Պատուհա՞ս, թե՞ վարչապետ

Oct 25, 2017 Comments Off on Պատուհա՞ս, թե՞ վարչապետ

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը Բաքու կուղևորվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։

Կառավարության վարչակազմում դեռևս տեղեկատվություն չունեն Կվիրիակաշվիի այցի մանրամասների մասին: Նաև հայտնի չէ՝ Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի արդյոք Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:

Բաքու կուղևորվի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ իրենք այդ այցին հատկացրել են 2 օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում պատասխանելով Space հեռուստաալիքի թղթակցի հարցին։

Էրդողանը հավելել է, որ արարողությունից բացի, Բաքվում ինքը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Էրդողանի խոսքով՝ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մտադիր է գնացքով անցնել նոր երթուղով։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա ամենակարճ ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով, կդառնա ամենակարճ ուղին Եվրոպայի և Ասիայի միջև։ Ադրբեջանը զգալի ներդրումներ է անում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում։ Այդ միջանցքները նոր հնարավորություններ կբացեն Եվրասիայի տնտեսական զարգացման համար»,-ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող D8 գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայում իրականացվում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը հանդիսանում է խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ «TANAP գազատարը, որը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» մաս, 2018 թվականին շահագործման կհանձնվի»,-ընդգծել է նախագահը։

Այսպես, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվեց ուղիղ տասը տարի առաջ՝ երեք երկրների նախաձեռնությամբ: Մի ծրագիր, որից դուրս է մնացել Հայաստանը՝ օբյեկտիվ պատճառներով:

Բայց որքան պատճառներ կան, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանն ու այդ պատճառները մեր հարևանները չեն, որոնցից երկուսը գործում է ընդդեմ Հայաստանի:

Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի մյուս հարևանի՝ Իրանի հետ: Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրինակ դեկտեմբերին Բաքվում եռակողմ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։ Այս ֆորմատով, թե՛ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ֆորմատով համագործակցությունը բազմաշերտ է, ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք այդ համագործակցության կոնկրետ արդյունքներ:

Իսկ ի՞նչ արդյունքներ ենք տեսնում Հայաստանի կառավարության գործունեության մեջ՝ տարածաշրջանային քաղաքականության հարցում: Միայն խոսքեր, և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության մասին արձանագրումներ ու հավատարմության երդումներ: Ու սա այն դեպքում, երբ մեր հարևան երկրների իշխանությունները պարբերաբար հիշեցնում ու արձանագրում են Հայաստանի կարևոր դերն այս տարածաշրջանում:

Երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանում էր: Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորապես նշելով. «Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը»:

Քանի անգամ հարևան Իրանի իշխանությունները պետք է արձանագրեն, որ Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը… Ի՞նչ գործուն քայլեր է անում Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ… Դեռ որքա՞ն նա պետք է իր բոլոր ելույթներում արձանագրի Հայաստանի՝ բացառապես եվրասիական մշուշոտ ապագայի միակ ուղին՝ որպես զարգացման միակ տարբերակ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: