Թիվ է՝ կրակում են, կարևորը «հորթի հրճվանքն» է

Oct 29, 2017 Comments Off on Թիվ է՝ կրակում են, կարևորը «հորթի հրճվանքն» է

Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրների վարչապետերը երեկ մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում էին եվրասիական տարածքում վարորդական իրավունքների ընդհանուր կանոնների, նավթի, գազի ընդհանուր շուկա ստեղծելու և այլ հարցեր, լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Օրակարգի բոլոր հարցերը քննարկվել են և ընդունվել են համապատասխան որոշումներ», – նշեց Հայաստանի նախկին վարչապետը՝ շարունակելով․ – «Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքների հետ կապված հարցը և այդ կապակցությամբ համակարգային մոտեցումը հետևյալն է․ մենք նախապատրաստելու ենք համաձայնագիր ընդհանուր կանոնների մասին, որովհետև վարորդական իրավունքների հարցում տեղի են ունենալու հիմքային փոփոխություններ, կապված նրա հետ, որ ստեղծվում են նոր տեսակի մեքենաներ, որոնց վերաբերյալ վարորդները պետք է նոր գիտելիքներ ունենան: Քննարկվել է նաև նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը: Քննարկել ենք, թե ինչպես է տեղի ունենալու նավթի, գազի տեղափոխումը, որպեսզի այդ ոլորտներում բնական մոնոպոլիաների առկայությամբ ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև ստեղծենք մեխանիզմներ, թե ինչպես են նավթն ու գազը վաճառվելու երրորդ երկրներ և արդյոք հնարավոր կլինի գների ընդհանուր քաղաքականություն վարել: Քննարկվել է նաև շաքարի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը»:

Խորհրդի նեղ կազմով հանդիպումը, որ փակ էր լրատվամիջոցների համար տևեց շուրջ երկու ժամ, դրանից հետո ընդլայնված կազմով նիստին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային համակարգերի ներդրման կարևորությանը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: «Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, տրանսպորտային ու կոմունիկացիոն հարցերն առավել քան արդիական են: Ակնկալում ենք, որ ճանապարհային քարտեզի իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը», նշեց Կ.Կարապետյանը:

Ուշագրավ է, որ այս նիստից օրեր առաջ ԵՏՄ անդամ Ղրղըզստանի նախկին նախագահը մեղադրել էր Ղազախստանի իշխանություններին հանրության միջոցները մսխելու մեջ, ինչից հետո ղազախական սահմանին լուրջ խոչընդոտներ էին ստեղծվել քաղաքացիների ու բեռների տեղափոխման համար: ԵՏՄ-ի անդամ երկու պետությունների միջև լարվածությունն արտահայտվեց նաև այսօրվա նիստում: Ղրղըզստանի նորանշանակ վարչապետը մեղադրեց Ղազախստանին պարտավորությունները չկատարելու մեջ: «Պե՞տք է արդյոք լինեն այս խնդիրները, համապատասխանո՞ւմ է արդյոք դա մեր գործընկերության ոգուն, այն համաձայնագրին, որ մենք կնքել ենք: Ո՛չ, չի համապատասխանում», – հարց բարձրացրեց Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովը: Ղազախստանի վարչապետն էլ, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, պնդեց, որ ղրղըզական կողմը թերանում է սահմանին վերահսկողության ու փաստաթղթավորման հարցում, ինչն էլ բերել է ղազախական կողմից հավելյալ ստուգումների անհրաժեշտության:

Երեկ, սակայն ամենաուշագրավն այն էր, որ Հայաստան- Ռուսաստան կառավարական պատվիրակությունների հանդիպմանը ներկայացվեցին ապրանքաշրջանառության աճի տարբեր թվեր: Ըստ Կարեն Կարապետյանի, այդ տարվա 8 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Դմիտրի Մեդվեդևն ասաց, թե ինքն ավելի լավ թիվ ունի՝ աճը ոչ թե 23.5, այլ 30 տոկոս է կազմել: Հայաստանի վարչապետն ավելի արժանահավատ համարեց հենց Մեդվեդևի ներկայացրած թիվը: Կասկածի տակ դնելով Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալները՝ Կարապետյանը հայտարարեց՝ միանշանակ կողմ է, որ օգտագործեն Ռուսաստանի վարչապետի ներկայացրած վիճակագրությունը։

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը անշեղորեն աճում է: Մենք հենց նոր Դմիտրի Անատոլևիչի հետ հասցրել ենք ֆիքսել, որ այս տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառությունը աճել է 23.5 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ ապրանքաշրջանառության աճի հնարավորությունները բավականին մեծ են, մենք հսկայական չօգտագործած պոտենցիալ ունենք։ Դա ապացուցում են վերջին շրջանում միջգերատեսչական մակարդակով մեր գործընկերների հաճախակի հանդիպումները: Մշակվում են բավական հեռանկարային առաջարկություններ»։

Դմիտրի Մեդվեդևն էլ, ոչ ավել, ոչ պակաս, որոշեց հենց խոսքի սկզբում ուղղել Կարեն Կարապետյանին․ «Կարեն Վիլհելմովիչ, հարգելի գործընկերներ, ես ավելի լավ թիվ ունեմ, քան ձերը: Հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը աճել է 30 տոկոսով: Առաջարկում են հետագայում հենց այդ թիվն էլ օգտագործել: Դա նշանակում է իրականում, որ տնտեսական դժվարությունների շրջանը մեր երկրները հաղթահարել են՝ ապրանքաշրջանառությունն է կայունանում, հուսամ նաև, որ ապրանքաշրջանառությանը չի զիջի ներդրումային համագործակցությունը»։

Մեդվեդևի խոսքով, այդ շահավետությունը մեծապես պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությունում բազմակողմ համագործակցությամբ․ – «Ապրանքաշրջանառության աճը ապացույց է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»: «Ես միանշանակ կողմ եմ, որպեսզի օգտագործենք Ձեր վիճակագրությունը, մանավանդ, որ մենք առիթ ունենք կասկածելու, որ մեր վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշ ցուցանիշներ», – ասաց Հայաստանի վարչապետը:

Ի դեպ, Մեդվեդևը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճից խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում, Դմիտրի Մեդվեդևն «ուրախությամբ» տեղեկացրել է, որ «երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է,քան նշել է նախագահը՝գրեթե 30 տոկոս»:

Մինչդեռ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը, ըստ ԱՎԾ պաշտոնական կայքի, այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հունվար-օգոստոս ամիսների համեմատ, աճել է 23.5 տոկոսով: Ընդ որում, ծառայության կայքում նշված է, որ այդ հաշվարկների հիմքում պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալներն են՝ բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության:

Դե իսկ ԱՎԾ-ից հրաժարվում են մեկնաբանել վարչապետերի հանդիպման ընթացքում հնչած հայտարարությունները: Հիմա ո՞ր թվերն են ավելի արժանահավատ՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի վարչապետի ներկայացրածը…

Երեկ ԱԺ-ում այս հարցին փորձել է պատասխանել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Սակայն նա այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել, թե ներկայացված թվերն ինչու են այսքան տարբեր․ «Եթե համաշխարհային տնտեսության բոլոր արտահանումները և ներմուծումները մենք գումարում ենք, տեսականորեն պետք է ստացվի հավասար թիվ, սակայն երբևէ հավասար թիվ չի ստացվում: Կան որոշակի խնդիրներ՝ կապված արտահանման-ներմուծման վիճակագրությունների հետ: Կոնկրետ տվյալ դեպքում Ձեր հարցի վերաբերյալ Ձեզ կտրամադրվի տեղեկանք»:

Պարզ է մեկ բան, ապրանքաշրջանառության աճի ավելի բարձր ցուցանիշներ են ներկայացվում հատուկ նպատակով, ցանկանալով ցույց տալ, թե տեսեք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ինչ առավելություններ տվեց Հայաստանի Հանրապետության տնտեսությանը:

Բացի այդ, Հայաստանի իշխանության, հենց Կարեն Կարապետյանի համար պետք է ուղենշային լինեն ԱՎԾ-ի ներկայացրած թվերը: «Հորթի հրճվանք» ապրել Մեդվեդևի ներկայացրած «30 տոկոսից», լավ հասկանալով, որ իրական կյանքում չկան նման ցուցանիշներ, իսկապես, զավեշտ է: Ու եթե հիմքը թիվ կրակելն է՝ կարելի է 50 տոկոս էլ կրակել, ի՞նչ է եղել…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: