«Գազպրոմով»՝ «տղա բերելու» էֆեկտը

Oct 27, 2017 Comments Off on «Գազպրոմով»՝ «տղա բերելու» էֆեկտը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի միջև կայացած բանակցությունների արդյունքում ռուսական կողմը հայտարարեց առանցքային նշանակություն ունեցող արդյունքի մասին՝ Հայաստանի հետ սահմանին ռուսական գազը չի թանկանա և ողջ 2018թ․ ընթացքում «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմին» հազար խորանարդ մետրի համար կշարունակի վճարել 150 ԱՄՆ դոլար:

«Որոշում է կայացվել, որը, հավանաբար, առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար․․․ որոշումը հետևյալն է՝ 2018թ․ ընթացքում պահպանել [գազի] հատուկ գինը Հայաստանի համար, չնայած մինչ այդ մենք պայմանավորվել էինք փոքր-ինչ այլ չափանիշների մասին», – բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի վարչապետը: – «Կարծում եմ՝ սա կնպաստի Հայաստանի ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»:

Մեդվեդևը գին չնշեց: Գնի մասին հայտարարեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ով, ի դեպ, մոտ կես ժամ շուտ ժամանեց Հայաստանի վարչապետի նստավայր, և իր նախկին ենթակայի՝ «Գազպրոմի» գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ քննարկումների մեջ էր, մինչև կգար Դմիտրի Մեդվեդևը: «Այսօր բանակցությունների ժամանակ քննարկվել են 2018թ․ գազի մատակարարման պայմանները, և ընդունված որոշումը, ըստ որի Հայաստանի համար գինը կպահպանվի, նշանակում է, որ ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կկազմի 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց», ասաց «Գազպրոմի» գլխավոր տնօրենը: Միաժամանակ, Միլլերը հույս հայտնեց, որ այս տարի Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի ծավալները կաճեն ու կկազմեն 2.1 միլիարդ խորանարդ մետր:

Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012-ին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս:

Նշենք, որ իրանական գազը Հայաստանի բնակչությանը, ձեռնարկություններին չի հասնում: «Գազ-էլեկտրաէներգիա» գործարքի շրջանակում այն Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մի մասը փոխանցվում է Իրանին:

Եթե Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազի հազար խորանարդ մետրի գինը 150 դոլար է, ապա բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի: Ընդ որում, սահմանից մինչև մեր բնակարաններ գազը հասցնում է 2013թ․-ից ամբողջովին «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հետևաբար, սահմանին գազի գինը թողնելով անփոփոխ՝ «Գազպրոմը» իր համար է անփոփոխ թողնում գինը:

Թե սահմանին ռուսաստանյան գազի գնի անփոփոխ մնալը արդյոք նշանակու՞մ է, որ գինը չի բարձրանա նաև հայաստանյան բնակիչների, ձեռնարկությունների համար, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի վարչապետերը չմանրամասնեցին: Այստեղ է, թերևս, թաքնված շան գլուխը: Երբ հարկ լինի՝ «գազպրոմականները» կարող են թանկացնել սակագները:

Այսքանն, ինչպես ասում են, Դմիտրի Մեդվեդևի այցի՝ «գազային» թեմայի վերաբերյալ:

Բոլորին է պարզ, որ Մեդվեդևի պաշտոնական այցը Երևան Կարեն Կարապետյանի համար առանցքային նշանակություն ուներ: Վստահաբար, Մեդվեդևի այցով ուղղակի որոշվել է Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան՝ 2018-ի գարնանից հետո:

Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայից «տղա բերեց»: Իր նախկին «շեֆերին» Երևան կանչելով՝ նա լուծում է իր հետագա պաշտոնավարման ապահովման հարցը:

Սերժ Սարգսյանը կարող է ցույց տալ, թե հիմա հակված է կայացնել Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման օգտին որոշում, բայց, ինչպես ասում են, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև մինչև 2018-ի գարուն դեռ շատ «ջրեր կարող են հոսել», և ամենևին էլ, պարտադիր չէ, որ Կարեն Կարապետյանի օգտին հոսեն:

Այլ հարց է, թե որքան վճռական է Մոսկվան՝ Կարեն Կարապետյանի մնալու հարցու: Եթե Մոսկվան վճռական է, ապա՝ Սերժ Սարգսյանի բացասական տրամադրվածության ֆոնին՝ ներքաղաքական «զարգացումները» մինչև գարուն չի կարելի բացառել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: