Սպառնալիքներ, վիրավորանքներ,ընդդիմությունն ու իշխանությունը լեզու չեն գտնում

Oct 25, 2017 Comments Off on Սպառնալիքներ, վիրավորանքներ,ընդդիմությունն ու իշխանությունը լեզու չեն գտնում

Երբ իշխանության նախաձեռնությամբ նոր Սահմանադրությունն  էր գրվում ու կառավարման նոր մոդել մշակվում, հեղինակներն ու իշխանականները դա բխեցնում էին ընդդիմադիրների շահերից՝ ասելով, թե պառլամենտական համակարգում ընդդիմության լայն լիազորություններ են տրվելու, մեծանալու է վերահսկողությունը նրա կողմից եւ այլ նմանատիպ հեքիաթներ։ Սակայն այսօր պարզ է դառնում, որ ընդդիմությունը սեփական նախաձեռնած օրինագծերը ԱԺ լիագումար նիստերին նույնիսկ քննարկման դնելու հնարավորություն չունի։

Ազգային ժողովն այսօր մերժեց սատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը՝ առաջացնելով ընդդիմադիրների վրդովմունքը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասին, որը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում:

Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելումուտ ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- ասաց Փաշինյանը:

Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն պատասխանեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող պատգամավորի պարտականությունն է տեսնել և ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի ժամկետայնության, սննդի որակի և այլ խնդիրներ: «Այս նախագծով հիմնական խնդիրը հետևյալն է․ դիցուք՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում է 1000 կալանավոր և դատապարտյալ:

Նրանց մեջ պայմանակորեն կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչն ունի բոլոր տեսակի տեսակցությունները սամանափակող որոշում: Պարոն Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատգամավորներին թույլ տալ նաև տեսակցել այն անձանց, որոնց մասով քննիչն ունի որոշում»,- պարզաբանեց ՀՀԿ-ական Մախմուդյանը։ ՀՀԿ-ն չցանկացավ, որ հարցը ընդգրկվեր մեծ օրակարգ ու քննարկվեր ԱԺ նիստերի ընթացքում։

«Ելքի» պատգամավորներն էլ պնդում էին, որ ընդգրկեն օրակարգ եւ քննարկումների ընթացքում փաստարկել երկկողմ մոտեցումները։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որտեղ նախագծի հեղինակները կարողացել են իրենց հարցերը հնչեցնել ու պատասխաններն ստանալ, հիմա նպատակահարմար չեն գտնում այն նորից քննարկել պլենար նիստում «Ելք» խմբակցության երկրորդ նախագիծը եւս մերժվեց մեծամասնության կողմից։ Այս անգամ Էդմոն Մարուքյանը ստանձնեց իշխանության դաստիարակչության գործը, նաբացատրեց՝ որն է իրական դեմոկրատիան, ինչին ստիպված եղան արձագանքել ՀՀԿ-ականները, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը։

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ իրենց դարդը լացեց, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղից ընդհատեց նրան, որից հետո նրանց միջեւ լեզվակռիվ սկսվեց: Նիստը նախագահողները հորդորում էին կոռեկտություն պահպանել:Օգնության հասավ կուսակից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նա կոչ արեց հանրապետականներին նստած տեղից «սպառնալիքներ» չհնչեցնել իրենց հասցեին: «Եթե ընդդիմության ներկայացրած մի նախագիծ ընդունել եք, չի նշանակում, որ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, հետո մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է էստեղից նման բաներ ասելը, հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղից սպառնալիքներ չհնչեցնեն, մեզ դժվար է սպառնալը: Սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեք»,- ասաց նա:

Դե, ինչ ընդդիմադիրները քաղում են այն պտուղները, որոնք ցանել են՝ մի մասը նոր Սահմանադրությանը ուղղակի աջակցությամբ, մյուսներն էլ դիմադրություն ցույց չտալու ձեւով։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: