Ընդդեմ Ալիևի հիստերիայի

Oct 29, 2017 Comments Off on Ընդդեմ Ալիևի հիստերիայի

Ադրբեջան-Եվրախորհուրդ հարաբերություններում սկանդալային իրադարձությունների պակաս վերջին շրջանում չի զգացվում: Երեկ ստացվեց հերթական սենսացիոն տեղեկությունը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Ադրբեջանի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադրին ազատ արձաելու համար։

Այսպիսով, Եվրախորհուրդն Ադրբեջանին տեղեկացրել է իրավական գործընթաց սկսելու վերաբերյալ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին, որ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել այդ երկրի դեմ՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի դատավճիռը չիրականացնելու հետ:

Այս մասին ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրության մեջ: 2014թ. ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Մամեդովի ձերբակալությունը և ազատազրկումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված: Մասնավորապես, դատարանը գտել էր, որ Մամեդովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունի լռեցնել նրան: Ուստի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ազատ արձակել ընդդմիադիր գործչին: Դրանից անցել է ավելի քան 3 տարի, մինչդեռ Մամեդովը շարունակում է մնալ բանտում:

Նախարարների կոմիտեն երեկ որոշել է առաջին անգամ սկսել 2010թ. ներկայացված գործընթացը, որի համաձայն գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որոշելու՝ արդյոք վճիռը չկատարելը նույնպես կոնվենցիայի խախտում է համարվում: Երեկ ընդունված միջանկյալ բանաձևում կոմիտեն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել՝ գրավոր ձևով իր դիրքորոշումը հայտնելու համար: Քանի դեռ ՄԻԵԴ դատավճիռը չի իրականացվել, դեկտեմբերի 5-ին Նախարարների կոմիտեն կքննարկի հաջորդ միջանկյալ բանաձևը՝ գործը ՄԻԵԴ վերադարձնելու վերաբերյալ:

Եթե բանտարկված ընդդիմադիրը, ով 2013 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։

Շաբաթներ առաջ, հիշեցնենք, որ Ալիևը սպառնաց դուրս գալ ԵԽ-ից, նշելով, որ, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, ոչինչ իրենց կյանքում չի փոխվի: ԵԽ-ում տրամադրություններն ակնհայտորեն սկսել են ազդել Ադրբեջանական վերնախավի վրա, այստեղ անցել են ԵԽ-ին շանտաժի ենթարկելու քաղաքականության:

Եվրոպայի Խորհրդից դուրս գալու որոշումը կախված է բացառապես Ադրբեջանի կամքից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. «Ադրբեջանը համբերատար է: Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած քայլ ձեռնարկել ի շահ իրեն: ԵԽԽՎ-ում և Եվրոպայում ոչ ոք չի ուզում, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի Խորհրդից, ուստի հարցը չի կարող դրվել այդ կառույցից Ադրբեջանի դուրս գալու ձևով»:

Ի դեպ, մի ուշագրավ դեպք՝ Ադրբեջանի վերաբերյալ քվեարկության առնչությամբ: Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց երկու հակաադրբեջանական բանաձև: Դրանցից մեկը «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» խորագրով զեկույցն է, որի օգտին կողմ քվեարկածների թվում եղել են նաև Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ) պատգամավորներ Դենիզ Բայքալը, Գյուլսուն Բիլգյահանը և Իլհան Քեսիչին:

ԺՀԿ-ի մամլո ծառայությունը haqqin.az-ի հետ զրույցում, մեկնաբանելով կուսակցության պատգամավորների, այդ թվում նաև նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի կողմից Ադրբեջանի դեմ քվեարկելը, հայտնել է, որ կուսակցությունը բոլոր միջազգային կառույցներում գտնվել է Ադրբեջանի կողքին: ԺՀԿ-ի մամլո ծառայությունը տվյալ քվեարկության փաստը որակել է որպես իր նախկին առաջնորդի կողմից թույլ տված թյուրիմացություն և խոստացել է հարցը քննարկել Դենիզ Բայքալի հետ: Կուսակցության մամլո ծառայությունը հայտնել է, որ ԺՀԿ-ի ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև նախկին բոլոր առաջնորդները մշտապես աջակցել են Ադրբեջանին և հետևել են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդին, որ Ադրբեջանի ցավը նաև իրենց ցավն է, իսկ նրա ուրախությունը՝ իրենց ուրախությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: