ծանոթանալու։ Սա զարգացում ապրող, աճող ոլորտ է։ Շատ հետաքրքիր է լսել այստեղ գինեգործության պատմությունը, ծանոթանալ դրա ակունքներին, ինչն էլ ներակայացվելու ու է զբոսաշրջիկներին։

–Հայկական ի՞նչ սովորություններ կան, որոնք կուզենայիք տանել Ձեզ հետ և նշել Միացյալ Նահանգներում։ Օրինակ՝ Հայաստանում շատերն արդեն Գոհաբանության օր են նշում։

-Ես չգիտեի, որ Հայաստանում Գոհաբանության օր են նշում, դա հրաշալի է։ Մի հայկական ավանդույթ ես իրոք շատ հավանել եմ, բայց Նահանգներ չեմ կարող դա տանել, որովհետև ինձ դրա համար դատի կտան։ Դա Վարդավառի տոնն է, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում։ Մեկ այլ ավանդույթ, որ ինձ շատ դուր է գալիս, Սուրբծննդյան տոներն են Հայաստանում։ Այստեղ մարդիկ այդ օրերին ավելի շատ ընտանիքի հետ են լինում, ընտանեկան հավաքներ են անցկացնում, նշում են տոնը ընկերների, բարեկամների հետ, ճաշում են, մի բաժակ կոնյակ են խմում։ Սուրբծննդյան տոնի ուղղվածությունը մեզ մոտ մի փոքր այլ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: