Սուտը բռնվեց

Oct 27, 2017 Comments Off on Սուտը բռնվեց

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև  գազի գնի հարցը:Կարապետյան-Մեդվեդև  հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ ՌԴ-ից մատակարվող  գազի գինը 2018 թվականին Հայաստանի համար կմնա անփոփոխ:

«Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- նշել էր Մեդվեդեւը: Մեդվեդևի  այս հայտարարության մեջ կա հստակ ակնարկ, որ գազի գինը կարող էր բարձարացվել, սակայն ռուսական կողմը բարի կամք է  դրսևորում՝ գինը թողնելով անփոփոխ՝ հազար խմ-ի համար 150 դոլար:

Սրանով փաստացի բացահայատվում է ՀՀ իշխանությունների հերթական սուտը:

 

Ժամանակին, երբ խոսվում էր ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անադամակցելու հարցի մասին, որպես կարևոր տնտեսական առավելություն, նշվում էր գազի  մատչելի գինը:  ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված է, որ  Հայաստանը ՌԴ-ից գազ  պետք  է ստանա Ռուսաստանի ներքին գնով: Եվ քանի որ գազի ներիքն գնի բարձրացում ՌԴ շուկայում  տեղի չի ունեցել, հետևաբար Հայաստանի համար գազի գնի վերանայման հարցը կարող էր քննարկվել միայն գնի իջեցման համատեքստում:Բայց արի ու տես, որ Մեդվեդևը բացահայտում է գաղտնիքը. Ստացվում է, որ  այլ պարամետրերի անցնելու պայմանավորվածություն է եղել, որը Հայաստանի իշխանությունը թաքցրել է ժողովրդից:

 

ՌԴ վարչապետի պատվիրակության կազմում Հայաստան այցելած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, որ գազի  սպառումը Հայաստանում ավելացել է.  2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումները աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով: Գազն այն ապրանքն է, որի գնի մեջ սպառման ծավալների աճը կարևոր նշանակություն ունի: Սպառման աճը բավարար հիմք էր գնի իջեցման համար, սակայն նման բան տեղի չունեցավ և մենք պետք է գոհ ու շնորհակալ լինենք, որ գնի բարձրացում  չունեցանք:

ՀՀ-ում գազի գինը, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ համեմատ, բարձր է: Ռուսական կողմի պատճառաբանությունն այստեղ հետևյալն է՝ գազը Հայաստան է հասնում տարանցիկ ճանապարհով՝ Վրաստանով, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Բացի այդ՝ Հայաստանի շուկան փոքր է և սպառման ծավալները մեծ եկամուտ չեն ապահովում: Ընդ որում, վերջին տարիներին Հայաստանում ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները անկում էին ապրում, եթե այս տարի աճ է գրանցվել՝ արդեն դրական է:

Սակայն գազի գինը երբեք ու երբեք զուտ տնտեսական գործոն չէ. այն նախ և առաջ քաղաքական հզոր գործիք է: Եթե գազը զուտ տնտեսական գործոն լիներ, ապա Հայաստանը գազը, հեռավոր Ռուսաստանից ներմուծելու և այն երեք պետության տարածքով տարանցելու փոխարեն, կներմուծեր հարևան Իրանից: Ընդ որում, իրանական կողմը տարբեր առիթներով հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին գազ տրամադրել շուկայականից էժան գնով: Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա ըստ փորձագիտական հաշվարկների՝ 1000 խմ գազը սահմանագլխին 150 դոլարի փոխարեն  կարող է  մինչև 130 դոլար իջեցվել:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: