Բաղրամյան 26-ի նոր սյուրպրիզը Սամվել Ալեքսանյանի համար

Oct 29, 2017 Comments Off on Բաղրամյան 26-ի նոր սյուրպրիզը Սամվել Ալեքսանյանի համար

Այն պահից, երբ Հայաստանում տնտեսական քաղաքականությունն իրենց ձեռքը վերցրեցին Սամվել եւ Կարեն Կարապետյանները, ակտիվորեն խոսում են, որ Սամվել Ալեքսանյանի՝ նույն Լֆիկ Սամոյի գործերն ավելի աջ են գնալու: Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը նրա ընտանիքի քավորն է ու քանի քավորը կա, իր գործերն ավելի են լավանալու ու ինքն էլ քավորի կողքին է լինելու:

Հետզհետե այդ խոսակցություններին փորձ արվեց իրական շունչ հաղորդել: Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնեսը ծաղկում է եւ այդ գործընթացը լեգիտիմացվում է անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Վկան շաբաթներ առաջ Ալեքսանյանի դստեր տնօրինությամբ աշխատող տրիկոտաժի գործարան նախագահի այցելությունն էր, որին ուղեկցում էր Սամվել Կարապետյանը: Սակայն թերեւս տարօրինակ է այս ամենն այն առումով, որ ամենազգուշավոր Սամվել Ալեքսանյանը երբեւէ չի դրսեւորվել բաց խաղաքարտերով, նա ցանկացած հարց այնպես է լղոզում, որ սատանան անգամ գլուխ չի հանի, թե ինչ է ասում Ալեքսանյանը, ինչի համար ու ինչ նպատակով: Նա լավ գիտի վարչապետի, նախագահի, գլխավոր դատախազի, բոլոր-բոլորի տեղը, բոլորի հետ տարբեր մակարդակի հարաբերությունների ունի, բայց միշտ մնացել է կենտրոնախույս ու երբեւէ թվացյալ վտանգ ներկայացնող հարցին մոտ չի գնացել՝ այդպիսով դառնալով Լֆիկ Սամոն, ներկայումս Հայաստանի համար առաջին օլիգարխը, որին տրված է ցանկացած հնարավորություն ու արտոնություն, բնականաբար՝ հատուցման սկզբունքով:

Հենց այս համատեքստում է, որ խիստ տարօրինակ են պնդումները, թե Սամվել Կարապետյան-Սերժ Սարգսյանի դիլեման Ալեքսանյանը լուծել է հօգուտ առաջինի, ընտրել է Կարապետյանին եւ այլն, եւ այլն: Կարելի է չկասկածել, որ Ալեքսանյանն այդ տիրույթում է հայտնվել ակամայից, գուցե անգամ ինչ-ինչ պլանավորումների արդյունքում:

Խնդիրն այն է, որ Հայաստանում ֆինանսատնտեսական ռեսուրսները ամբողջությամբ բաշխված են հաշված մարդկանց մեջ եւ անառարկելիորեն Ալեքսանյանն անվիճելի առաջատար է, ով կարող է իր ունեցած կարողությամբ Հայաստանում անգամ դրամավարկային քաղաքականություն թելադրել: Չի բացառվում, որ նրան այսպես ասած տեղավորում են հակառակորդի դաշտում, որպեսզի ավելի հեշտ լինի նրան պահանջներ ներկայացնելը, նրանից ինչ-որ բաներ պոկելը:

Այս համատեքստում ամենեւին պատահական չեն Ալեքսանյանի շուրջ կամ նրա անվան հետ ուղեկցվող գործընթացները: Մամուլում հրապարակում եղավ, ըստ որի «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են: «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ «Նեմիրոֆ» օղու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Սահակյանի ընկերությունն է:

Սակայն կարելի է չկասկածել, որ Ալեքսանյանը ամեն օր, օրը մի քանի անգամ բախվում է սույն խնդրին, նա կեղծում ու կապկում է ամեն ինչ՝ օղիներից սկսած, կոնֆետներից վերջացրած, հետեւաբար որեւէ մեկը հաստատ նրանից պատասխանատվություն կպահանջեր, սակայն այդ բոլորը խնամքով թաքցվում է: Մյուս կողմից բոլորը գիտեն՝ ով է Արման Սահակյանը, ում ընկերն է նա, ինչ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի եւ այլն:

Ուշագրավ է նաեւ տեղեկությունը, որ նույն Սահակյանը հնարավոր է իրեն պատկանող Կրպակ խանութների ցանցը վաճառի Ալեքսանյանին, ինչը չի հերքվել նաեւ Սահակյանի կողմից: Հենց այստեղից է, որ կազմակերպված գործողությունների հոտ է գալիս, մի կողմից դատական հայցով վախեցնում են, մյուս կողմից պարտադրում գնել խանութների ցանցը: Իսկ մենք գիտենք, թե սովորաբար նման վաճառքներն ինչպես են կայանում, սա ոչ թե դասական առեւտուր է լինելու, գնորդը իրավունք չի ունենալու սակարկել գինը, որը կպահանջեն իրենից եւ որը հենց այն ռեսուրսների տնօրինումն է լինելու իշխանության կողմից, ինչի մասին խոսում էինք վերեւում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: